18-ամյա հայուհի Իննա Սայադյանի՝ դուդուկի ուղեկցությամբ հայկական ելույթը՝ ռուսական «Ձայնը» նախագծում չի դադարում մնալ համացանցում հայ եւ արտերկրացի օգտատերերի հիացմունքի առարկան: Այդ են վկայում այն բազմաթիվ հոդվածներն ու ֆեյսբուքյան հրապարակումներն Իննայի մասին, որոնք մենք ամեն օր տեսնում ենք սոցիալական ցանցի մեր պատերին:
Իննա Սայադյանը «Ձայն տուր , ո՜վ ծովակ» երգով տպավորեց ժյուրիի միանգամից 4 անդամներին՝ Կոնստանտին Մելաձեին, Սերգեյ Շնուրովին, Պոլինա Գագարինային եւ Վալերի Սյուտկինին: Ռուսական շոու-բիզնեսի հայտնիներն այնքան էին հիացել փոքրամարմին հայուհու հզոր կատարումով, որ նրա ելույթից հետո սկսեցին «պայքարել»՝ Իննային իրենց թիմերում ունենալու համար: Բայց մեր հայրենակցուհու ընտրությունը կանգ առավ Կոնստանտին Մելաձեի վրա:
Ի դեպ, Իննա Սայադյանին հայ երաժշտասերները կհիշեն նաեւ հայկական X Factor նախագծից, որի շրջանակում երգչուհին հանդես գալով Էրիկ Կարապետյանի թիմում՝ հայտնվեց մրցույթի եզրափակչում:
Ի՞նչ փորձ էր կուտակել X Factor-ին մասնակցելու ժամանակաշրջանում, ինչպե՞ս է հաղթահարել «Ձայնը» նախագծի դժվար փորձությունը, ի՞նչ արձագանքներ ու աջակցություն է ստացել Էրիկից եւ ինչո՞ւ է որոշել ընտրել Կոնստանտին Մելաձեին…
Այս բոլոր հարցերի շուրջ NEWS.am STYLE-ը զրուցել է մոսկվաբնակ հայուհու հետ:
Իննա, Ռուսաստանն օրերս բացահայտեց քեզ «Ձայնը» նախագծի շնորհիվ, բայց հայրենիքում քո տաղանդին արդեն շատերը ծանոթ էին՝ շնորհիվ X Factor նախագծի: Որքանո՞վ կուտակածդ փորձն օգնեց քեզ ռուսական բեմում:
Ես կարող եմ վստահությամբ ասել, որ X Factor-ն ինձ համար դարձավ ստեղծագործական ամուր հիմք իմ հետագա երաժշտկան գործունեության համար: Շնորհիվ այդ հրաշալի նախագծում իմ մասնակցության՝ ես ահռելի փորձ ձեռք բերեցի. ամեն ինչի մասին գաղափար կազմեցի: Դրան նպաստեցին թե´ բեմում աշխատելը, թե´ երաժշտական խորհուրդները, եւ թե´ նախագծում իմ ղեկավարի՝ Էրիկ Կարապետյանի հետ աշխատանքը: Իհարկե, մասնակցությանս ընթացքում եղել են նաեւ դժվարություններ, բայց հենց դրանք են ինձ դարձրել ավելի ուժեղ, ինչն էլ օգնեց ինձ նաեւ «Ձայնը» նախագծում: X Factor-ից հետո ես ոչ միայն ավելի համարձակ դարձա բեմում, այլեւ հստակ հասկացա, որ պետք է շարունակեմ զբաղվել երաժշտությամբ: Մինչ այդ, ես սիրողական մակարդակով էի զբաղվում երգով եւ չէի էլ պատկերացնի, որ մի օր կհայտնվեմ հայկական մեծ բեմում:
Ինչպե՞ս ստացվեց ռուսական հայտնի նախագծում մասնակցությունդ:
Ռուսական «Ձայնը» նախագծին մասնակցելն իմ երազանքն էր սկսած 12 տարեկանից, երբ եթերում հայտնվեց նախագծի առաջին եթերաշրջանը: Ես այդ ժամանակ դեռ նոր էի սկսել երգել: Ինչպես ասում են՝ երազանքները կատարվում են, եւ X Factor-ից հետո, երբ բեմական փորձ ձեռք բերեցի, ես եւս մեկ քայլ արեցի դեպի իմ երազանքի իրականացումը: Բացի այդ, ցանկանում էի ինձ փորձել արտասահմանյան մի մրցույթում, որպեսզի տեսնեի, թե ինչպես իմ ելույթին կարձագանքի նաեւ ռուսական լսարանը, այն էլ՝ իր համար այդքան անսովոր երգով: Եվ ահա՝ ընթերցելով իմ ելույթի մասին բոլոր մեկնաբանությունները, տեսնելով տարբեր ազգերի ներկայացուցիչների դրական կարծիքները՝ հասկացա, որ Ռուսաստանում էլ արդեն ունեմ լսարան, ինչի համար շատ ուրախ եմ:
Ռուսական բեմից կատարեցիր հայկական ժողովրդական երգ. ո՞ր զգացնունքն էր գերակշռում այդ պահին՝ հուզմո՞ւնքը, թե՞ պատասխանատվությունը:
Ե´վ հուզմունք էի զգում, ե´ւ պատասխանատվություն: Իրականում, դա իմ կատարմամբ առաջին հայկական ժողովդական երգն էր, ինչն էլ ստիպում էր, որ շատ հուզվեի: Ինձ նաեւ լարվածության մեջ էր պահել այն, որ ելույթիցս ընդամենը 9 օր առաջ որոշվեց, որ երգս պետք է փոխվի: Սկզբում ընտրված էր «Սարերի հովին մեռնեմ» ստեղծագործությունը, որը փոխարինվեց «Ձայն տուր, ո՜վ ծովակ» երգով: Բայց նաեւ նշեմ, որ տվյալ երգի ընտրությունը հետագայում ինձ միայն ուրախացրեց: Ինձ համար այդ կատարումը մեծ պատասխանատվություն էր իմ հայրենիքի եւ հայրենակիցների առջեւ: Առաջնահերթ մտածում էի այն մասին, որ լավ կատարեմ ընտրված նյութը եւ պատվով ներկայացնեմ մեր ազգային մշակույթը, հետո միայն՝ այն մասին, թե արդյոք ժյուրիի անդամները կշրջվեի՞ն իմ ելույթի ժամանակ, թե՞ ոչ: Ես միշտ երազել եմ աշխարհին ցույց տալ մեր խորը եւ հարուստ հայկական մշակույթը, քանի որ ցավոք սրտի՝ դրսում շատերը չգիտեն Կոմիտասին, Հարություն Սայադյանին, նույնիսկ, չգիտեն՝ ինչ գործիք է դուդուկը: Դա ինձ շատ է տխրեցնում:
Միեւնույն ժամանակ այդ հրաշալի երգն ինձ օգնում էր, քանի որ այն իմ հոգուն շատ մոտ էր, եւ կատարմանս ողջ ընթացում ես ինձ տանն էի զգում՝ պատկերացնում էի մեր գեղեցիկ լեռներն ու տեսարանները, որոնք տեսել էի իմ հայրենի Վայք գնալու ճանապարհին: Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել տաղանդավոր դուդուկահար, հրաշալի երաժիշտ ու լավ մարդ Նորայր Բարսեղյանին, որն ինձ խորհուրդ տվեց կատարել հենց այս երգը եւ իր մեծ ջանքերը ներդրեց իմ ելույթի պատրաստման մեջ, օգնեց գտնել հրաշալի դուդուկահար Հարություն Խաչատրյանին, որի հետ էլ ելույթ ունեցա նախագծի շրջանակում: Շնորհակալ եմ նաեւ Սոնա Քուրքջյանին, որը հրաշալի վոկալիստ է, որի միջոցավ էլ կապվել եմ Նորայր Բարսեղյանի հետ: Առանց այս մարդկանց իմ ելույթը չէր կայանա:
Ամբողջությամբ՝ style.news.am