Քանի որ գործի քննություն է ընթանում, գործի մանրամասները չենք կարող ներկայացնել, բայց ուզում եմ, որ դուք վստահ լինեք, որ ինչ- որ ես արել եմ՝ արել եմ համաձայն Սահմանադրության և օրենքների։ Ես օրենք չեմ խախտել և դրա համար պատրաստ եմ պատասխան տալ։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն՝ անդրադառնալով Հատուկ քննչական ծառայությունում ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանին առաջադրված մեղադրանքի շրջանակներում իրեն որպես կասկածյալ ներդրավելուն։
Արա Բաբլոյանը նշել է, որ գործի շրջանակներում երեկ հարցաքննվել է։
«Ինձ երեկ վիրահաությունից հանել են, տարել են հարցաքննության, որից հետո նորից հետ եմ եկել ու շարունակել վիրահատությունը»,-ասել է Բաբլոյանը:
Հիշեցնենք, որ պրոֆեսոր Արա Բաբլոյանը Հայաստանում շատ հայտնի մանկաբույժ և վիրաբույժ է, Արաբկիր բժշկական համալիրի գիտական ղեկավարն է և Հայաստանում փոխպատվաստման ծրագրի հիմնադիրը։ Փոխպատվաստման ծրագիրը նա սկսել է դեռևս 1988 թվականին՝ Սպիտակի սարսափելի երկրաշարժից հետո, երբ ՀՀ-ում որևէ հնարավորություն չկար փրկելու այն մարդկանց կյանքը, ովքեր տառապում էին երիկամային քրոնիկ կամ սուր անբավարարությամբ: 1991թ. առաջին անգամ կատարվել է երիկամի փոխպատվաստում երեխայի մոտ, հետագայում իրականացվել է երիկամի փոխպատվաստում և´ երեխաների, և´ մեծահասակների մոտ: