Լրագրող Մարինա Բաղդագյուլյանի ֆեյսբուքյան գրառումը.
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Հյուսիսային դպրոց պարտեզի հարևանությամբ գործում են երկու մանկապարտեզներ` թիվ 76 և թիվ 93: Նախակրթարանը մշակել և առաջարկել էր «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» ճարտարապետական մի նախագիծ, որը ենթադրում էր կանաչապատված և հարմարավետ մի միջավայր ոչ միայն սեբաստացիների, այլև հարևան երկու նախակրթարանների և բնակիչների /այդ թվում` սայլակավորների/ համար: Նախագիծը միանգամից մերժվել է հարևան նախակրթարանների տնօրենների կողմից. նրանք պահանջում են եղած ցանկապատերը բարձրացնելով` առանձնացնել «իրենց տարածքները»: Կրթահամալիրն առաջարկել է գոնե կանաչ ցանկապատերով` խաղողի տնկիների կամ «մագլցող» բույսերի միջոցով առանձնանալ: Տնօրենները հրաժարվել են և պնդելով պնդում են բացառապես բետոնե ցանկապատով մեկուսանալու տարբերակը: Նախագիծը և դրա շուրջ առաջացած անհամաձայնությունը ներկայացվել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանին, Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին, ԱԺ պատգամավորներին: Բառացի մեջբերում եմ հատված Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին ուղարկած դիմումից.
«Երևանում 20-րդ դարի 70-80-ականներին կառուցված բնակելի արվարձաններ սահմանափակ տարածքում` թաղամասում, տեղավորել եմ մի քանի ուսումնական հաստատություններ` նախադպրոցական և հանրակրթական: Յուրաքանչյուր հաստատությանը, շենքից բացի, տրամադրվել է նաև որոշակի հողակտոր` հաստատության շրջակայքը կանաչ գոտի դարձնելու, հաստատության գործունեությունից բխող մարզամշակութային, խաղային գործունեության համար: Ուսումնական հաստատությունները ցանկապատել են իրենց կցված տարածքները, «կղզիացել» ոչ միայն հարևան ուսումնական հաստատություններից, այլև բնակիչներից, բնակավայրից, թաղամասից` դառնալով անհաղորդ: Թաղամասի բնակիչն այդ տարածքներն իրենը չի համարում և որևէ պատասխանատվություն չի զգում դրանց նկատմամբ: Ինչպես նաև ուսումնական հաստատությունները իրենցը չեն համարում իրենց կցված տարածքից դւրս մնացած տարածքները, շրջակա միջավայրը: Արդյունքում` հանրային տարածքները` բնակելի և ուսումնական, աղճատվում են, ոչ նպատակային օգտագործման են դառնում, անմշակ են մնում համայնքային հողակտորները, միջշենքային, միջթաղամասային անցումները դառնում են ոչ ներառական, ոչ մատչելի բոլորին: Հաստատությունների շենքերի պահպանությունը, հողամասերի խնամքի, ոռոգման, լուսավորության, անցումներ խնդիրների մեկուսի լուծումը առաջացնում են նոր խնդիրներ` այդպես էլ առայժմ չհաղթահարված:
Նշված խնդրները, դրանց լուծումները պահանջում են թաղամասում գործող ուսումնական հաստատությունները դիտարկել միասնական տարածքում` կրթական պարտեզում, առանց ցանկապատերի, հարմար անցուղիներով` նչպես հետոտն, այնպես էլ անվավոր: Ամբողջ տարածք խնամքը կդառնա ինչպես ուսումնական հաստատությունների, այնպես էլ համայնք յուրաքանչյուր բնակչ խնդրը: Կրթական պարտեզ ուսումնական հաստատությունը կարող է օգտագործել մյուս հաստատության հնարավորությունները:
Միգուցե հնարավոր է վերանայելու քաղաքաշինության նախարարի 2014 թ. 103 հրամանի 41 կետը, որով սահմանվում է, որ «Հանրակրթական հաստատությունների տարածքները իրենց ողջ տարածքով պետք է ցանկապատված լինեն»: Անհրաժեշտության դեպքում հանրակրթական, նախադպրոցական հաստատությունները կարող են միավորվել քաղաքապետարանի ենթակայության տարբեր մակարդակների կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական համալիրների` ինքնուրույն գործող բլոկներով, որոնք կազմավորվում են առանձին միավորներով` մոդուլներով»:
Այս նամակից հետո` կարճ ընթացքում, սեբաստացիներ ջանքերով մաքրված տարածքում կառուցվեց «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» ծրագրի հանգույցը` սարալանջը: Սակայն օրեր անց հայտնի դարձավ, որ որոշում է կայացվել հօգուտ ցանկապատների: Հարևան նախակրթարանի տնօրեններն արագ ձեռնամուխ են եղել բարձր ցանկապատերի կառուցմանը: Գործողությունների այս տեմպն ու էնտուզիազմն առնվազն տարօրինակ են շենքերի կիսաջարդած լուսամուտների ֆոնին /տես` նկար 1, նկար 2/: Ումի՞ց կամ ինչի՞ց են պատսպարվելու պարիսպների հետևում տնօրենները` ջարդած լուսամուտնե՞րը, շենքերի անբարեկարգ վիճա՞կը:
Տվյալ դեպքում միևնույն սեփականատիրոջ` պետության տարբեր նույնական ունեցվածքներ ցանկապատվում են իրարից, ընդ որում բաժանվողները կրթարաններ են, իսկ սեփականատերը ոչ թե հերթական մասնավոր ենթակա, այլ` հենց պետությունը` ընդհանրականը: Ոչ թե պետական դպրոցը բաժանվում է երեխաների բարեկեցությանը վտանգ ներկայացնող ինչ-որ մայրուղուց կամ այլ որևէ սպառնալքից, այլ` մի դպրոցական տարածքը նույն սեփականատիրոջ մեկ այլ ճիշտ նույն բնույթի տարածքից տարանջատվում է բարձր, անանցանելի ցանկապատով:
Ցանկապատում մարմնավորված անվստահությունը նույն սեփականատիրոջ անդամների միջև է` փաստորեն` հանդիսանալով անվստահության, ավելի ճիշտ` անինքնանվստահության հուշարձան:
Ճարտարապետական տեսակետից այդ գործառույթային անհեթեթությունը, ինչպես նշեցի, փաստված է քաղաքի գլխավոր ճարտարապետի` այդ կապակցությամբ գրված նամակում:
Հրավիրում եմ քաղաքային իշխանությունների ուշադրությունը, ակնկալում եմ այն, ինչ նշված էր գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի նամակում` «Առաջարկում եմ կազմակերպել համատեղ տեղադիտում` Երևանի քաղաքապետի, քաղաքապետի տեղակալ Տ. Վիրաբյանի և Երևանի գլխավոր ճարտարապետի մասնակցությամբ»: Որոշումները ենթակա են վերանայման: Օրենքները` նույնպես: Մարդն օրենքի համար չէ: Օրենքն է մարդու համար:
Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality,
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչություն
Մեսրոպ Պապիկյան, Gayaneh Melkom Melkomian, Arsen Shur Karapetyan, Իզաբելլա Աբգարյան, Satenik Mkrtchyan