ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատունը հորդորում է Հայաստանի քաղաքացիներին պահպանել «ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելելու կարգը»։
Դեսպանատունը տարածած հայտարարությամբ միաժամանակ հիշեցնում է, որ օկուպացված տարածքներ մուտք գործելու կարգը խախտելու համար նախատեսված է ոչ միայն վարչական, այլև քրեական պատասխանատվություն՝ համապատասխան Ուկրաինայի օրենսդրությանը:
Նշվում է, որ Ղրիմի տարածք հերթական անգամ ապօրինի այց են կատարել մի խումբ ՀՀ քաղաքացիներ՝ ըստ ԶԼՄ-ների: «Այս խմբի անդամների մեծ մասն առաջին անգամ չէ, որ խախտում է ժամանակավոր օկուպացված Ղրիմի Ինքնավար Հանրապետության տարածք այցելությունների վերաբերյալ ուկրաինական օրենսդրությունը»,- ասված է հայտարարությունում:
Դեսպանատունը Հայաստանի քաղաքացիներին կոչ է անում պահպանել Ղրիմի տարածք այցելելու կարգը, ինչպես հաստատվել է «Ուկրաինայի ժամանակավոր օկուպացված տարածք՝ անձանց մուտքի և ելքի կարգը հաստատելու մասին» Ուկրաինայի նախարարների կաբինետի որոշմամբ: