«Երջանկություն» ու «հաջողություն» հասկացությունները շատ տարբեր են. հաջողությունն այլ մարդկանց գնահատականն է, իսկ երջանկությունը ներքին զգացողություն է։ Հաճախ այդ երկու հասկացողությունները շփոթում են։ Սա IDeA հիմնադրամի համահիմնադիր, UWC Dilijan College տնօրենների խորհրդի նախագահ, հայտնի գործարար Ռուբեն Վարդանյանի կնոջ` Վերոնիկա Զոնաբենդի կարծիքն է։ Նա Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում պատասխանել է ամուսնու հետ ծանոթանալու, կրթության դերի, իրենց երեխաների դաստիարակության, հայերեն խոսելու ու մի շարք այլ թեմաներին վերաբերող հարցերին։ Զրուցել է Նանա Մարտիրոսյանը։
– Ձեր կենսագրությունն ուսումնասիրելիս հետաքրքիր փաստ գտա` ավարտել եք Մոսկվայի ավիացիոն ինստիտուտը։ Ինչո՞ւ հենց այդ ուսումնական հաստատությունը։
– Միշտ ցանկացել եմ տեխնիկական բուհում սովորել։ Ծնողներս ավիացիոն ոլորտից են, ավելի ճիշտ` ավիատիեզերական։ Իմ այդ բուհում սովորելն էլ երևի կանխորոշված էր։
– Ինքս աշխատել եմ ավիացիոն ոլորտում ու նկատել եմ, որ «երկնքի մարդիկ» տարբերվում են ։ Դուք ի՞նչ կարծիքի եք։
– Իրականում` այո (ժպտում է) ։ Պարզապես այդ ոլորտում աշխատող ոչ բոլորն են վարակված թռիչքի երազանքով։ Վաղ շրջանում նրանք իսկապես երազողներ էին, իսկ հիմա այդ ոլորտում շատ ու տարբեր են մարդիկ։
Իմ հիմնական մասնագիտությունը Տիեզերական թռչող սարքերի կենսապահովման համակարգերի ինժեներությունն եմ համարում։ Չնայած, որ հետագայում նաև ֆինանսական ու բանկային կրթություն եմ ստացել, բայց ո՛չ բանկիր, ո՛չ էլ ֆինանսիստ չեմ զգում ինձ։
— Չնայած տեխնիկական կրթությանը, Ձեր հիմնական գործունեությունը հումանիտար ոլորտում է, հիմնականում` կրթական։ Դժվա՞ր չէ։
– Հետաքրքիր է։ Այս ոլորտն իմ կիրքն է։ Ինձ դուր է գալիս այս աշխատանքն ու շփումը մարդկանց հետ, որոնք առաջնորդվում են մեծ գաղափարներով ու երազանքներով։ Չնայած կրթության ոլորտը պահպանողական է, բայց այժմ տեղի են ունենում գլոբալ փոփոխություններ։ Բոլորը հասկանում են, որ ժամանակակից կրթությունը չի համապատասխանում նոր հետարդյունաբերական հասարակության կարիքներին։ Այս ոլորտ գալիս են մարդիկ, որոնք ունեն մեծ ու հետաքրքիր գաղափարներ։ Սա կյանքի այն հատվածն է, որը թույլ է տալիս նոր իրողություններ ստեղծել։
— Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի 21-րդ դարի կրթությունը։
– Կան մի քանի կարևոր հմտություններ, որոնք ապագայում շատ կարևոր կլինեն։ Ավելի ու ավելի քիչ են հետաքրքրում դիպլոմները։ Մենք գնում ենք ու երևի արդեն ապրում ենք մի իրականությունում, որտեղ ամենամեծ արժեքը մարդն է ու նրա ներուժը։ Ստեղծագործ, ոչ ստանդարտ մտածող ու հաստատակամություն դրսևորող մարդն է ամենամեծ արժեքը։ Այն մարդը, որ հետ չի կանգնում նպատակից, կարողանում է դուրս գալ հարմարավետության գոտուց ու իր վրա վերցնել ռիսկն ու պատասխանատվությունը։ Կրթությունը պետք է նպաստի նման մարդկանց զարգացմանը։
Ժամանակակից տեխնոլոգիաների շատ հնարավորություններ են ընձեռում։ Շատ բան կարելի է իմանալ ու ուսումնասիրել համացանցում։ Եվ ուսուցչի դերն է մի փոքր փոխվել։ Այժմ նա ոչ միայն գիտելիք փոխանցող է, այլև ոգեշնչողն ու մոտիվացնողը։ Մենթոր է, որն օգնում է գտնել քեզ, հասկանալ` ինչով ես ուզում զբաղվել, ինչպես ապրես ժամանակակից հասարակությունում ու ինչպես սոցիալականացվես։ Հենց այս խնդիրները պետք է լուծի կրթությունը։
– Ո՞վ է եղել Ձեր մենթորը։
– Իրենք շատ են։ Շատ հարցերում իմ մենթորը Ռուբենն է։ Դա շատ կարևոր է, ու ես երջանիկ եմ, որ նման մարդու եմ հանդիպել ու այսքան տարի մենք միասին ենք։ Ուրախ եմ, որ մենք ունենք ընդհանուր հայացքներ ու աշխատանք։
Նաև իմ մենթորն է պրոֆեսոր Էլիզաբեթ Էնգելաուն։ Եթե խոսենք կնոջ դերային մոդելի մասին, ապա դա ինքն է։ Նա կին է, որ մարդկային մեծ իմաստություն է կրում իր մեջ։ Մայրիկս է նաև իմ մենթորը։ Նրանից միշտ ուզում ես խորհուրդ հարցնել կամ քննարկել ինչ–որ հարց։
– Ձեր երեխաներին ինչպե՞ս եք դաստիարակում։
– Շատերը կարծում են, որ իրենց վրա փորձեր ենք անում։ Բայց մենք հասկանում ենք, որ ապագայում կարևոր է լինելու անորոշության պայմաներում ապրելն ու ստեղծագործելը։ Դա սթրես չէ, այլ նոր իրականություն։ Այս անորոշության ժամանակաշրջանում կարևոր է հարմարավետության գոտուց դուրս գալը։ Մենք փորձում ենք լսել մեր երեխաներին ու հասկանալ նրանց ցանկությունները։ Օրինակ` մեր ավագ երեխաները հայտնեցին, որ չեն ուզում համալսարանում սովորել , այլ ուզում են աշխատել, ու չնայած մենք այլ պատկերացումներ ունեինք, ընդունեցինք իրենց որոշումը։
– Ձեր ավագ որդու` բանակում ծառայելու որոշումը նույնպես հարմարավետության գոտուց դուրս գա՞լ էր։
– Միանշանակ, մանավանդ եթե հաշվի առնենք, որ նա նոր էր ավարտել անգլիական դպրոցը։ Մեզ համար այդ որոշումը շոկային էր։ Չեմ կարող ասել, որ ողջունել եմ այն։ Մանավանդ, որ որոշել էր Ղարաբաղում ծառայել։ Բայց մենք ընդունեցինք նրա որոշումը։ Իսկ հիմա կարծում ենք, որ այն գիտակցված էր։
– Շա՞տ էիք անհանգստանում։
– Այո։ Շատ ծանր ժամանակներ էին։ Որդուս ծառայությունը համընկավ ապրիլյան պատերազմի հետ։ Անքուն գիշերներ էին ու սպիտակ մազեր։
– Խոսենք ձեր ամուսնուց։ Ինչպե՞ս եք ծանոթացել:
Ծանոթացանք Ռուբենի կուրսեցու հրաժեշտի երեկույթին։ Նա մեկնում էր ԱՄՆ ուսումը շարունակելու։ Արագընթաց սիրավեպ էր մերը։
– Ասում են` նա փոփոխական մարդ է, նրա հետ շատ դժվար է։
– Այդպես չէ։ Նա շատ կայուն է ու հետևողական։
– Վերջերս ծանր շրջան էր Վարդանյանի համար։ Ինչպե՞ս էիք օգնում նրան։
– Մենք ամեն բան միասին ենք անում ու ոչ նրա համար, որ հայտնի լինենք կամ երախտիքի խոսքեր լսենք։ Միանշանակ հաճելի է, երբ գնահատվում է աշխատանքդ, բայց մեր վերջնակետը դա չէ։ Երևի մենք իսկապես կարևոր գործով ենք զբաղված, եթե նման բացասական արձագանք եղավ, երևի ինչ–որ մեկի ոտքն ենք տրորել։ Կասկած չունենք, որ ամեն բան ճիշտ ենք անում ու Աստծո առաջ մաքուր ենք։ Մեր ծրագրերն երկարաժամկետն են, ու ժամանակ է պետք դրանց արդյունավետությունը հասկանալու համար։
– Համացանցում նկատել եմ UWC Dilijan College երեխաների հայերեն տեսանյութերը։ Փաստորեն հայկական մշակույթի դեսպաններ եք դաստիարակում։
– Մեր դպրոցում ABC (Аrmenian by choice – ընտրությամբ հայ) սերունդ է սովորում։ Այո նրանք դառնում են երկրի դեսպանները։ Այդ երիտասարդներից ոմանք կդառնան նախագահներ ու վարչապետներ, խոշոր ընկերությունների ղեկավարներ ու որոշում կայացնելիս հաշվի կառնեն ուսուցման տարիներն ու ապրումները։ Նրանցից շատերը յուրահատուկ վերաբերմունք ունեն Հայաստանի ու այստեղ ապրող մարդկանց նկատմամբ։ Էլ չասեմ, որ շատերը հայկական արմատներ են գտնում։
– Իսկ դուք ունե՞ք հայկական արմատներ։
– Ռուբենի հայրիկը վստահ էր, որ ունեմ։ Բայց ես հայ եմ by choice (ընտրությամբ) կամ by default (կանխադրված). իմ սիրտն այստեղ է։ Առաջին անգամ եկա Հայաստան 15 տարեկանում։ Դպրոցական այց էր։ Դեռ այն ժամանակվանից Հայաստանը ինձ համար յուրահատուկ երկիր է` արևոտ ու ուրախ։ Դիլիջանի հանդեպ էլ յուրահատուկ վերաբերմունք ունեմ։ Միշտ էլ սիրում ես այն, ինչի վրա շատ ջանք ու ժամանակ ես ծախսել։
– Հայերեն սովորե՞լ եք։ Սիրած արտահայտություն ունե՞ք։
– Այս 25 տարիների ընթացքում դեռ չեմ հասցրել, բայց խոսակցական լեզուն հասկանում եմ։ Չգիտեմ ինչու, ինձ համար դժվար խնդիր է, որովհետև այբուբենն ու լեզվի կառուցվածքը այլ է, բայց մտադիր եմ սովորել։ Չեմ կարող ասել , որ «շուտ արա» արտահայտությունն եմ սիրում, բայց «ջանը» սիրում եմ։ Այն շատ է գործածվում։
– Իսկ տոլմա եփե՞լ եք։
– Մեր ընտանեկան ավանդույթներից է կիրակնօրյա ընտանեկան ճաշկերույթը։ Տոլմա չեմ եփում, բայց լավ խաշլամա եմ պատրաստում։
– Մի անգամ նշել եք, որ ավելի կարևոր է երջանիկ լինել, քան հաջողակ։ Դուք երջանիկ եք, թե հաջողակ։
– «Երջանկություն» ու «հաջողություն» հասկացությունները շատ տարբեր են։ Հաջողությունն այլ մարդկանց գնահատականն է, իսկ երջանկությունը ներքին զգացողություն է։ Հաճախ այդ երկու հասկացողությունները շփոթում են, կարևոր է զգալ երջանկությունը, իսկ շրջապատի գնահատականը երկրորդական է։
Լավ է հաջողակ լինել, բայց կան շատ հաջողակ ու հարուստ մարդիկ, որ դժբախտ են։ Այդպես է, որովհետև նրանք չեն անում այն, ինչ ուզում են։ Նրանց փոխարեն կատարել են ընտրությունը։ Կրթության ու ծնողների ամենակարևոր խնդիրն է օգնել երեխաներին հասկանալ` ով են իրենք ու ինչ են ուզում։
Երջանկության կարևոր բաղադրիչն է սերը ու ճիշտ մարդու հանդիպելը, որի հետ շատ ընդհանրություններ ունես։ Սիրել ու նվիրվելը մեծ ուժ է տալիս։ Միանշանակ ես երջանիկ եմ։