Մոսկվայի կենտրոնում` Գորկու այգում, «Գարաժ» ժամանակակից արվեստի թանգարանի դիմաց 2020 թվականի գարնանն ամառային կինոթատրոն կկառուցվի հայկական ճարտարապետական ստուդիայի էսքիզներով։ Այս մասին հայտնում է Թանգարանի պաշտոնական կայքը։
Ամուսիններ Աշոտ և Արմինե Սնխչյանների կողմից Երևանում 2015 թվականին հիմնադրված «SNKH» ստուդիան հաղթել է Garage Screen ժամանակավոր ամառային կինոթատրոն կառուցելու մրցույթում։ 136 հայտ է ուղարկվել Ռուսաստանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից և Ղրղըզստանից։ Ստուդիայի նախագիծը լավագույնն է ճանաչվել։
«SNKH» ստուդիայի թիմը ոչ ստանդարտ գաղափար է առաջարկել` շուռ տված տաղավար։ Ինչպես հայտնում է թանգարանի կայքը, ստուդիայի ղեկավար Աշոտ Սնխչյանն իր հայեցակարգը ներկայացնելիս նշել է, որ նախագծում արտացոլվել են ճարտարապետական բազմաթիվ ավանդույթներ, անուններ և ուղղություններ` բեդվինների շինություններից մինչև Իվան Լեոնիդով և Շիգերու Բան։
Ժյուրիի անդամներից մեկը` «Ստրելկա» մեդիայի, ճարտարապետության և դիզայնի ինստիտուտի տնօրեն Վարվարա Մելնիկովան, իր ընտրությունը հիմնավորելով, ասել է. «Հայաստանից «SNKH» ստուդիայի շուռ տված կոնստրուկցիայով նախագիծը արմատապես տարբերում է մյուս մասնակիցների հայեցակարգերից և նախորդ տաղավարներից։ Ճարտարապետների մոտ արտահայտիչ և իրականացվող նախագիծ է ստացվել»։
«Գարաժ» ժամանակակից արվեստի թանգարանը 2008 թվականին հիմնադրել են Դարյա Ժուկովան և Ռոման Աբրամովիչը։ Թանգարանն իր այցելությունների քանակով 5-րդն է Մոսկվայի թանգարանների շարքում. 2018 թվականին «Գարաժ» է այցելել 818 հազար մարդ։