Բանաստեղծ, պատմագիր, թարգմանիչ… պարզապես լավագույն հայ ԼԵՎՈՆ ՄԻՐԻՋԱՆՅԱՆԻ հիշատակի օրն է նոյեմբերի 16-ը (2004թ.):
Չգիտեմ, թե քանի մարդ է հիմա հիշում այս հրաշալի մարդուն, ով հայ մշակույթի տարեգրության մեջ թողել է իր նկատելի, իր անջինջ էջը:
Թողեց իր բազում գրքերով, «Հայաստան-Ուկրաինա» ընկերության նախագահը եղած ակտիվ գործունեությամբ, հայ-ուկրաինական գրական կապերի զարգացման ուղղությամբ ներդրած իր մեծ ջանքերով, ակտիվ գործերով որպես «Բնօրրան» պաշտոնահանդեսի, ինչպես նաև որպես «Հայ դպրությանՎ պաշտոնահանդես «Արևագալ» ամսագրի գլխավոր խմբագիրը։
Լեւոն Միրիջանյանի գրական հունձքը մեզանից հեռու է վանում արահետ ու անուն մամուռներում կորցնելու վախը, եւ մենք շարունակում ենք նրա ոտնահետքերի վրա պատկերել կենդանի տեսլականը մի մտավորականի, մի բանաստեղծի, հայ դպրության, հայ մշակույթի ակունքները մեր օրերին բերող-շաղկապողի, երկրի օրվա հրամայականներին ու գալիքին միտված բազում ծրագրերին ձեւ ու կերպ տվող մի անհատի:
Ազնիվ ապրումների այդ անհատը կարողացավ մեր ազգային արժեքների վրա մեկիկ-մեկիկ դասել ու կուտակել իր ստեղծածը: Իր որոնումների մեջ միշտ հաջողակ` նա մեր հայացքը դարձրեց անցյալին ու մեզ տրամադրեց գալիքին նայել այդ պատկերների համադրումով, քանզի այդ երկուսի զուգահեռումի մեջ դեպի գալիք ճանապարհն ավելի հաստատուն է, ավելի հստակ ու ճշծւմարիտ: Նրա գործունեությունը սերունդների համար պատմության ակունքների, գեղեցիկի ու բարոյականի աշխարհի վրա բացվող պատուհան էր` վերջիններիս տրամադրելով մտորելու մեր երկրի պատմության, մեր Մեծերի թողած ժառանգության, ազգային մնայուն արժեքների եւ դրանց Նոր արժեքներ ավելացնելու հրամայականի մասին: Մտորելու եւ ձեւավորելու նոր մոտեցումներ ու նոր պահվածքը:
Այդ պատուհաններից միշտ հնչում էին մայրենի անաղարտ ու ոսկեղնիկ լեզուն, որի ազնիվ ու նվիրյալ քարոզիչը մեն մի նպատակ ուներ` «Մենք պիտի մեզ բավարարված զգանք միայն այն ժամանակ, երբ լեզվի ու մշակույթի հանդեպ մեր վերաբերմունքը բերենք այն նույն հարթության, ինչ էր մեր հինգերորդ դարում` մեր Ոսկեդարում»:
Ի՜նչ նախանձախնդիր վերաբերմունք ուներ հատկապես մեր ժողովրդի պատմության հանդեպ, ի՜նչ ցավագին էր տանում, երբ այդ պատմության փառավոր էջերը հաճախ խեղաթյուրված էին ներկայացվում սերունդներին:
Ի՞նչ պարտք ուներ իր ժողովրդին: Չուներ ու չունեցավ-նրա գրական հունձքը, նրա մշակութային արգասաբեր գործունեությունը տեղ չէին թողել պարտք ունենալու: Միշտ բծախնդիր իր արածի, իր խոսքի, իր վերաբերմունքի ու պահվածքի հանդեպ: Միշտ մտահաս, հարուստ լեզվապաշարի տեր:
Մեր անցյալի մեծամեծների կանչը սերունդներին բերող նրա գործերի լուսապսակը եղավ «Երգի հովիվը» պոեմը: Չարենցից ու Սեւակից հետո ծավալուն գործով Կոմիտասին անդրադառնալը Միրիջանյանի մեծ խիզախումն էր: Պոեմը թարգմանվեց բազմաթիվ լեզուներով, իսկ 1969 թվականից ի վեր ռադիոյով սփռվում է Հայաստան եւ սփյուռք` պոեզիայի գեղեցիկ լեզվով Կոմիտասի դեգերումները որպես համայն հայության ճակատագիր ներկայացնելով:
Լեւոն Միրիջանյանը ձեռքը չպարզեց տիտղոսների, չհայցեց մեծարումներ: Նրան բավարար էին բազում ռադիոլսողների հեռախոսազանգերը ռադիոտուն` «Երգի հովիվը» կրկնելու խնդրանքով, հեռախոսազանգերն իրեն` շնորհակալական խոսքերով: Դա էր նրա տոնը, եւ նրա այդ տոնի զարդերն էին Վահան Թեքեյանի անվան համահայկական մրցանակը, «Երգի հովիվը» պոեմի թարգմանությունը արաբերեն, անգլերեն, ռուսերեն, ուկրաիներեն, պորտուգալերեն: Վիլյամ Սարոյանը սփյուռքում հեռարձակվող հայկական ռադիոյով լսել ու ձայնագրել էր պոեմի ռադիոկոմպոզիցիան: Երբ Միրիջանյանը Ֆրեզնոյում այցելել էր Սարոյանին ու միասին կրկին անգամ լսել էին, Միրիջանյանը ստացել էր գրողի գնահատանք-շնորհավորանքը. «Ի՜նչ աղվոր գործ է, Լեւոն: Կարծեմ շատերը չէ, որ Կոմիտասի մասին գրած են՝ Եղիշե Չարենց, Պարույր Սեւակ, եւ այդ երկու մեծերից հետո` դուն, ապրիս, Լեւոն… Մետաքսյա Սիմոնյան, Բաբկեն Ներսիսյան, Սոս Սարգսյան, ի՜նչ աղվոր են կարդում, ի՜նչ գեղեցիկ են ներկայացնում քո հրաշալի պոեմը»:
Ընթերցողի համար Լեւոն Միրիջանյանն այն թարգմանիչն էր, որ ուկրաինական պոեզիան` հայի եւ հայկական պոեզիան ուկրաինացու համար մատչելի, ընդունելի ու սիրելի դարձրեց: Իր բնույթով զարմանալի համեստ, ինքն իրեն երբեւէ չցուցադրող այդ վառ անհատը պարգեւների ու ճանաչումների ձեռք չմեկնեց. պարզապես ուշացան նրանք, ովքեր կոչված էին դա նկատել: Այդպես ուշացած մնացին անգամ այն ժամանակ, երբ Ուկրաինան արդեն մեծարում ու տիտղոսների էր արժանացնում հայ բանաստեղծին, եւ այդ երկրի նախագահն այստեղ` Երեւանում, Միրիջանյանին հանձնում էր իր երկրի բարձր պարգեւը` Գրիգորի Սկովորոդայի անվան Միջազգային գրական մրցանակը:
Իր գրական ու հասարակական գործունեության հունձքով վաստակի ծիրանին ուսած այդ բարի մարդը բավարարության զգացում երբեւէ չուզեց ապրել, եւ իրեն միշտ թվում էր, թե Աստված իրեն հազար տարվա կյանք է խոստացել: Աստծու հետ մենախոսեց, բայց սրտի հետ հաշվի չնստեց: Իր գլխին հազար գործ կուտակեց` սրտին չհարցնելով` «Կդիմանա՞ս, սիրտ»: Միշտ պայծառ, միշտ ժպտուն, ուրախ ու… իբր` անհոգ, որ որեւէ մեկի համար ծանրություն չդառնա հանկարծ: Ու նրա այդ հմայիչ կերպարը` սիրելի ու տարածուն, հիշողության անբաժան մաս դարձավ բոլոր նրանց համար, ովքեր առիթ, պատիվ ու բախտ ունեցան ճանաչելու նրան:
Լո՜ւյս քո պայծառ շիրիմին, սիրելի Լեւոն Միրիջանյան:
Հովհաննես Պապիկյանի ֆեյսբուքյան էջից: