Լոնդոնի Chiswick աճուրդում վաճառքի են հանվել արքայադուստր Եղիսաբեթ Ալեքսանդրա Մարիայի՝ Մեծ Բրիտանիայի ներկայիս թագուհի Եղիսաբեթ II-ի մանկական լուսանկարները, դրանց թվում են արքայադստեր նախկինում չհրապարակված լուսանկարը, որում նա պատկերված է տարտանային կիսաշրջազգեստով (1941), հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Daily Mail-ին:
Լուսանկարիչ Մարկուս Ադամսի կողմից (1875-1959) արված լուսանկարները ներառում են նաեւ ապագա միապետի կրտսեր քրոջ՝ Մարգարեթի, ինչպես նաեւ Եղիսաբեթ II-ի երեխաների՝ արքայազն Չառլզի եւ արքայադուստր Աննայի լուսանկարները: Թագուհին սիրում էր իր երեխաներին տանել Լոնդոնի կենտրոնում գտնվող Ադամսի ստուդիա, որտեղ նկարահանումների ժամանակ խաղալիքներով զբաղեցնում էին երեխաներին:
Ադամսի ստուդիայում արված թագուհու լուսանկարն օգտագործվել է նաեւ վճարային միջոցի ձեւավորման համար: 1934-ին նրա պատկերը հայտնվել է կանադական 20 դոլարանոցի վրա, իսկ 13-ամյա արքայադստեր պրոֆիլի լուսանկարը զարդարել է փոստային նամականիշները:
Ադամսի ստուդիայի արխիվներից այդ լուսանկարները սկզբնապես պատկանել են նրա դստրերին, ապա հայտնվել մասնավոր հավաքածուներից մեկում: Chiswick-ի ներկայացուցիչ Օսթին Ֆարահարի խոսքով՝ «այդ հրաշալի հավաքածուն թույլ է տալիս անկաշկանդ մթնոլոտում տեսնել արքայադստեր երիտասարդությունը»:
Աճուրդը կանցկացվի Լոնդոնում նոյեմբերի 14-ին, լուսանկարները գնահատվում են 2,5 հազար ֆունտ սթեռլինգ (3,2 հազար դոլար):
Ավելի վաղ ապագա թագուհու սիրելի տիկնիկը վաճառվել է Kerry Taylor աճուրդում 3,1 հազար ֆունտ սթեռլինգով (3,9 հազար դոլար): 35,5 սմ հասակով կապտաչյա տիկնիկը պատրաստվել է 1935 թվականին Chad Valley toys ընկերության արհեստանոցում: