AntiFake.am-ը Հայկ Մարությանի կառավարման մեկ տարվա կապակցությամբ հրապարակումների շարք է սկսել, որով ներկայացվել են նրա մի շարք խոստումներ (ՄԱՍ 1, ՄԱՍ 2, ՄԱՍ 3, ՄԱՍ 4, ՄԱՍ 5)։ Այս հրապարակմամբ կամփոփենք Հայկ Մարությանի նախընտրական խոստումների ընթացքի գնահատումը՝ առավել մանրամասն ներկայացնելով դրանք։ Բացի այդ, կներկայացվեն ծրագրային այլ կարևոր կետեր և կնշվեն, թե դրանք իրագործման որ փուլում են գտնվում։
Կատարվե՞լ է արդյոք հանրաքվեի ներդրման ինստիտուտի խոստումը
Հայկ Մարությանի նախընտրական ծրագրի ամենաառանցքային կետը, ըստ վերջինիս, ուղիղ ժողովրդավարության մոդելի ներդրումն էր, որն իրենից ենթադրում է հանրային մեծ հնչեղություն ունեցող հարցերի որոշում տեղական հանրաքվեներով։ Ըստ Մարությանի՝ այն հարցերը, որոնք հետաքրքրում են բոլորին, որոնք ունեն հանրային մեծ հնչեղություն, պետք է որոշվեն հանրաքվեների միջոցով։ Վերջինս համոզված էր, որ դա իր հերթին կբացառի «միանձնjա» որոշումների ընդունման պրակտիկան։
Հանրաքվեների անցկացումը պետք է իրագործվեր 2 եղանակով: Առաջին եղանակը թվայինն է, այն է՝ քաղաքապետարանի կայքում պետք է ստեղծվեր առանձին բաժին, որտեղ քաղաքացիները հնարավորություն կունենային քվեարկելու այս կամ այն հարցի համար։ Իսկ երկրորդ եղանակի դեպքում՝ «առավել մեծ և լայն հարցերի դեպքում», պետք է անցկացվեին «դասական քվեարկություններ»: Ըստ Մարությանի՝ նման հարցերի առկայության պարագայում, պետք է քվեարկության դրվեին միանգամից մի քանի հարցեր, ինչը թույլ կտար քիչ գումար ծախսել։
Թվային քվեարկություններ անցկացնելու նպատակով Մարությանը խոստացել էր քաղաքապետարանի կայքում առանձին բաժին ստեղծել։ Նշենք, որ թվային քվեարկությունը կիրառելի չէ, քանի որ քաղաքապետարանի կայքում մինչ այս պահը՝ Մարությանի պաշտոնավարումից մեկ տարի անց, ներկայացված չէ առանձին բաժին թվային քվեարկության համար:
Բացի այդ, Մարությանի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում եղել են այնպիսի հարցեր, որոնք կարող էին դրվել հանրաքվեի, սակայն չեն դրվել։ Օրինակ, քաղաքապետարանը բավականին թանկ գնով նոր տոնածառ էր գնել, և Մարությանը դա պատճառաբանել էր որպես հանրային պահանջի արդյունքում արված քայլ: Այս դեպքում հարց է առաջանում. արդյո՞ք Երևանի բնակչությունը պատրաստ էր 71 մլն վճարել նոր տոնածառ ունենալու համար, թե ոչ, այն դեպքում, երբ շուկայում կարելի էր գտնել ավելի մատչելի և գեղեցիկ տարբերակներ։ Նշենք, որ նման ճոխ գնումը միանշանակ չի ընդունվել երևանաբնակների կողմից, և եթե հանրաքվե չի անցկացվել, ապա ի՞նչ հիմքով է Մարությանը խոսում հանրային պահանջի առկայության մասին, կամ ո՞րն է հանրային պահանջի չափման միավորը:
Պետք է փաստենք, որ Մարությանի պաշտոնավարման մեկ տարվա ընթացքում հանրաքվեի անցկացման որևէ պրակտիկա չի գրանցվել, և դրա ներդրման համար քայլերը տեսանելի չեն։ Այստեղ հարց է առաջանում, եթե հանրային հնչեղություն ունեցող հարցերի լուծումները չեն որոշվել հանրաքվեների միջոցով, և երբ չունենք որևէ հանրաքվեի օրինակ, ապա արդյո՞ք վերացել է «միանձյա որոշումների ընդունման ինստիտուտը», թե՞ ոչ:
Ուստի ծրագրային այս կետը Մարությանի պաշտոնավարման առաջին տարում կարող ենք համարել չիրականացված:
Նշենք նաև, որ հոկտեմբերի 19-ին Հայկ Մարությանը ելույթ ունեցավ՝ ամփոփելով իր կառավարման մեկ տարին, որի ընթացքում ներկայացրեց Active Cityzen կայքը։ Մարությանի խոսքերով՝ կայքում յուրաքանչյուր երևանցի կարող է առաջարկել իր նախագիծը, որի համար երևանցիները կքվեարկեն, լավագույն նախագծերը, որոնք կունենան շատ ձայներ, կիրականացվեն Երևանի քաղաքապետարանի կողմից։ Մարությանի բնութագրմամբ` սա քայլ է դեպի ուղիղ ժողովրդավարացում։
Ի՞նչ փուլում է գտնվում տրանսպորտային բարեփոխումների ծրագիրը
Հայկ Մարությանն իր նախընտրական ծրագրում ներառել էր նաև տրանսպորտի խնդիրը։ Ըստ Մարությանի՝ տրանսպորտի խնդիրը «պատվի հարց է»: Մարությանը նախընտրական քարոզարշավի ընթացքում օրինակ էր բերում եվրոպական քաղաքների տրանսպորտային համակարգերը և դրանց զարգացվածությունը համեմատում իշխանությունների՝ իրենց քաղաքացիների նկատմամբ վերաբերմունքի հետ: Մարությանն ամոթալի էր համարում Երևանի քաղաքացիների «կռացած գործի գնալն ու գալը»:
Նա ակտիվորեն դեմ էր արտահայտվում «մարշրուտկաներին», «մերժում գծերի և գծատերերի ինստիտուտը»:
Մարությանը տրանսպորտի խնդրի լուծման համար առաջարկում էր ամբողջությամբ փոխել տրանսպորտային համակարգը՝ ներդնելով նորը, որն իր մեջ նաև ներառում էր աշխատանք պրոֆեսիոնալ օպերատորների հետ, նոր երթուղիների, նոր կանգառների կառուցում, նոր տոմսային համակարգի ներդրում և տրանսպորտային ցանցի աշխատաժամանակի ավելացում: Նախատեսվում էր ներմուծել բարձրակարգ ավտոբուսներ, որոնք լինելու էին 3 չափսի՝ մեծ, միջին, փոքր:
Ներմուծվող տրանսպորտային միջոցները պետք է համապատասխանեին միջազգային ստանդարտներին, ունենային տաքացման և սառեցման համակարգեր:
Հաշմանդամություն ունեցող անձանց համար պետք է լիներ սայլակով մուտք գործելու հնարավորություն: «…և բնականաբար այս հնարավորությունից օգտվելու են նաև փոքրիկ բալիկներով մայրերը, որոնք սայլակներով երեխաներին տեղափոխում են, որոնք այսօր ուղղակի շանս չունեն այս երթուղային տաքսիներով իրենց երեխաների հետ կայլասկաներով գնալ»,- ասում էր Մարությանը:
Ո՞ր փուլում է գտնվում մետրոյի նոր կայարանների կառուցումը
Նոր տրանսպորտային ցանցի ներդրումից բացի` Հայկ Մարությանն իր նախընտրական ծրագրում ներառել էր նաև մետրոյի նոր կայարանների կառուցման խոստումը, համաձան որի՝ պետք է կառուցվեր մետրոյի առնվազն մեկ կայարան: Մետրոյի նոր կայարանները պետք է կառուցվեին Աջափնյակում՝ Թումոյի մոտ։ Մարությանի խոսքերով՝ խորհրդային տարիներին այդ տարածքում նոր կայարանի կառուցման աշխատանքներ են տարվել, և աշխատանքները մոտ 30%-ով կատարված են, սակայն խնամքի բացակայության պայմաններում եղել են փլուզման գործընթացներ, և ամեն կերպ պետք է վերականգնել կատարված աշխատանքը։
Ըստ Մարությանի՝ մետրոյի նոր կայարանների 1 կմ կառուցման գինը տատանվում է 50-100 մլն դոլարի սահմաններում, և չնայած գումարի մեծ չափին` Մարությանը վստահ էր, որ ծրագրի իրականացման համար կարողանալու է գտնել այդ գումարը: Շարունակելով խոսել Խորհրդային տարիների մասին՝ Մարությանը հիշեց ամենաօգտագործվող կայարաններից մեկի՝ Գործարանային կայարանի մասին։
Մարությանի խոսքերով՝ Գործարանային կայարանը այսօր գրեթե չի օգտագործվում, քանի որ շատ գործարաններ փակվել են, և մարդիկ չեն օգտվում այդ կայարանից։ Որպես լուծում` Մարությանը խոստանում էր ուսումնասիրել Գործարանային մետրոյի հարակից տարածքները և փորձել այնտեղ ստեղծել բիզնես կենտրոններ, ուսման կենտրոններ, ընդհուպ մինչև բազմաբնակարանային շենքերի կառուցում և ունենալ ևս մեկ մետրոյի կայարան, որն արդեն կա։
Արդեն 2019թ․ փետրվարին քաղաքապետարանի կայքում հրապարակում եղավ այն մասին, որ մետրոյի զարգացման ծրագիրը մտել է գործնական փուլ, և քաղաքապետարանի առաջարկը գրավել է ներդրողներին։ Հրապարակման մեջ նշված է Աջափնյակում ևս մեկ կայարանի գործարկման մասին, որի համար քաղաքային իշխանությունները նախաձեռնել են համալիր մի ծրագիր, որն արդեն իսկ գործնական փուլ է մտել:
Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը նշել է. «Սա պետք է լինի 100%-անոց բիզնես ծրագիր և բիզնես ծրագրի ներդրումով մենք պետք է կարողանանք իրագործել կամրջի և նոր կայարանի կառուցումը․․․ Կլինենք շատ զգույշ, կլինենք բավականին խիստ, որովհետև ծրագիրը շատ լուրջ է և շատ կարևոր երևանցիների համար: Մոտեցումը կա, մշակված ծրագիրը կա, սկսում ենք աշխատել»…
Ամբողջությամբ՝ antifake.am