Կառավարությունը որոշում կայացրեց ՀՀ տարածքից դուրս սկսվող և ՀՀ տարածքում ավարտվող կամ ՀՀ տարածքում սկսվող և ՀՀ տարածքից դուրս ավարտվող օդային տրանսպորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայության, ինչպես նաև փոստային ծառայության ամբողջ ծավալի և ՀՀ տարածքում փաստացի մատուցվող ծառայության ծավալի վերաբերյալ տեղեկանքի տրամադրման մասով կառավարության լիազոր մարմին ճանաչել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
Նախագծով նախատեսվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ճանաչել ՀՀ կառավարության լիազոր մարմին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոստային ծառայության կամ օդային տրանսպորտով բեռների և (կամ) ուղևորների փոխադրման տրանսպորտային ծառայությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում փաստացի մատուցվող ծավալի վերաբերյալ տեղեկատվությանը տիրապետում է հենց այդ նախարարությունը:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հստակեցրեց, որ այս որոշմամբ փոստային ծառայության համար վճարվող գումարը անգամներով կարող է նվազել, քանի որ, եթե նախկինում, օրինակ, Երևանից Մոսկվա փոստային ծառայության համար կազմակերպությունը վճարում էր ողջ տարածության համար, հիմա վճարելու է միայն ՀՀ տարածքով անցնող հատվածի համար: «Տնտեսվարողները հնարավորություն են ունենալու դիմել ՊԵԿ եւ գումարները հետ ստանալ»,- ասաց նա:
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ճշգրտեց, որ խնդիրը վերաբերում է միայն այլ երկրից Հայաստան փոստի, բեռների փոխադրմանը, երբ ՀՀ-ն շահութահարկի մասով հարկելու է միայն իր տարածքում գործունեության համար: Ըստ ՊԵԿ նախագահի, այս դրույթը կիրառվելու է նաեւ 2018-ի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած փոխադրումների համար, այսինքն` հետադարձ ուժ է ունենալու: