Հոգեբանները հայտնաբերել են դասական նարցիսականության հետաքրքիր դրական կողմը. մարդու բնավորության այդ առանձնահատկությունը նրան հոգեբանական տոկունություն է հաղորդում։ Մասնագետները կարծում են, որ շնորհիվ դրա՝ այն կրողները նկատելիորեն ավելի հազվադեպ են տառապում դեպրեսիայից և սթրեսից, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Բելֆասթի (Մեծ Բրիտանիա) Քվինսի համալսարանի հետազոտությանը։
«Մենք մեզ պարզ հարց տվեցինք. եթե ինքնասիրահարվածությունը բնավորության այդքան անառողջ գիծ է, ինչպես ընդունված է կարծել, ինչո՞ւ է այն շարունակում գոյություն ունենալ, և ինչո՞ւ է այն ունեցող մարդկանց թիվն աճում վերջին տարիներին։ Մենք ցույց տվեցինք, որ նարցիսականության բոլորովին էլ ոչ բոլոր բնութագրական գծերն են վտանգավոր ինքնասիրահարված մարդու համար մասնավորապես և սոցիումի համար՝ ընդհանուր առմամբ»,- ասել է Քվինսի համալսարանի և Տոմսկի պետական համալսարանի հոգեբան Կոստաս Պապագեորգիուն։
Հոգեբանները սովորաբար առանձնացնում են անձի հինգ դրական և երեք բացասական գծեր, որոնք որոշում են այն, թե ինչպես իրեն կպահի մարդը հասարակության ներսում։ Վերջին այսպես կոչված մութ եռյակի մեջ մտնում են այնպիսի հատկություններ, ինչպիսին են ինքնասիրահարվածությունը, մաքիավելիականությունը և փսիխոպաթիան։
Սոցիոլոգիական հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, որոնց համար այս երեք գծերն առավել բնութագրական են, նկատելիորեն ավելի հաճախ են դառնում հանցագործներ, խնդիրներ ստեղծում աշխատավայրում կամ առաջ բերում հասարակական հուզումներ։ Մյուս կողմից՝ այժմ գիտնականներն ակտիվ վիճում են այն հարցի շուրջ, թե որքանով են նրանք կապված միմյանց միջև և ինչու բնավորության այդ գծերը մինչև հիմա չեն անհետացել մարդկային հասարակությունից։
Պապագեորգիուն և նրա գործընկերները փորձել են գտնել նման հարցերից մեկի պատասխանը՝ համակողմանիորեն ուսումնասիրելով անձի հատկությունները յոթ հարյուր կամավորների շրջանում, որոնք համաձայնել են մասնակցել մի քանի հարցման և պատմել, թե ինչպես է անցնում իրենց առօրյան։
Համադրելով և համեմատելով հարցման արդյունքները՝ հոգեբանները հետաքրքիր օրինաչափություն են բացահայտել. կամավորները և ուսանողները, որոնց բնորոշ է եղել ինքնասիրահարվածության բարձր մակարդակը, աչքի են ընկել նաև մեծ հոգեկան կայունությամբ։
Դա, իր հերթին, դրականորեն է ազդել նրանց բնավորության երկու ուիրշ գծերի վրա՝ դեպրեսիայի հակման և սթրեսի հանդեպ կայունության։ Որպես կանոն, դասական նարցիսականություն ունեցողները շատ ավելի հազվադեպ են տառապել թե՛ մեկ, թե՛ մյուս խնդրից։ Գիտնականները կարծում են, որ դա կապված է եղել այն բանի հետ, որ նրանք ավելի հաճախ և ավելի շատ են զբաղվել ֆիզիկական ակտիվության տարբեր ձևերով։
Նարցիսականության այս առանձնահատկությունը, ինչպես կարծում է Պապագեորգիուն, էվոլյուցիոն տեսակետից բացատրում է, թե ինչու մութ եռյակի այս բաղադրիչը մինչև հիմա չի անհետացել մարդկային հասարակությունից։ Միանգամայն հնարավոր է, որ նման ոչ ակնհայտ պլյուսները, որոնք օգնել են մեր նախնիներին գոյատևել, առկա են նաև մաքիավելիականության և փսիխոպաթիայի դեպքերում, ամփոփում են գիտնականները։