Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տեսնելով, լսելով մեր իշխանությունների որոշ ներկայացուցիչների գործողությունները, հարցազրույցները, ակամա հիշում ես Լենինի խոսքերը, նրա՝ «Մեկ քայլ՝ առաջ, երկու քայլ՝ հետ» հանրահայտ աշխատությունը…
Իշխանությունները կարծես փորձում են լավ քայլեր կատարել, կարծես ստացվում է ինչ-որ բան, հույսեր են առկայծում, ձևավորվում դրական հասարակական կարծիք և հանկարծ մի կաղապարված կուսակցական գործիչ, նախկին հաբռգած պաշտոնյա կամ ակամա «քաղաքական գործիչ» դարձած կյանքը հասկացող, ջոկող ախպերների բլթոցներից հետո ամեն ինչ «փոզմիշ» է լինում… Եվ երկու քայլ չէ, մի քանի տասնյակ մետր հետ են գնում, ավիրում, էժանացնում և գռեհկացնում ամեն ինչ…
Եթե պատգամավորը, կուսակցական, հասարակական, քաղաքական գործիչը կարողություն չունի շփվել լրատվամիջոցների հետ, չի հասկանում, ընկալում դրանց և սոցիալական ցանցերի դերն ու նշանակությունը մերօրյա կյանքում, նրանց կարևորությունը հասարակական կարծիքի ձևավորման գործում, ապա պետք է այդ կարծրատիպերին, ջոկող տղերքին ու հաբռգածներին արգելել շփվել լրատվամիջոցների հետ և աջ ու ձախ սփռել իրենց «մտքի գոհարները»:
Ներկայումս՝ անկախ տարիքից, գրագետ, ճկուն, արագ կողմնորոշվող, իրավիճակը ճիշտ գնահատող, արդի տեխնիկական-լրատվական միջոցներից հասկացող քաղաքական, հասարակական, կուսակցական, պետական գործիչներ են պետք: Պետք է, ի վերջո, հասկանալ, որ սոցիալական ցանցերն իրենց թերություններով հանդերձ, «վետերոկի կուպե», նարդու բեսեդկա չեն…
Մի «փոքր» այլ, կարևոր և լուրջ աշխարհ են իրենց հնարավորություններով և ունեցած դերով… Մի մոռացեք, որ այդ ցանցերի օգտատերերի թիվը կարծեմ միլիոնի է հասնում, որտեղ գրանցված է հիմնականում գրագետ, առաջադեմ, ընդվզող սեգմենտը…»: