ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն աշխատում է «Հայաստան 2050» տեսլականի ուղղությամբ: Ակնկալում են, որ մինչև 2050 թվականը Հայաստանն ունենա նվազագույնը 5 մլն բնակչություն: ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումներում այս մասին ասաց Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը` պատասխանելով ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանի հարցին:
Թունյանը հետաքրքրվեց, թե հայրենադարձության, մասնագետների ներգրավման համար գրասենյակն ինչ թիրախներ է նախանշել: «Հասկանում ենք, որ դա երկարատև գործընթաց է, սակայն պետք է որոշակի թեկուզ մոտավոր թիրախներ լինեն»,-նշեց նա ու հետաքրքրվեց, թե արդյոք գնահատե՞լ են սփյուռքի ներուժը, երբ ասում են, որ պետք է այդ ներուժն օգտագործեն:
«Մենք կոնկրետ հիմա աշխատում ենք «Հայաստան 2050» տեսլականի վրա: Մեր ակնկալիքն է, որ մինչև 2050 թվականը Հայաստանն ունենա նվազագույնը 5 մլն բնակչություն»,-ասաց Սինանյանը:
Նա կարևորեց այս ուղղությամբ ձեռնարկվող շարունակական քայլերը`նկատելով, որ եթե հաջորդ երեք տարուց չունենանք տասնյակ հազարավոր հայերի ներգաղթի գործընթաց, նշանակում է, որ 2050 թվականին 5 մլն թվին չեն հասնի: Հանձնակատարը նշեց` հիմա նախատեսում են մասնագետների ներգրավման գործընթացը: Սինանյանը կարևորեց, որ ՀՀ պետական ապարատում սփյուռքի 10-20 տոկոս մասնագետների ներգրավվածության պրակտիկա ձևավորեն:
Սինանյանը նշեց` եթե իմանա, որ Հայաստանի կառավարությունը կարող է նորմալ աշխատավարձ վճարել սփյուռքից` աշխարհի լավագույն համալսարաններ ավարտված որոշակի թվով մասնագետների, ինքը հավաստիացնում է, որ 1 ամսում կբերի այդ անձանց: Նա շեշտեց` այդ մասնագետները կան, հարցը նրանում է, թե արդյոք կարող են այդ գործընթացը սկսել:
Անդրադառնալով սփյուռքում առկա ռեսուրսի գնահատման հարցին` նա նշեց, որ համակարգված իմաստով այդ ռեսուրսը չեն ճանաչում, գիտեն, որ հսկայական ռեսուրս ունի, սակայն կոնկրետ չգիտեն: «Դրա համար ունենք քարտեզագրման ծրագիր, որի նպատակն է այդ ռեսուրսը ոչ միայն գլոբալ, այլ նաև անհատական իմաստով ճանաչել»,-ասաց նա: