Էկզոտիկ մրգեր՝ պահեստազորի մայորի այգում. armradio.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Էկզոտիկ մրգեր՝ պահեստազորի մայորի այգում. armradio.am

Բանանի, զկեռի, կիվիի, ձիթապտղի ծառեր աճում են նաև մեղրեցի 61-ամյա Միխայել  Ծատրյանի այգում։ Ավանդական մրգերն էլ իրենց տեղն ունեն։ Հիմնականում ընտանիքի համար են այգու բարիքները։ Նաև իրացնում է ու չրեր պատրաստում։

Բանանի հայրենիքը հարավային  ու հարավարևելյան Ասիան է համարվում։ Այդ էկզոտիկ միրգը Հայաստանի բնակլիմայական պայմաններում  աճում է նաև մեղրեցի  պահեստազորի մայորի այգում։ Միխայել Ծատրյանը Մեղրիում առաջիններից մեկն էր, որ փորձեց բանան աճեցնել։

«Ի սկզբանե ունեցել եմ տասնյոթ հատ լիմոնի ծառ։ Շատ լավ սորտ էր, բայց քանի որ ես ծառայության մեջ էի, մի օր ուժեղ քամուց ցրտահարվեցին։ Հետո իմ մեջ ցանկություն առաջացավ փորձել բանան։ Ծաղկում է երեք տարեկանում։ Շատ խոնավություն է սիրում։ Հայրենիքում ծաղկում է փետրվար-մարտին, բայց քանի որ այդ ժամանակ Մեղրիում ցուրտ է՝ ծաղկում է ապրիլ-մայիսին։ Չնայած աճում ու ծաղկում է, սակայն բերք չի տալիս։ Երբ ծաղկում է ու կլիման համապատասխանում է, յոթ, ութ  շարք պատրոն դաշի նման բերքը բռնում է, իսկ երբ սկսում է չորային շրջանը՝  ծաղկաթափվում և չորանում է»։

2400 քմ տարածք ընդգրկող այգին յուրահատուկ է մրգերի  տեսականիով։ Մեկ այլ Էկզոտիկ միրգ է աճում այստեղ․ կիվին այգու նորաբնակներից է։ Կանաչ միրգն ընդամենը 5 տարեկան է։  «Կիվին ունի արու և էգ։ Եթե մենակ էգն է լինում՝ բերք չի տալիս։ Այսինքն, այստեղ փոշոտման խնդիր կա, բայց եթե տարածքում 50 քմ վրա հարևաններից մեկն ունի որձ, դու մենակ էգը, այդպես դնես էլի խնդիր չես ունենա։ Շատ ջրասեր բույս է, դրա համար ես մտածված աճեցրել եմ լողավազանի կողքին, որ երկու, երեք օրը մեկ ջրեմ»։

Միխայել պապի այգում մեկ այլ հետաքրքիր ծառի կա։ Դրա պտուղներից կոմպոտ են պատրաստում, օղի թորում։  «Մենք ասում ենք մուշմուլա, ճապոնական զկեռ, հայրենիքը բնականաբար ճապոնիան է։ Ծաղկում է ձմռանը՝ դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին։ Քանի որ այս տարի շատ տաք տարի է, արդեն ծաղկում է»։

Միխայել Ծատրյանի այգում մերձարևադարձային պտղատու ձիթենի է աճել։ Նրանից ստացվում է մոտ 10-15 կգ ձիթապտուղ։  Այգետերը պատմում է՝ փորձի համար է ձեռք բերել։ Ութ տարի անց միայն մատղաշ ձիթենին դարձել է մշտադալար ծառ։  Գեղեցկուհին կրային հող է սիրում, իսկ ծաղկման շրջանում՝ քամի։

«Ծառի վրա կան մեծ ու փոքր պտուղներ, պատճառը փոշոտումն է։ Ծառը շրջապատված է ընկույզի, արքայանարնջի ծառեով։ Ակտիվ քամի չկա՝ փոշոտման սեզոնին ամբողջությամբ չի փոշոտում։ Ձիթենու վրա կան կարմրավուն, կարմրասևավուն, կանաչ պտուղներ։ Սևն արդեն գերհասունացած վիճակն է։ Իմ կարծիքով, սև գույնը ներկերով են ստանում»։

Բաց վարդագույնից մինչև բալի գույնի հյութալի պտուղներ։ Նռնենիներն այգու հնաբնակներից են։ Միխայել պապի խոսքով, սկզբնական շրջանում շատ էին,117 ծառ, հետո դարձան 50-ը։

«Նախկինում կար մթերման գրասենյակ, տանում ու հանձնում էինք, խնդիր չէր լինում։ Իսկ հիմա չենք կարողանում իրացնենք, պահանջարկը արքայանարնջի ու թզի է։ Նախկինում տոննա ու կեսի փոխարեն տարեկան ստացվում է 300-350 կգ»։

Այգին հարուստ է նաև խնձորով, տանձով, թզով, սերկևիլով։ Դրանցով նաև չրեր են պատրաստվում։ Միխայել պապն էլ արդեն մտածում է սեփական չորանոց ունենալու մասին։

armradio.am