Հայաստանում 2020 թվականից նախատեսվում է ներդնել կենդանիների հաշվառման և համարակալման համակարգ:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը, կենդանիների հաշվառման և համարակալման ծրագիրը մշակվել է երեք տարվա համար և բյուջեից կհատկացվի 2 միլիարդ 488 հազար ՀՀ դրամ գումար, որի արդյունքում կհաշվառվի ավելի քան 570 հազար գյուղատնտեսական կենդանի: Նախնական փուլում կատարվելու է միայն խոշոր եղջերավոր կենդանիների հաշվառում և համարակալում, հետագայում մյուս կենդանիները ևս կանցնեն ծրագրով:
Կենդանիների հաշվառման և համարակալման նախապատրաստական ծրագրի ղեկավար Նազելի Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ կենդանիների համարակալումը և հաշվառումը հանդիսանալու է հիմք մնացած բոլոր անասնաբուժական, սննդի անվտանգության, հանրային առողջության ծրագրերն իրականացնելու համար: «Այսինքն` կլինի տեղեկատվական էլեկտրոնային շտեմարան, որից օգտվելու են նմանատիպ ծրագրեր իրականացնողները»,-ասաց Գրիգորյանը:
«Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն»-ի (CARD), Ավստրիական զարգացման գործակալության (ADA) ֆինանսավորմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աջակցությամբ նոյեմբերի 20-ին տեղի ունեցած աշխատաժողովի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն ասաց, որ Հայաստանի Հանրապետության անկախացումից ի վեր երկրում չեն իրականացվել գյուղատնտեսական կենդանիների համատարած համարակալման, հաշվառման և անձնագրավորման աշխատանքներ:
«Մինչդեռ համակարգը, համակարգի ստեղծումը ռազմավարական առաջնահերթություն է ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև տարածաշրջանի համար: Չնայած որ Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի, Սյունիքի, Կոտայքի և Արարատի մարզերում պիլոտային ծրագրեր են իրականացվել խոշոր և մանր կենդանիների հաշվառման և համարակալման ուղղությամբ, սակայն համապետական լայնածավալ նույնականացման և հաշվառման ծրագրեր մինչև օրս կյանքի չեն կոչվել որոշ տեխնիկական և ֆինանսական խնդիրների հետ կապված»,- ընդգծեց Գաբրիելյանը:
Ներկայումս Հայաստանում անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկատվության միակ աղբյուրը ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից ստեղծված հանձնաժողովն է, որի միջոցով հաշվառում է իրականացվում տարին մեկ անգամ; Սակայն ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ առկա է փաստացի գլխաքանակի տվյալների տարբերություն: «Առկա գլխաքանակի վերաբերյալ ստույգ տեղեկատվություն և կենդանիների տեղաշարժի նկատմամբ հսկողության սահմանումը ամենաառանցքային գործոնն է կենդանական ծագման սննդամթերքի շարժի ապահովման գործընթացներում, որին կարելի է հասնել գյուղացիական կենդանիների համարակալում և հաշվառում իրականացնելու միջոցով: Միաժամանակ, համակարգի կիրառումը կարող է տարբեր խնդիրների լուծման համակարգային թերությունների վերացման գործիք հանդիսանալ: Այն կարող է խիստ վերահսկողություն սահմանել հանրապետության այնպիսի կարևոր բնագավառներում, ինչպիսիք են մարդկանց և կենդանիների համար ընդհանուր հիվանդությունների հայտնաբերումը և արագ արձագանքումը կենդանական ծագման մթերքի սերտիֆիկացման և փաստաթղթավորման, ներկման և արտահանման գործընթացներում», -եզրափակեց Գաբրիելյանը: