Ուղիղ մեկ ամիս առաջ՝ հոկտեմբերի 16-ին, ծառայողական պարտքը կատարելիս զոհվեց 38-ամյա ոստիկան, երկու երեխաների հայր Տիգրան Առաքելյանը։ Նա սպանվել էր սեփական զենքով՝ 16-ամյա տղայի ձեռքով։ Sputnik Արմենիայի թղթակիցը եղել է նրա հայրենի գյուղում, զրուցել մոր ու ընկերների հետ։
Կարմրած աչքերով, սևը հագին տիկին Օֆիկը հեռախոսը ձեռքից բաց չի թողնում։ Ամեն զանգի հետ մի տեսակ վեր է թռչում։ Զանգողը Տիգրանը չէր․․․ Հայրական տուն ամեն օր այցելել չէր հասցնում, աշխատանքը շատ էր, բայց օրվա ընթացքում մի քանի անգամ պարտադիր զանգում էր։
«Շատ հոգատար տղա էր․․․ Որ մի հատ զանգում էր, հարցնում էր՝ մամ, ոնց ես․․․ Էլ էդ զանգն էլ չի լինելու է»,- ծանր հոգոցով ասում է տիկին Օֆիկն ու շոյում հեռախոսի էկրանին տեղադրված Տիգրանի նկարը։
Ասում է՝ այդ չարաբաստիկ օրը, վաղ առավոտյան իրենց տուն եկած ոստիկանները չհամարձակվեցին որդու մահվան լուրն իրեն հայտնել, Սպարտակին՝ Տիգրանի կրտսեր եղբորը հարցրին։
«Սպարտակս մեքենայի գործ է անում, դրա համար ոչինչ չկասկածեցի։ Ասացի՝ խանութի վրա համարը գրած է, թող զանգեն»։
Տիկին Օֆիկն ասում է, որ հյուրերին միշտ մինչև շեմքը ճանապարհում է, բայց այս անգամ այդպես չարեց․ տնից դուրս գալ ընդհանրապես չէր ուզում, գնաց, նորից տանը փակվեց։ Մի քիչ անց հարևանուհին իրեն ներս գցեց՝ հարցնելով, թե ինչ է եղել։
«Ասաց՝ տղադ դուրսը սրտահան է լինում, այնպես է լացում։ Դուրս վազեցի։ Չգիտեի, որ Տիգրանը գիշերային հերթապահության էր, մեքենան էլ նոր էր վաճառել, այնպես որ առաջին բանը, որ մտքովս անցավ, ամուսինս է վթարի ենթարկվել․․․»։
Տիգրանի մանկության ընկերը՝ Լիպարիտ Ավագյանը, լուրն իմանալու պահին Սպարտակի կողքին էր։
«Միանգամից հարցրեցինք՝ լավ, կրակել են, հիմա որտե՞ղ է, ո՞ր հիվանդանոցում է, վիճակը ո՞նց է․․․ Չէինք հավատում, որ նա էլ չկա»,- ասում է Լիպարիտը։
Տիկին Օֆիկը շարունակում է շոյել հեռախոսի էկրանը՝ անընդհատ ակտիվացնելով այն, որ Տիգրանի նկարը երևա։ Հեռախոսը լուսանկարել մեզ թույլ չի տալիս․ պաշտպանում է տղային։ Հիշում է, որ ոստիկան դառնալու որոշում շատ անսպասելի կայացրեց։ Նախկինում երբեք այդ մասին չէր խոսել։ 2001թ․-ին բանակից վերադարձավ ու մի քանի ամիս անց աշխատանքի անցավ իրավապահ համակարգում։
«Շատ հաճույքով էր աշխատանքի գնում։ Սկզբում աշխատում էր Շամպայնի ձորում, այդ ժամանակ անգամ մեքենա չուներ, ամեն առավոտ ոտքով էր ձորն իջնում։ Հետո մի հատ կապույտ ժիգուլի առավ»։
Տիգրան Առաքելյանն ընկերների հետ
Լիպարիտն էլ հիշում է, որ առաջին մի 10 օրն անգամ ընկերներից գաղտնի էր պահում աշխատանքը, հետո խոստովանեց․ զարմացան։ Տիգրանի ու Լիպարիտի ընկերությունը մանկապարտեզից էր սկսվել, շարունակվել դպրոցում ու դրանից հետո։ Այդպես արդեն 35 տարի։ Սեպտեմբերի 22-ին էլ Տիգրանի 38-ամյակն էին նշում։ Ուրախ էր, կատակասեր, դրա կողքին նաև նուրբ հոգի ուներ, կարող էր նեղանալ, վիրավորվել, եթե, օրինակ, վստահ էր, որ ինքը ճիշտ է, բայց իրեն չեն լսում։