«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը «Փախուստ», «Կյանքի գինը», «Վերադարձ», «Ոստիկաններ» եւ այլ հեռուստասերիալներից հայտնի դերասան, մի շարք հեռուստանախագծերի պրոդյուսեր, «Casting School» կինոյի եւ հեռուստատեսության դպրոցի տնօրեն Աբել Աբելյանն է: Նա անդրադարձել է իր բնավորության գծերին, լավ կնոջ մասին իր պատկերացումներին, նշել է, թե ինչը երբեք չի ներում, եւ ով է իր ամենասուր քննադատը: Նա խոստովանել է, որ չափազանց բարի է, եւ մարդիկ հաճախ շահագործում են իրեն դրա համար: Աբելը անկեղծացել է, թե երբ է իրեն լիարժեք երջանիկ զգում:
-Աբե՛լ, Դուք ապրում եք անցյալո՞վ, ներկայո՞վ, թե՞ ապագայով:
-Ներկայով եւ ապագայով:
-Ձեր ոլորտից կա՞ մեկը, ում հանդեպ առանձնակի ակնածանք եք տածում:
-Այս պահին կդժվարանամ ասել, բայց հաստատ կան մարդիկ, որոնց ես շատ եմ հարգում, որոնցով հիանում եմ:
-Միանգամից ընկերանում եք, հետո «մաղո՞ւմ», թե՞ նախապես զգուշավորություն եք ցուցաբերում:
-Ես հեշտությամբ եմ մարդկանց հետ շփվում, բայց միանգամից չեմ ընկերանում, ուղղակի հետո շփման դոզան ճիշտ բալանսի վրա եմ պահում, որպեսզի միմյանց երբեւէ չվանենք:
-Ապրում եք սպասելո՞վ, թե՞ սպասում եք ապրելով:
-Ապրում եմ՝ գործելով: Ինչի՞ն սպասեմ, ժամանակ չկա…
-Ամենազարմանահրաշ բանը, որ ստեղծել է մարդը:
-Աստծո օգնությամբ, իհարկե, երեխաները:
-Շարունակե՛ք միտքը. «Կինը երբեք չպետք է…»
-Չպետք է դադարի կին լինելուց:
-Որո՞նք են կանացիության Ձեր չափանիշները:
-Կինը պետք է լինի այնպիսին, ինչպիսին ինքն է ուզում: Ինձ համար լավ կինը նա է, որը լավ զավակ է եւ լավ մայր: Մնացածը էական չէ:
-Երբեք չեք համաձայնի նկարահանվել այն ֆիլմերում…
-Այն ֆիլմերում, որոնց նախնական սցենարն ինձ դուր չի գա: Առհասարակ, ֆիլմի որակը երեւում է վերջում, էկրանին: Կինոն կոլեկտիվ աշխատանք է:
-Վախենում եք, որ…
-Չեմ վախենում ոչնչից:
-Ի՞նչը երբեք չեք ներում:
-Անփութությունը՝ իր բոլոր դրսեւորումներով, մարդկային հարաբերություններում, կենցաղում, աշխատանքի մեջ: Անփությունն ամենավտանգավոր բանն է. անփութորեն կարող ես մարդ սպանել:
-Եթե չլիներ հումորը…
-Կլիներ դրան փոխարինող ուրիշ մի բան:
-Ի՞նչ է արվեստը, ո՞րն է Ձեր սեփական բնորոշումը:
-Դժվար հարց եք տալիս… Այսքան տարի արվեստի մեջ եմ, բայց մինչեւ վերջ չեմ հասկացել՝ ինչ է արվեստը: Երեւի դա այն է, ինչ դիպչում է հոգուն ու խորհելու առիթ է տալիս:
-Ձեր բնավորության անտանելի գիծը, որից ինքներդ էլ կցանկանայիք ձերբազատվել:
-Անտանելի բարի եմ, մարդիկ օգտվում են դրանից, բայց դրանում ես եմ մեղավոր, ոչ թե նրանք, ում հանդեպ ես բարի եմ:
-Եվ վերջին հարցը՝ ե՞րբ եք Ձեզ լիարժեք երջանիկ զգում:
-Երբ գրկում եմ երկու որդիներիս:
Աննա Բաբաջանյան
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: