ՀՀ կառավարությունը երեկ հավանության է արժանացրել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությունը: Ի՞նչ է ենթադրում այդ փաստաթուղթը: Այն կարգավորվում է կենսաթոշակային ապահովության բնագավառում ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիների իրավունքներին առնչվող հարաբերությունները: Եւ համաձայնագրի նախագիծն ուժի մեջ մտնելուց հետո ձեռք բերված աշխատանքային ստաժի համար կենսաթոշակը կնշանակի եւ կվճարի այն անդամ պետությունը, որի տարածքում ձեռք է բերվել ստաժը:
Այսինքն՝ այսուհետ Հայաստանում աշխատած հայերը կենսաթոշակ կստանան միայն Հայաստանից, Ղազախստանում աշխատածները՝ Ղազախստանից, իսկ Ռուսաստանի Դաշնությունում աշխատածները՝ ՌԴ-ից եւ այսպես շարունակ:
Սա իհարկե, տրամաբանական փաստաթուղթ է, քանի որ մարդը որ երկրին ծառայություն է մատուցել, այդ երկրից էլ պետք է թոշակային տարիքում ստանա «փոխհատուցումը»: Սա, իհարկե, ղազախների կամ ռուսների եւ ԵԱՏՄ մյուս անդամ երկրների բնակիչների կյանքում հազիվ թե էական բան փոխի, քանի որ հիմնականում նրանք թոշակ են ստանում իրենց երկրից, որտեղ աշխատել են, բայց հայերի դեպքում, ինչպես ավանդաբար, պատկերը այլ է: Շատ ՀՀ քաղաքացիներ ՌԴ քաղաքացիություն են ձեռք բերել տարբեր տարիներին եւ հիմա կենսաթոշակ են ստանում Ռուսաստանից:
Այդպես են արել, քանի որ Ռուսաստանի Դաշնությունում անհամեմատ ավելի բարձր է կենսաթոշակը եւ ձեռնտու է մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ց կենսաթոշակ ստանալը: Բայց այս նախագծով, փաստորեն, փակվում է այդ հնարավորությունը, եւ այլեւս որեւէ մեկը չի կարողանա ողջ կյանքը Հայաստանում աշխատել, բայց կենսաթոշակային տարիքը լրանալու ժամանակահատվածում քաղաքացիություն փոխել եւ կենսաթոշակ ստանալ ՌԴ-ից:
«Ժողովուրդ» թերթ
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: