Asekose.am-ի բլից հարցերին այս անգամ պատասխանել է դերասանուհի Լուիզա Ղամբարյանը:
Կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը:
Կյանքիս ամենամեծ ձեռքբերումը եղել է 2005 թվականի հունիսի 29-ին` գիշերը 1:30-ին, երբ ծնվեց աղջիկս: Ամենամեծ ձախողում, և առհասարակ, ձախողումներ, փառք աստծո, չունեմ:
Եթե հնարավորություն ունենայիք կյանքը նորից սկսելու, ապա ի՞նչը կփոխեիք:
Ոչինչ չէի փոխի:
Ինչպիսի՞ն եք դուք աշխատանքից դուրս: Ինչպե՞ս կբնութագրեք ինքներդ Ձեզ:
Լիցքաթափված, երջանիկ, պատասխանատվության զգացումը համարյա թե բացակայում է, որովհետև շատ պահանջկոտ ու պատասխանատու եմ աշխատանքում, իսկ աշխատանքից դուրս այդ ամեն ինչը վերանում է:
Ո՞րն է այն կարգախոսը, որով առաջնորդվում եք Ձեր կյանքում:
Կյանքը հետաքրքիր է իր դժվարությունները հաղթահարելով և ճանաչելով ինքդ քեզ:
Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել` կներես:
Ես չեմ զլանում ներողություն խնդրելուց, երբ զգում եմ, որ դրա կարիքն իսկապես կա: Ես դա շատ հաճախակի եմ անում:
Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել`սիրում եք:
Այսօր առավոտյան ասել եմ դստերս` դպրոց տանելուց առաջ:
Իրադարձություն, որը ստիպել է Ձեզ արտասվել:
Երբ ռուսական Առաջին ալիքի «Ледниковый период» նախագծի հերթական հաղորդման ժամանակ Եկատերինա Վարնավա-Մաքսիմ Մարինին զույգը սահադաշտ դուրս եկավ հայկական «Արի, իմ սոխակ» երգի ներքո։
Հայտնի տղամարդ, ով Ձեզ հիացնում է:
Շառլ Ազնավուրը:
Ես երջանիկ կլինեի, եթե…
Ես երջանիկ եմ` առանց եթե-ի:
Եթե 1 օրով ես լինեի երկրի նախագահը, ապա…
Թեկուզ մեկ օրով էլ ես չէի ցանկանա լինել երկրի նախագահ:
Բամբասանք Ձեր մասին, որը Ձեզ զվարճացրել է:
Ես, թերևս, չեմ լսել նման բամբասանք: