«Գնա քո կատուների գործը լսի, ոչ թե լսի մարդկանց գործը». Ռուբեն Սահակյանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանին (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Գնա քո կատուների գործը լսի, ոչ թե լսի մարդկանց գործը». Ռուբեն Սահակյանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանին

«Այստեղ չկա մեղադրանք, Գյուլնազ տատի հեքիաթի հետ չեմ ուզում համեմատել, ո՞նց կարող եմ ես սա (դատարանի որոշումը) համեմատել Գյուլնազ տատի հեքիաթի հետ: Սա կարող եմ համեմատել գեներալ-լեյտենանտ Արթուր Դավթյանի կողմից գրված հեքիաթի հետ»,- անդրադառնալով այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշմանը՝ ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Ռուբեն Սահակյանը:

Ըստ Սահակյանի՝ Ռոբերտ Քոչարյանի գործով կայացվող բոլոր որոշումների հիմքում կանգնած է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որն իր հերթին՝ իր քայլերով «ծառայություններ է մատուցում հանրապետության վարչապետին»:

«Եթե մարդ կարողանում է 3 կամ 3.5 ամսվա ընթացքում 2 գեներալի կոչում ստանալ, արդեն սրանով ամեն ինչ ասված է: 3-րդ դասի պետական խորհրդականի կոչում ստացավ հունիսի 3-ին, և հանկարծ սեպտեմբերին, եթե չեմ սխալվում, ստացավ 2-րդ դասի պետական խորհրդականի կոչում: Երբևէ դուք տեսե՞լ եք, որ որևէ մեկը, չունենալով որևէ արժանիք, այդքան կարճ ժամանակում թռնում է տարիների աստիճանակարգ և ստանում երկրորդ կոչումը: Սրանով ես պայմանավորում եմ, որ նա ծառայություններ է մատուցում հանրապետության ղեկավարությանը, դիցուք՝ հանրապետության վարչապետին»,- ասաց փաստաբան Ռուբեն Սահակյանը:

Լրագրողների ճշտող հարցին, թե ի՞նչ ծառայություններ է մատուցում, Ռուբեն Սահակյանը պատասխանեց՝ մեջբերելով դատախազ Արթուր Դավթյանին.

«Ինչ ասես, կանեմ: Պետք չի ասես: Բա ես կարա՞մ չկռահեմ, թե դու ինչ ես ուզում: Ես շատ լավ կռահում եմ, թե դու ինչ ես ուզում: Ես էլ, Սասուն Խաչատրյանն էլ շատ լավ կռահում ենք, թե դու ինչ ես ուզում, և դա էլ անում ենք»:

Ռուբեն Սահակյանն ասաց, որ պաշտպանական թևի համար սպասելի էր դատավոր Աննա Դանիբեկյանի՝ Քոչարյանի պաշտպանների՝ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու որոշումը, քանի որ, ըստ Սահակյանի, Աննա Դանիբեկյանը չունի մասնագիտական գիտելիքներ, չի տիրապետում իր մասնագիտությանը:

«Եթե նա չի հասկանում, թե ինչի մասին էի ես խոսում նախորդ նիստում, և ինձ ասում է՝ կարճ կապեք: Է՜, եթե դու չես հասկանում՝ ինչո՞ւ կարճ կապեմ: Գնա ձեր տուն, գնա քո կատուներին դատապարտի: Գնա քո կատուների գործը լսի, ոչ թե լսի մարդկանց գործը»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այդպես է ասում, քանի որ Դանիբեկյանը տանը շատ կատուներ ունի:

Հաճախ է խոսվում, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմն անընդմեջ միջնորդություններ ներկայացնելով՝ փորձում է հետաձգել Քոչարյանի և մյուսների գործով դատաքննությունը: Հակադարձելով այդ մեղադրանքներին՝ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Ռուբեն Սահակյանն ասաց.

«Մի՛ մեղադրեք մեզ, որ մենք փորձում ենք խոչընդոտել  և ձգձգել դատաքննությունը: Հակառակ, մենք հակված ենք հենց այսօր մտնել դատական վիճաբանությունների փուլ,  արտասանել  պաշտպանական ճառ, քարը քարին չթողնել այս մեղադրանքի վրա»:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու միջնորդությունը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ՀՀ սահմանադրական կարգի տապալում: Նա նաև մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու մեջ:

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, իսկ Արմեն Գևորգյանը՝ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար:

Գործով կալանքի տակ է գտնվում միայն Ռոբերտ Քոչարյանը: Նա կալանավորվել է 3 անգամ: Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

ԱՔՍԱՆՆԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ



Նման նյութեր