Էլիբեկյանների շարքերը նոսրանում են
Advertisement 1000 x 90

Էլիբեկյանների շարքերը նոսրանում են

Մոսկվայում, կյանքի 84-րդ տարում , ծանր հիվանդությունից հետո իր մահկանացուն կնքեց հայ գեղանկարչության երևելիներից մեկը՝ Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ Հենրի Էլիբեկյանը։

Հենրի Էլիբեկյանը ծնվել է Թբիլիսիում, 1936 թվականի հունվարի 2-ին, անվանի թատերական գործիչ ու նկարիչ Վաղարշակ Էլիբեկյանի ընտանիքում։ Չափազանց ընդարձակ են Հենրի Էլիբեկյանի ստեղծագործական ընդգրկումները։ Երևի չկա կերպարվեստի մի բնագավառ, որին անդրադարձած չլինի։ Երևի դրանով է բացատրվում այն, որ Հենրին երկար ժամանակ չէր կարողանում կողմնորոշվել բարձրագույն մասնագիտական կրթություն ստանալու հարցում։ Նա երկու տարի դերասանություն է սովորել Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, ապա փոխադրվել Թբիլիսիի Շ.Ռուսթավելու անվան թատերական ինստիտուտի դերասանական և ռեժիսորական ֆակուլտետ։ Այդ ընթացքում նա դերասան աշխատեց Թբիլիսիի Ստ. Շահումյանի անվան դրամատիկական թատրոնում։ Հետո նորից վերադարձավ Երևան, որտեղ գեղարվեստա-թատերական ինստիտուտում հետևեց գծանկարի և քանդակի դասընթացներին, հետո որպես դերասան աշխատեց Կիևի հեռուստաստուդիայում, միևնույն ժամանակ Կիևի գեղարվեստանախագծային հատուկ բյուրոյում աշխատեց  որպես նկարիչ-գրաֆիկ և դիզայներ։ 1965 թվականին, արդեն երեսունին մոտ, վերջապես կողմնորոշվեց և ուսումը շարունակեց Երևանի  գեղարվեստա-թատերական ինստիտուտի գեղանկարչության բաժնում, որն ավարտեց 1967 թվականին։

Այս առումով ավելորդ չի լինի հիշեցնել, որ Թբիլիսիի թատերական ինստիտուտում Հենրի Էլիբեկյանի համակուրսեցին  էր աշխարհահռչակ ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ստուրուան։ Տարիներ անց, երբ Ռոբերտ Ստուրուան Երևան էր բերել Շ. Ռուսթավելու անվան թատրոնում իր բեմադրած Բերտրոլդ Բրեխտի «Կովկասյան  կավճե շրջանակ» ներկայացումը, տողերիս հեղինակը նրա հետ հարցազրույց էր վարում նորաբաց «Թիֆլիս» սրճարանում, որի գեղարվեստական ձևավորումը պատկանում էր Վաղարշակ Էլիբեկյանին։ Զրույցի ընթացքում նա հիշեց Հենրի Էլիբեկյանին և ասաց.«Հենրի Էլիբեկյանը նախապատվությունը տալով գեղանկարչությանը, ավելին՝ դառնալով մեր ժամանակների լավագույն  հայ  նկարիչներից մեկը, իր մեջ սպանեց ապագա  մեծ դերասանի ու ռեժիսորի։ Ափսոս…»։

Ի դեպ, Հենրի Էլիբեկյանի դերասանական տաղանդը առաջինը նկատել է գրող-հրապարակախոս Կորյուն Ազրոյանը, ով տակավին 1955 թվականին «Սովետական Վրաստան» թերթում տպագրված գրախոսականում բարձր է գնահատել նրա դերակատարումը Ա.Բաղդասարյանի «Արյունոտ անապատ» դրամայում։

Քանի որ հիշեցինք արվեստագետների կարծիքը Հենրի Էլիբկյանի մասին, կարծում ենք, տեղին է մեջբերել խորհրդային ականավոր արվեստաբան, նոր ու նորագույն արվեստի տեսաբան, պրոֆեսոր Դմիտրի Սարաբյանովի կարծիքը. «Հենրի Էլիբեկյանի ստեղծագործության մեջ զարմանալիորեն միմյանց են զուգորդվում գեղանկարչությունը, քանդակը, ճարտարապետությունը, բեմահարթակը, զգեստը, մեզ շրջապատող իրերն ու առարկաները։ Այդ համադրումից  ծնվում է տարածական առարկայական գործունեության մի նոր ոլորտ, որն այսօր առաջ է քաշում նաև ժամանակի հասկացությունը։ Նա միշտ որոնել և այսօր էլ որոնում է նոր համադրումներ։ Փնտրում է ոչ նրա համար, որ չի գտնում, այլ՝ որովհետև գտնում  է և գտնելով հանդերձ անմիջապես իրագործում։ Հենրին շռայլ նկարիչ է։ Նա ապրում է ոչ թե ստեղծածով, այլ ստեղծվելիքով։ Եվ շնորհիվ դրա նա դեռևս շատ բան ունի գտնելու»։

Նոր ձևերի նկատմամբ ունեցած ձգտումը Հենրիի մոտ ի հայտ է եկել տակավին նրա ստեղծագործական առաջին քայլերում։ 1960-ական թվականներին արդեն Հենրի Էլիբեկյանը հանդես էր գալիս որպես գրաֆիկ ու գեղանկարիչ, դիզայներ ու քանդակագործ։ Հետագայում նրան հնարավորություն տրվեց աշխատելու բեմանկարչության բնագավառում։ Այսպես, համարյա նույն ժամանակամիջոցում Հենրին հմտացավ կերպարվեստի բոլոր տեսակներում։ Ահա թե ինչու նրա գեղանկարչությունն իր մեջ կրում է գրաֆիկական կամ քանդակային լուծում։

Հենրի Էլիբեկյան։ Այս անունն այսօր հայտնի է աշխարհի շատ երկրների արվեստասերներին, քանզի նրա ստեղծած գեղանկարչական, գրաֆիկական գործերն ու քանդակները, բեմանկարչության նմուշները արժանացել են արվեստագետների ու նաև արվեստասերների ամենաբարձր գնահատականին։ Այդ գործերից շատերն այսօր իրենց մնայուն տեղն ունեն Հայաստանի պետական պատկերասրահի,Երևանի ժամանակակից արվեստի թանգարանի, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի, Վախրուշևի անվան թատերական կենտրոնական թանգարանի, Վրաստանի արվեստի պետական և ժողովուրդների բարեկամության թանգարանների մշտական ցուցադրանքներում, Հայաստանի  և արտերկրի մասնավոր հավաքածուներում։

Էլիբեկյանների նկարչական գերդաստանը կորցրեց ևս մեկին։ Բայց նա կապրի հավերժ քանզի այդ գերդաստանի նոր սերունդը՝ Հենրիի որդին՝ Վաղարշակ Էլիբեկյան-կրտսերը Ռոբերի տղաները՝ Արեգն ու Երվանդը վաղուց արդեն նկարչի համբավ ունեն։ Այո, Էլիբեկյանների նկարչական դինաստիան գոյատևում է, այն գնում է դեպի հեռուները։

Թող իմ այս գողտրիկ պատումը լինի ծաղկեպսակ  իմ մանկության ընկերոջ, հիանալի մարդու և տաղանդավոր նկարչի շիրիմին։



Նման նյութեր