Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական մրցաշարի՝ Եվրո 2020-ի վերջին տուրում Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղից եւ մեր հավաքականի խայտառակ՝ 9։1 հաշվով պարտությունից հետո Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի, եւ հատկապես՝ ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հրաժարականի պահանջներ են հնչում։
Ընդ որում, իշխանական շրջանակներից՝ նույնպես, չնայած գործկոմի անդամների թվում շատ են Քաղպայմանագրի անդամները։ Իրենք՝ ՔՊ-ական անդամներից ոմանք էլ են պահանջում Վանեցյանի հրաժարականը եւ խոսում են նրա թերացումների մասին։ Ակնհայտ է, որ իշխանությունը դեռ չի մարսել ԱԱԾ պետի պաշտոնից Արթուր Վանեցյանի հրաժարականը եւ դրան ուղեկցող հայտարարությունը ու նրանից նաեւ որոշակի վտանգ է տեսնում։ Մանավանդ, իրենց իսկ իրականացրած հարցումներով Արթուր Վանեցյանի ռեյտինգը բավականին բարձր է դեռեւս եւ նա քաղաքականություն մտնելու լուրջ շանսեր ունի։
Արթուր Վանեցյանը պատրաստվում է պատասխանել այս հարձակումներին եւ առհասարակ՝ իր հետ կապված տարբեր հարցերի, եւ որոշել է ընդունել Սաթիկ Սեյրանյանի հրավերն ու հյուրընկալվել նրա հեղինակային հաղորդմանը՝ «Պրեսսինգին»։ Այսօր երեկոյան հաղորդումը նկարահանվելու է, ապա տեղադրվելու է 168․am կայքում եւ ցուցադրվելու է «Արմնյուզի» եթերում, որտեղ արդեն մոտ մեկ ամիս է եթեր է դուրս գալիս «Պրեսսինգը»՝ շաբաթական մեկանգամյա ռեժիմով։