
Ծովահենները Բենինի ափերի մոտ զավթել են նորվեգական բեռնատար նավը և առևանգել անձնակազմի ինն անդամների: Այդ մասին հաղորդվում է ընկերության կայքում:
Հանցագործները ներթափանցել են Bonita նավ, մինչ այն խարիսխ ձգած կանգնած էր՝ սպասելով բեռնաթափմանը: Նավի սեփականատեր JJ Ugland ընկերության հայտարարության համաձայն՝ այն գիպս էր փոխադրում:
Առևանգված ծովայինների ազգությունը չեն հայտնում:
Ազատության մեջ մնացած նավաստիները պատահածի մասին տեղեկացրել են տեղական իշխանություններին, և նավը նույն օրն ավելի ուշ ժամանել է Կոտոնու քաղաքի նավահանգիստ:
Ընկերությունում հայտարարել են, որ փորձում են իրադրությունը կարգավորել նման դեպքերի համար հատուկ մշակված գործողությունների պլանին համապատասխան: