Մեր ազգի տականքը ստվերի պես հետապնդում է մեզ
Advertisement 1000 x 90

Մեր ազգի տականքը ստվերի պես հետապնդում է մեզ

Էրիկին, իր եղբորը, ընտանիքներին և իրենց ընկերներից մի քանիսին բախտ եմ ունեցել ճանաչելու 2012 թ.-ին, երբ Վլադիկավկազով ճամփորդում էինք դեպի Դաղստան: Ծննդյամբ Ադրբեջանի Իսմայիլլիի շրջանի հայկական գյուղերից սերող, սակայն 1988 թ. դեկտեմբերին բռնագաղթի ենթարկված մեր ազգակիցներն են, ովքեր ծանրագույն իրավիճակում 90-ականներին ստիպված են եղել հաստատվել Վլադիկավկազում և ամեն բան զրոյից սկսելով, համառ և օրնիբուն աշխատանքով ժամանակի ընթացքում կարողացել են ոտքի կանգնել և ի տարբերություն մեր ՀՀ իշխանությունների, ովքեր լիակատար անտերության էին մատնել Վարդենիսի նախկին ադրբեջանաբնակ գյուղերում օրվա հացի կարոտ վիճակում հայտնված իր քաղաքացիներին, իրենք` այսօր, Վլադիկավկազում կարծես հայության շտապ օգնության կայան լինեն, որ ամենայն պատրաստակամությամբ անվերջ աջակցում են տարբեր դիպվածների արդյունքում դժվարությունների մեջ հայտնված ազգակիցներին:

Հենց այս տարվա մայիսի 31-ի լույս հունիսի 1-ին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տարբեր ծանրության վիրավորումներ ստացած միկրոավտոբուսի ուղևորներին առաջին և անգնահատելի օգնությունը ցուցաբերվել էր հենց այս հայերի ջանքերով և անձնական նվիրատվությունների շնորհիվ (ծանր վիրավորների մեջ է եղել նաև ընկերոջս` Գետիկ գյուղի բնակիչ Աղավարդ Ղալեչյանի որդին` Սուրենը, ով երախտագիտության խոր զգացումով է հիշում իրենց սատարած տեղի հայերին):

Ահա, ազգասեր մեր այս մի խումբ հայերն են, որ Լարսի լեռնանցքի փակվելուց հետո, դարձյալ կտրվելով իրենց առօրյա աշխատանքից հերթական անգամ փորձել են սատարել անելանելի վիճակի մեջ հայտնված ազգակիցներին, քանի որ Ռուսաստանի ամենատարբեր մարզերից դեպի Հայաստան ճամփա ընկած շուրջ 300 մեքենա եկել հասել էին Վրացական սահմանի մոտ և ճանապարհի փլուզումների հետևանքով մատնվել անորոշության:

Հարյուրավոր մարդիկ, որոնց թվում նաև կանայք ու երեխաներ ակամա հայտնվել էին կենսական խնդիրների առջև: Իհարկե, որպես Հայաստանի քաղաքացիներ այս մարդկանց սատարելու պարտականությունն առաջին հերթին պետք է ստանձներ մեր երկիրը և արտահերթ ու արտակարգ միջոցառումներով պետք է փորձեր լուծել իրենց կամքից անկախ օրհասական կացության մեջ հայտնված սեփական քաղաքացիների խնդիրները, սակայն այդպես չեղավ և ազգակիցներին օգնության հասնողը դարձյալ վլադիկավկազցի մեր ազգասեր հայրենակիցները եղան: Նորից սեփական միջոցներով կազմակերպեցին մարդկանց սննդի և կեցության հարցերը (ընդ որում` ճանապարհի փակ լինելու մասին անտեղյակ օրից-օր ավելացող մարդկային հոսքի պայմաններում): Իրենց կապերի ու ջանքերի շնորհիվ ռուսական իշխանությունների հետ կարողանում են կազմակերպել և լուծել նաև դեպի Երևան 6 թռիչքների խնդիրը, որոնցով նախ կանայք և երեխաները, ապա մեծահասակները և ապա մյուսները հերթով փոխադրվում են Երևան:

Այս ամենը վլադիկավկազցի մի խումբ հայերն իրականացրել են սոսկ ազգասիրական մղումներով, առանց նույնիսկ որևէ շնորհակալության ակնկալիքի, թեև ըստ իս այսքան մեծ թվով Հայաստանի քաղաքացիներին անձնական միջոցներով այս կերպ աջակցելու և ամենայն նվիրվածությամբ անգնահատելի ծառայություն մատուցելու համար կարծում եմ միանգամայն արժանի էին մեր պետության շնորհակալության խոսքին և վերաբերմունքին:

Սակայն, ինչպես մեզանում հաճախ է լինում, տեղի է ունենում անսպասելին և մարդկանց հասցեին, ովքեր իրենց զրկելով ազգակիցներին են սատարել, երախտագիտական խոսքերի փոխարեն հնչեցին զրպարտություններ, թե իբր օգնության անվան տակ գումարներ են յուրացնում:

Հետաքրքիր է ո՞ր գումարները պիտի յուրացնեին, այն որ իրենք էին նվիրաբերել…: Ցավալի է, բայց մեր ազգի լավն ու ազնիվը սեփական ստվերի նման իրեն հետապնդող տականքն ունի, որ կարծես վերածվել է մեր կենսագրության անբաժան մասի…

Սամվել Կարապետյան
dzaynhayoc.com