ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վահե Էնֆիաջյանն ու Իվետա Տոնոյանն առաջարկում են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով դրամական միջոցներ նախատեսել՝ Էրեբունի վարչական շրջանի վթարային մի քանի շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու համար:
Օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացրած առաջարկների գրությունն իր «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակել է Էնֆիաջյանը:
Պատգամավորները, մասնավորապես, նշել են, որ առնվազն Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի. 19, Վարդաշենի 6-րդ փողոց, 66ա/1 և Վարդաշենի 6-րդ փողոց, 68ա հասցեներում գտնվող շենքերը պետք է լինեն առաջնային ուշադրության կենտրոնում, վթարայնության հիմնավորմամբ ընդգրկվեն 2020 թվականի քանդման ենթակա շենքերի ցանկում՝ հնարավոր փլուզման արդյունքում անդառնալի հետևանքներից խուսափելու համար: Նրանք առաջարկել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսել անհրաժեշտ դրամական միջոցներ՝ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի, 19, Վարդաշենի 6-րդ փողոցի, 66ա/1 և Վարդաշենի 6-րդ փողոցի, 68ա հասցեների բնակիչներին վերաբնակեցնելու համար:
Նույն գրությամբ պատգամավորներն առաջարկել են նաև 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսել անհրաժեշտ դրամական միջոցներ՝ ուսանողներին տրամադրվող կրթաթոշակների չափը 2020 թվականին բարձրացնելու նպատակով: