ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը խախտումներ է հայտնաբերել մի շարք ընկերությունների կողմից արտադրվող բժշկական երշիկների տեսակներում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ներկայացնում ենք ՍԱՊԾ հայտարարությունն ամբողջությամբ.
«Հետք»-ը դիմել էր ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ նոյեմբերի 14-ին իրացման ցանցից նմուշառումներ կատարելու և տեղական արտադրության բժշկական երշիկների տեսականին (լրատվամիջոցի ընտրությամբ) փորձաքննության ենթարկելու առաջարկով:
Քանի որ պետական վերահսկողության ժամանակ սննդամթերքի անվտանգության մանրէաբանական ցուցանիշներով փորձաքննությունների մրցույթը շահել է «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիան, նույն օրը նմուշառված երշիկները ներկայացվել են հենց այդ լաբորատորիա: «Հետք»-ը, ըստ ձեռք բերված պայմանավորվածության, նույն նմուշներն իր ընտրությամբ պետք է հանձներ հավատարմագրված մեկ այլ լաբորատորիա: Դիտարկման օրը, սակայն, «Հետք»-ը նմուշներ չի վերցրել և այլ լաբորատորիա չի ներկայացրել:
Փորձաքննության արդյունքներով՝ ամբողջական փաթեթավորված «Մարիլա» ՍՊԸ-ի 08.11.2016 թվականի արտադրության «Բարձր կարգի» բժշկական եփած երշիկը և «Բարի Սամարացի» ՍՊԸ-ի 15.11.2016 թվականի արտադրության «Կլասիկ» բժշկական եփած երշիկը մանրէաբանական՝ ՄԱՖԱՄ, ցուցանիշներով չեն համապատասխանել սահմանված նորմերին, որի հիման վրա Ծառայությունը համապատասխան գործողություններ կիրականացնի արտադրողների մոտ: Ծառայության պետի հրամանով՝ նշված ընկերություններում իրականացվում են դիտարկումներ՝ ապահովելով «Սննդամթերքի անվտանգու թյան պետական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները: Արդյունքները կհրապարակվեն լրացուցիչ:
«Աթենք» ՍՊԸ-ի 11.11.2016 թվականի արտադրության «Բարձր կարգի» եփած բժշկական երշիկի, «Բեկոն» ՍՊԸ-ի 11.11.2016 թվականի արտադրության բժշկական «Ընտանեկան» երշիկի և «Աթենք» ՍՊԸ-ի 15.11.2016 թվականի արտադրության «Գանձասար» բժշկական եփած երշիկի նմուշներում անհամապատասխանություններ չեն հայտնաբերվել:
Հավելենք, որ նմուշառված կտորով երշիկները լաբորատոր հետազոտությունների համար հիմք չեն կարող հանդիսանալ, քանի որ դրանք նմուշառման ժամանակ արդեն ունեն երկրորդային աղտոտվածություն: Ծառայությունը հետագայում կանդրադառնա նաև այս խնդիրներին»: