Վահե Գրիգորյանը ԱԺ-ի գործունեությունը գնահատելու իրավունք չունի.Վ. Վարդանյան. parliamentmonitoring.am
Advertisement 1000 x 90

Վահե Գրիգորյանը ԱԺ-ի գործունեությունը գնահատելու իրավունք չունի.Վ. Վարդանյան. parliamentmonitoring.am

Հարցազրույց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Վլադիմիր Վարդանյանի հետ:

Սահմանադրական դատարանը վարույթ չընդունեց ՍԴ նախագահին պաշտոնանկ անելու մասին ԱԺ դիմումը։ Ինչպե՞ս եք գնահատում ՍԴ-ի՝ դիմումը մերժելու հիմքերը:

Ամերիկյան գերագույն դատարանի մասին ասված մի լավ խոսք կա՝ ԱՄՆ գերագույն դատարանը շտկել է հազարավոր դատարանների սխալները և հավերժացրել իր սեփական սխալները։ Այդպես նաև Հայաստանի Սահմանադրական դատարանը հավերժացնում է իր սեփական սխալները։ Մենք, իհարկե, ենթադրում էինք, որ ՍԴ-ից կարող էինք ստանալ նաև բացասական որոշում, բայց ոչ դիմումի ընդունելության փուլում: Սա, իրոք, զարմանալի էր: ՍԴ-ն այս փուլում նման լիազորություն չուներ։ Դատարանը պարզապես պետք է ուսումնասիրեր նյութը, տեսներ՝ դիմումում բարձրացված հարցերը ենթակա՞ են քննությանը, թե ոչ, ուսումնասիրեր՝ պահպանվե՞լ են ՍԴ դիմելու վավերապայմանները, ու կայացներ որոշում։ Այն, ինչ ստացել ենք, ոչ Սահմանադրական դատարանի, ոչ էլ սահմանադրականության հետ աղերս չունի։ Կարող ենք արձանագրել, որ Սահմանադրական դատարանը խուսափողական մոտեցում է որդեգրել, այսինքն՝ խուսափում է պարզ հարցերով իրականացնել սահմանադրական արդարադատություն։ Ինչ վերաբերում է հիմքերին, որոնք բարձրացված են ՍԴ-ի աշխատակարգային որոշման մեջ, ապա դրանք իրարամերժ են։ Առաջին՝ ՍԴ-ն ասում է՝ ժամկետ ենք խախտել։ Ենթադրենք՝ դա համապատասխանում է իրականությանը, չնայած մենք համաձայն չենք դրա հետ։ Բայց մյուս հիմքով նշվում է, թե մինչև ՍԴ-ն համապատասխան դատավորին կարգապահական պատասխանատվության չենթարկի, Ազգային ժողովը չի կարող այդ հիմքով դիմել ՍԴ։ Հարց է առաջանում՝ եթե ՍԴ-ի որոշումը, իրոք, խոհեմ է, հիմնավորված և բխում է Սահմանադրությունից, ապա ի՞նչ նպատակ կար անդրադառնալ ժամկետների պահպանմանը, եթե մեկ այլ հիմքով ասում են՝ դուք իրավունք չունեիք ընդհանրապես այս հիմքով դիմել։ Եթե ԱԺ-ն չէր կարող այս հարցով դիմել Սահմանադրական դատարան, ապա ի՞նչ իմաստ ուներ անդրադառնալ հարցին՝ ԱԺ-ն դիմումը ներկայացնելիս պահպանե՞լ է ժամկետները, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է դատավոր-անդամ եզրույթի սոփեստական մեկնաբանությանը, ապա ԱԺ-ի դիմումի մեջ որևէ տող չկա դատավոր-անդամ փոխհարաբերությանը ՍԴ-ի գնահատականի մասին: Ավելին, նշել ենք, որ այս դիմումի շրջանակում դատավոր նշանակում է անդամ, անդամ նշանակում է դատավոր, և այս փուլում այս վեճին չենք անդրադառնում, մինչդեռ, ՍԴ-ի աշխատակարգային որոշման 16 էջից 6-ը վերաբերում է դատավոր-անդամ փոխհարաբերությանը։ ՍԴ-ն կարող է որևէ հարցի անդրադառնալ, եթե այդ մասին նշված է դիմումում, իսկ մենք չենք նշել: ՍԴ-ն չունի վերադաս, բայց պարտավոր է առաջնորդվել իր լիազորություններով, իսկ այդ լիազորություններից որևէ մեկով չունի ԱԺ-ին որևէ լիազորությունից զրկելու իրավունք:

Ասացիք, որ ՍԴ-ից սպասում էիք նաև բացասական պատասխան: Ուրեմն, ի՞նչ իմաստ կար դիմելու ՍԴ, ավելին, այսօր Ձեզ մեղադրում են գործընթացը ձախողելու համար։

Ես ուզում եմ միանգամից պատասխանել իմ հասցեին հնչած մեղադրանքներին. հարգարժա՛ն պարոնայք իրավաբաններ, երբ դիմում եք դատարան, գիտե՞ք որոշման արդյունքը, թե՞ ոչ։ Փաստաբանության մասին օրենքը ընդհանրապես արգելում է փաստաբանին երաշխավորել գործի ելքը, ինչ է նշանակում՝ եթե գիտեիք, ինչո՞ւ եք դիմում։ Այսինքն՝ եթե մենք ունեինք համապատասխան հիմքեր, որ Սահմանադրական դատարանը կարող էր մերժել այս դիմումը, ապա հիմքեր ունեինք նաև ենթադրելու, որ կարող էր դիմումին ընթացք տալ ու որոշում կայացնել։ Սա սոփեստական մոտեցում է, որն արտահայտում են մարդիկ, որոնք իրավագիտության հետ որևէ աղերս չունեն։

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն ինքն էլ ասաց, որ ԱԺ-ն անպտուղ գործունեությամբ է զբաղվում։

Ինչ վերաբերում է Վահե Գրիգորյանին, ապա նա պետք է հասկանա, որ իրավունք չունի հարցազրույցի միջոցով գնահատականներ տալու ԱԺ-ի ծավալած գործընթացներին։ Դա իր լիազորությունների տիրույթում չէ։ Տեսեք՝ այն, ինչ տեղի է ունենում ՍԴ-ում, ներառյալ Գրիգորյանի ու մյուս դատավորների հարաբերությունները, դա ՍԴ-ի ներքին գործն է, մենք չենք կարող դրան խառնվել։ Այդպես էլ որևէ մեկը ԱԺ-ին այս հարցի վերաբերյալ չի կարող խորհուրդ տալ։ Ունեի՞նք իրավասություն ՍԴ դիմելու, ունեինք, առաջնորդվե՞լ է ԱԺ-ն Սահմանադրությամբ ու ԱԺ կանոնակարգով, առաջնորդվել է։ Մենք առաջնորդվել ենք ընթացակարգով, որը նախատեսված է օրենքով։ Եթե Վահե Գրիգորյանը համաձայն չէ դրա հետ, իր գործն է, և ճիշտ կլիներ այդ մասին խոսեր հենց Սահմանադրական դատարանում և ոչ թե հրապարակային հարցազրույցներում։

Ի՞նչ է սպասվում առաջիկայում, մտածո՞ւմ եք այլ գործընթացներ սկսելու մասին։

 -Այս գործընթացը ինքնանպատակ չէր, և որևէ այլ գործընթաց ինքնանպատակ չպետք է լինի։ Ի՞նչ Սահմանադրական դատարան ենք մենք ուզում։ Եթե Սահմանադրական դատարանը, որը իրավամբ ճգնաժամեր վերացնողն է, խորացնում է ճգնաժամը, եթե ՍԴ-ն իր որոշումների միջոցով խախտում է Սահմանադրությունը, ապա մեծ կասկած է առաջացնում այդ մարմնի լեգիտիմությունը։ Այս կարգի որոշումների կայացումը որևիցե եղանակով չի լուծում այն ճգնաժամը, որը ձևավորվել է Հայաստանում։ Սա ճգնաժամ է Սահմանադրական դատարանի շուրջ, որովհետև ՍԴ-ն կամ ապաքաղաքական իշխանություն է և առաջնորդվում է բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով, կամ գործում է որպես քաղաքական մարմին։ Եթե առաջնորդվում է առաջինով, ապա, այո, մենք ունենք Սահմանադրական դատարան, իսկ եթե ոչ, մենք ունենք քաղաքական կոնֆրոնտացիայի բաղկացուցիչ մաս։

Հրայր Թովմասյանը հայտարարել էր, որ ՍԴ-ի շուրջ զարգացումները քաղաքական են, և քաղաքական ճնշման փորձ է իրականացվում։

ճնշումները դատական իշխանության նկատմամբ անընդունելի են, բայց եթե անձը մեղադրվում է ինչ-որ հանցագործության մեջ, եթե կան հիմքեր, հարուցված է քրեական գործ, ու այդ ամենը դիտարկել որպես ճնշո՞ւմ…. չգիտեմ: Ուրեմն, ցանկացած անձ, որը մեղադրվում է հանցագործության մեջ, կարող է հայտարարել, որ ինքը ճնշման տակ է ու դրանով հիմնավորի իր անմեղությունը։ Մենք ուզում ենք, որ Սահմանադրական դատարանը լինի անկախ, անկախ գործադիրից, օրենսդիրից ու արտաքին ազդակներից։ Ուզում ենք ունենալ Սահմանադրական դատարան, որն առաջնորդվում է բացառապես Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորություններով։ Դատարան, որը ապահովում է երկրում իրավունքի գերակայությունը, որի ընդունած որոշումները պետք է այնքան համապատասխանեն իրավունքի որոշակիության սկզբունքին, որ որևէ մեկը կասկած չունենա ՍԴ-ի անաչառության հարցում։

Իշխանությունը ունի փաստեր, որ ՍԴ-ն արտաքին ճնշումների է ենթարկվում, և ա՞յդ պատճառով է փորձում լուծել ՍԴ-ի շուրջ ճգնաժամը։

ԱԺ-ի դիմումում ներկայացված հիմքերը վկայում էին, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, նախկինում լինելով ՀՀԿ անդամ, չի կարող դիտարկվել որպես անկախ դատարան։ Այս հիմքերին անդրադարձ չի կատարվել։ ՍԴ-ի այս որոշումը արջի ծառայություն էր Հրայր Թովմասյանին, որովհետև կասկածները, որոնք ԱԺ-ի առնվազն երկու խմբակցություն ներկայացրել էր, ՍԴ-ն չփարատեց։

ՍԴ-ին դիմելու գործընթացին զուգահեռ պատգամավոր Արման Բաբաջանյանը իրավապահներին Հրայր Թովմասյանի կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ հաղորդում ներկայացրեց։ ՀՔԾ-ն այդ հաղորդման հիման վրա իշխանության յուրացման հոդվածով քրեական գործ է հարուցել։ Դուք, որպես իրավաբան, տեսնո՞ւմ եք իշխանության յուրացման հիմքերը և ինչպե՞ս եք մեկնաբանում նման զարգացումները։

Արման Բաբաջանյանի դիմումին ծանոթ չեմ: Ինչ վերաբերում է հանցագործության մասին հաղորդմանը, ես չէ, որ պետք է դրան գնահատական տամ, որովհետև ամեն մեկս պետք է առաջնորդվի իր լիազորություններով, ես նման լիազորություն չունեմ։

Որոշ նախկին պաշտոնյաներ, որոնք այսօր զբաղվում են իրավապաշտպան գործունեությամբ, օրերս բողոքի ակցիա էին անում ԱԱԾ-ի դիմաց՝ հայտարարելով, թե քաղաքական ճնշումներ են իրականացվում Հրայր Թովմասյանի ու նրա ընտանիքի նկատմամբ։ Ձեր կարծիքով՝ կա՞ն ճնշման փորձեր։

Նման միջոցառումների իրականացումը վկայում է, որ հավաքների ազատությունը Հայաստանում պաշտպանված է։ Ինչ վերաբերում է նրանց դիրքորոշմանը, այո, նրանց մեծ մասը որոշակիորեն կապ է ունեցել նախկին իշխանության հետ։ Դա չի կարելի դիտարկել որպես սոսկ քաղաքացիական հասարակության դիրքորոշում։ Ես չեմ կիսում նրանց կարծիքը, բայց հարգում եմ հավաքներ անցկացնելու նրանց իրավունքը։

parliamentmonitoring.am



Նման նյութեր