«Ծաղիկներ մարտիկներին». ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում
Advertisement 1000 x 90

«Ծաղիկներ մարտիկներին». ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում

Նոյեմբերի 12-ից Հայաստանի ազգային պատկերասրահում կգործի «Ծաղիկներ մարտիկներին»  ցուցահանդեսը՝ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75-ամյակին ընդառաջ: ՀԱՊ-ի, Ազգային արխիվի և «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանի համատեղ ցուցադրությունը ներկայացնում է 17 գեղանկար, 4 երգիծանկար, հուշաձեռագրային նյութեր, անձնական իրեր:

Ցուցահանդեսում տեղ են գտել Մարտիրոս Սարյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Սարգիս Մուրադյանի, Սուրեն Սաֆարյանի, Մարիամ Ասլամազյանի, Մկրտիչ Սեդրակյանի, Արա Բեքարյանի և այլոց ստեղծագործությունները: Ներկայացված են նաև Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի զինվորական համազգեստն ու շքերթային սուրը, գեներալ-մայոր Ասքանազ Կարապետյանի զինվորական համազգեստը, 89-րդ Հայկական Թամանյան եռակի շքանշանակիր հրաձգային դիվիզիայի մարտիկ, եֆրեյտոր Ն. Ն. Շահսուվարյանի ակորդեոնը, լուսանկարներ և բացառիկ փաստավավերագրական նյութեր, որոնց մի մասը ցուցադրվում է առաջին անգամ: «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսը ևս մեկ հնարավորություն է հարգանքի տուրք մատուցելու անպարտ հերոսներին, ոգեկոչելու մեր պապերի և հայրերի մեծ սխրանքը: Ցուցահանդեսը կգործի մինչև դեկտեմբերի 12-ը:

armradio.am