Արշալույս Զուրաբյանի հրապարակումը.
«Սայաթ-Նովայի թե՛ մանկության, թե՛ մահվան մասին գոյություն ունեն հետաքրքիր, բայց կցկտուր տեղեկություններ եւ նույնիսկ մասնագետներն են դժվարանում եղած իրարամերժ տեղեկություններից առանձնացնել արժանահավատ փաստերը:
Ըստ Սայաթ-Նովայի գրական ժառանգության առաջին ուսումնասիրող Գ. Ախվերդյանի հաշվարկների՝ հայորդին ծնվել է 1712 թ.: Հովհաննես Թումանյանը ևս կատարել է իր հաշվարկները՝ հռչակավոր աշուղի ծննդյան թիվը համարելով 1713 թ․:
Ծննդավայրի հարցը նույնպես վիճելի է։ Հետազոտողներից ոմանք աշուղի ծննդավայրը համարում են Թիֆլիսը: Պատմաբան, հնագետ, բանասեր, սայաթնովագետ Մորուս Հասրաթյանը գտնում է, որ Սայաթ-Նովայի մանկությունն անցել է մոր հայրենիքում` Լոռիում, որտեղ էլ՝ Սանահինի նշանավոր դպրատանը, ստացել է նախնական կրթությունը: Ականավոր գիտնականը հենվում է այն փաստի վրա, որ Սայաթ-Նովայի հայերեն խաղերում Թիֆլիսի բարբառին զուգահեռ առկա է նաեւ Լոռվա բարբառը:
Շրջանառության մեջ է նաեւ այն վարկածը, ըստ որի Արութինը ծնվել, մանկությունն անց է կացրել եւ առաջին անգամ գրել-կարդալ սովորել Նախիջեւանի Ագուլիս ավանում:
Թուրքերեն խաղերից մեկում Սայաթ-Նովան գրում է, որ իր հայրը հալեպցի է, մայրը` հավլաբարցի (XVIII դարում Հավլաբարը Թիֆլիսի արվարձանն էր): Հոր անունը եղել է Կարապետ, մոր անունը` Սառա: Կինը՝ Մարմարը, Լոռվա Իգիհաթ գյուղի բնակիչ Շահվերդու աղջիկն էր: Ունեցել է 4 զավակ` Մելիքսեթ, Օհան, Սառա ու Մարիամ անուններով:
Ըստ Գ. Ախվերդյանի` Սայաթ-Նովան Թիֆլիսի պաշտպանների շարքում զոհվել է պարսից ներքինի Աղա Մահմադ խանի արշավանքի ժամանակ (1795թ.): Սակայն, վրաց աղբյուրներում պահպանվել է մի հետաքրքիր փաստաթուղթ, ըստ որի աբեղա Իոնե Խելաշվիլին Էջմիածնից Թիֆլիս վերադառնալիս՝ Հաղպատի վանքում հյուընկալվել և երկար զրույց է ունեցել ծերունի Սայաթ-Նովայի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել է 1800-ին, այսինքն Գ. Ախվերդյանի նշած տարեթվից հինգ տարի անց:
Պահպանվել է նաեւ վրաց արքայազն Թեյմուրազի (1782-1846) հետևյալ հիշատակումը. «Այսպես, Սայաթ-Նովան Էրեկլե 2-րդի ժամանակ ճորտագրված էր Գեորգի 12-րդի մոտ։ Նա Վրաստանի հայերից էր՝ Գեորգի 12-ին պատկանող արքունական Սանահին գյուղից» (Գ.Լեոնիձե «Սայաթ-Նովա»): Ոմանք այս տեղեկության հիման վրա պնդում են, որ եթե Սայաթ-Նովան կենդանի է եղել Գեորգիի օրոք, որը գահ է բարձրացել 1799 թ., հոր՝ Հերակլ Բ-ի մահվան հաջորդ տարում, ապա 1795թ. չէր կարող Թիֆլիսում սպանված լինել:
Այս դեպքում, սակայն, պետք է ուշադիր կարդալ բնագիրը, որից հստակ երեւում է, որ աշուղը Հերակլ Բ-ի կենդանության ժամանակ եղել է Գեորգիի «հպատակը», երբ վերջինս հորն օգնում էր երկրի կառավարման գործում՝ իրականացնելով այդ ժամանակ Քարթլի-Կախեթիի կազմի մեջ մտնող հայկական շրջանների կառավարումը:
1795-ի պարսկական արշավանքից եւ Սայաթ-Նովայի «անհետացումից» հետո՝ ու՜ր ասես, որ չեն հասցրել մեր սիրելի բանաստեղծին՝ է՛լ Իրան ու Հնդկաստան, է՛լ Չինաստան․․․
Անդրադառնալով Սայաթ-Նովայի մահվան ու մահարձանի խնդրին՝ Հ. Թումանյանը գրել է.«Ինչ-որ գիտենք, գիտենք հանգուցյալ Գեւորգ Հախվերդյանի գրած կենսագրությունից եւ մինչեւ օրս էլ ոչ մի տեղեկություն չի ավելացել նրա վրա: Սակայն, Գեւորգ Հախվերդյանի տված կենսագրությունը շատ է պակասավոր»:
Թումանյանը հիմք ընդունելով աշուղի մահվան ու գերեզմանի մասին Թիֆլիսում շրջանառվող ժողովրդական պատումը, ըստ որի Սայաթ-Նովան մահացել է պարսից արշավանքի ժամանակ եւ թաղված է Խոջիվանքի դռան մոտ, «որոնումներ է կատարում եւ համոզվելով, որ գտել է գերեզմանը, այնտեղ դնել է տալիս մահարձան»: Շրջանառության մեջ է նաեւ այն վարկածը, ըստ որի աշուղի մահարձանը դրվել է մի վայրում, ուր թաղված է Հաղպատի հոգեւոր առաջնորդ Դավիթ սրբազանը:
Որտե՞ղ է մահացել Մեծն աշուղը եւ որտե՞ղ է նրա գերեզմանը։ Այս հարցերի վերջնական պատասխանը դեռ չի տրվել»: