Գորան Բրեգովիչի երևանյան համերգը չեղարկվել է. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Գորան Բրեգովիչի երևանյան համերգը չեղարկվել է. armeniasputnik.am

Գորան Բրեգովիչի համերգը չեղարկվել է: Ինչպես տեղեկացնում են համերգի կազմակերպիչ AVM production ընկերությունից, նոյեմբերի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայանալիք հայտնի երաժիշտ և կոմպոզիտոր Գորան Բրեգովիչի համերգը տեղի չի ունենա:

«Ընկերության կողմից կատարվել են համերգի հետ կապված բոլոր նախապատրաստական-կազմակերպչական աշխատանքները: Սակայն ընկերությունը բախվել է լուրջ ֆինանսական խնդիրների, որոնք առաջացել են վաճառված տոմսերի համընդհանուր վերադարձի պատճառով»,– ասվում է ընկերության տնօրինության հայտարարության մեջ :

Հանդիսատեսի նման վարվելակերպը ընկերությունը թեև չի ողջունում, սակայն փաստում է, որ այն ունի որոշակի օբյեկտիվ պատճառներ: Ինչպես արդեն հայտնի է, Երևանի քաղաքապետարանը Ամանորի գիշերը Հանրապետության հրապարակում կազմակերպում է Գորան Բրեգովիչի բարեգործական համերգը, ինչի պատճառով էլ մարդիկ վերադարձնում են կազմակերպված համերգի վաճառված տոմսերի հիմնական մասը։

Ընկերությունից տեղեկացնում են նաև, որ վաճառված տոմսերի գումարները կվերադարձնեն մինչև 2019թ. դեկտեմբերի 20-ը:

Գորան Բրեգովիչը հայտնի երաժիշտ է և երգահան։ Նա Էմիր Կուստուրիցայի գրեթե բոլոր հանրահայտ ֆիլմերի երաժշտության հեղինակն է, որոնց թվում են «Սև կատու, սպիտակ կատու», «Գնչուների ժամանակը», «Արիզոնյան երազանք», «Անդերգրաունդ» ֆիլմերը։

Գորան Բրեգովիչն առաջին անգամ Հայաստանում համերգ է տվել 2010-ին «Երևանյան հեռանկարներ» երաժշտական փառատոնի շրջանակում: Ծրագիրը կոչվում էր «Ալկոհոլ»: 2012-ին նա Երևանում համերգ է տվել իր «Հարսանիքների և թաղումների նվագախմբի» հետ:

armeniasputnik.am