Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տրանսպորտի ոլորտի զարգացմանը խոչընդոտ հանդիսացող խցանումները վերացնելու համար ավտովթարների ժամանակ ճանապարհի երթևեկելի մասի արագ վերականգնմանը նպաստող նախագիծ է մշակել: Ինչպես տեղեկացավ e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքից, նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ հասարակականից մասնավոր տրանսպորտի անցումը հանգեցրել է խցանումների աճի։
«Հասարակական տրանսպորտի կառուցվածքը վերջին տարիներին զգալիորեն փոխվել է՝ երթուղային տաքսիների ներմուծմամբ, մեծ ավտոբուսների և տրոլեյբուսների քանակի կրճատմամբ և մետրոպոլիտենի օգտագործման նվազմամբ, ինչի արդյունքում շատացել են նաև ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը՝ արդյունքում ավելացնելով նաև ճանապարհներին խցանումների քանակը»,- նշված է նախագծում:
Օրենքների նախագծերի ընդունմամբ կհստակեցվեն երթևեկության մասնակիցների պարտականությունները, նրանց պատասխանատվության ենթարկելու հիմքերը, և արդյունքում կնվազեն ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով խցանումներ առաջանալու հնարավորությունները։
Ըստ նախագծի՝ ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակցություն ունենալու դեպքում երթևեկության մասնակիցը պարտավոր է լինելու անմիջապես կանգնեցնել տրանսպորտային միջոցը, ճանապարհային երթևեկության կանոններով սահմանված կարգով միացնել վթարային լուսային ազդանշանը և չտեղաշարժել ինչպես տրանսպորտային միջոցը, այնպես էլ վթարի հետ կապված առարկաները: Եթե ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում կա մարդկային զոհ կամ վիրավոր երթևեկության մասնակիցը պարտավոր է լինելու անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ տուժածներին առաջին բժշկական օգնություն ցույց տալու, «Շտապ բժշկական օգնություն» կամ մասնագիտացված այլ ծառայություն և ոստիկանություն հայտնելու համար, իսկ ծայրահեղ դեպքերում՝ համընթաց շարժվող կամ իր տրանսպորտային միջոցով տուժածներին մոտակա բուժհիմնարկ տեղափոխել, այնտեղ հայտնել իր ազգանունը, տրանսպորտային միջոցի գրանցման համարանիշը:
Եթե ավտոտրանսպորտային միջոցի տեղափոխումը հնարավոր է, ապա ոստիկանություն հայտնելուց հետո 20 րոպեի ընթացքում պետք է ազատվի երթևեկելի հատվածը՝ նախապես տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի միջոցով ֆիքսվելով տրանսպորտային միջոցների դիրքը միմյանց և ճանապարհների ինժեներական կառույցների, ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների նկատմամբ, ապահովագրական պատահարի հետևանքով դրանցից յուրաքանչյուրի ընդհանրական վնասվածքները, պատահարի հետ կապված հետքերը ու օբյեկտները, և ձեռնարկվի անհրաժեշտ միջոցներ՝ դրանց պահպանման և դեպքի վայրի շրջանցման կազմակերպման ուղղությամբ: