Ակնհայտ դարձավ, որ Թուրքիայի՝ Սիրիա ներխուժման դատապարտումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում չստացվեց, և ո՞վ էր գլխավոր խոչընդոտը։ Ճիշտ կռահեցիք. Ռուսաստանը՝ այս քաոսի գլխավոր շահառուն։ Ի՞նչ հակադրեցին սրան եվրոպացիները։ Էական և շոշափելի՝ ոչի՛նչ։ Ամերիկացիներն էլ փորձում են հասնել գնացած գնացքի հետևից… Թող փորձեն։
Այստեղ արդեն ավելի կարևոր է, թե մե՛նք ինչ հետևություններ կանենք։
Բնականաբար, մեզ այլ ընտրություն չի մնում, քան առավելագույնս բարձրացնել անկախության և ինքնիշխանության մակարդակը և կարողությունները, հզորացնել և արդիականացնել մեր զինված ուժերը, տնտեսությունը, խթանել հայրենադարձությունը, առաջնորդվել այն գիտակցությամբ, որ մենք ունենք միայն երկու դաշնակից. բանակ և դիվանագիտություն։
Հայաստանի և Արցախի դեմ քարոզչական՝ հիբրիդային պատերազմը սանձազերծված է վաղուց՝ թե՛ ներսից, թե՛ դրսից, դրա նպատակն է կոտրել հայերի կամքը, հույսը, հավատը սեփական ապագայի նկատմամբ, պարտադրել սեփական կամքը, սեփական հույսն ու հավատը դարձնել իրականություն։ Սա գոյաբանական պայքար է, որի արագ անցումը զուտ ռազմական գործողությունների փուլի կարող է տեղի ունենալ տարբեր գլոբալ կամ տարածաշրջանային «սև կարապների» պարագայում։
Իսկ 21-րդ դարում բանակները պարզապես «բութ և ծանր գործիք» են՝ հակառակորդի գլխին խփելու համար, և կռվում են ոչ թե հրազենը, տանկերը, թնդանոթները, այլ հետևակայինը, տանկիստը, արտիլերիստը՝ մարդը, կռվում և հաղթում են հասարակությունները՝ ազա՛տ հասարակություններն, այլ ոչ թե ստրուկների խառնամբոխը, թեկուզև զինված ամենաարդիական «երկաթեղենով»։ Իսկ օգնել ձեռնտու է ուժեղներին, որոնք մեծ հաշվով այդ օգնության կարիքը չունեն, պատրաստ են պայքարել առանց որևէ օգնության, և գլխավոր դասն է, որ տվեցին Թրամփն ու Էրդողանը, վարագույրի հետևում հրհռացող Պուտինով հանդերձ, որ այդ կարիքն ունեցողներին ուղղակի չե՛ն օգնում։ Իսկ բացատրությունները կգտնվեն, ընդհուպ մինչև քրդերի չմասնակցելը Նորմանդիայի օպերացիային…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով` aravot.am