Քիմ, Քորթնի եւ Քլոե Քարդաշյան քույրերը մասնակցել են The Real թոք-շոուին, որի ընթացքում անդրադարձել են նաեւ երեխաների դաստիարակության թեմային եւ Հայաստան այցին։
Ավագ քույրերը հայտնել են, որ վերջերս հայրենիք այցի ընթացքում շատ են կարոտել Քլոեին։ Պարզվում է՝ նա տանը մնալու լուրջ պատճառ է ունեցել։
Ռոբ Քարդաշյանի եւ Քրիս Ջենների կրտսեր դուստրը նշել է, որ իր երեխան դեռ շատ փոքր է թռիչքի համար։ «Բայց ես հաստատաբար ցանկանում եմ մկրտել նրան. ես պարզապես չգիտեմ՝ երբ։ Ես ցանկանում եմ, որ դա լինի ճիշտ ժամանակին եւ ճիշտ տեղում»,- հավելել է Քլոեն։
Ճամփորդության ընթացքում Քիմի հետ էին նրա չորս երեխաները՝ հինգ ամսական Պսալմը, մեկուկես տարեկան Չիկագոն, երեքամյա Սեյնթը եւ վեցամյա Նորթը։ Քորթնին Հայաստան էր եկել երեք երեխաների՝ իննամյա Մեյսոնի, յոթամյա Պենելոպայի եւ չորսամյա Ռեյնի հետ։ «Մենք այնտեղ երկար ժամանակով չենք եղել, բաց դա հիասքանչ էր»,- թոք-շոուի եթերում ասել է Քորթնին. «Մենք երեխաներին մկտրել ենք աշխարհի ամենահին տաճարներից մեկում։ Այդ պատճառով այդ ծիսակատարություն առավել առանձնահատուկ է դարձել»։
«Հայերն առաջինն էին, որ քրիստոնեությունն ընդունեցին որպես (պետական) կրոն»,- հավելել է Քիմը. «Այդ պատճառով մեզ համար, իսկապես կարեւոր էր դա անել Հայաստանում»։