Շատ շուտով «Արմենիա TV» հեռուստաընկերությամբ կմեկնարկի «Համազգային աստղ» նախագիծը: Հեռուստատեսությամբ նախագծի մասին անոնսից պարզ դարձավ, որ շոու-ծրագրեր սիրող հանդիսատեսին թարմ ու հետաքրքիր նախագիծ է սպասվում` հատկապես հաշվի առնելով այն փաստը, թե ինչպիսի մասնագետներ են կազմակերպում այս նախագիծը: Այսպիսով, «Համազգային աստղ» նախագծի շրջանակներում կհավաքվեն 18 (և բարձր) տարիքի տաղանդավոր մի խումբ հայ երիտասարդներ ամբողջ աշխարհից, որոնք երկարատև աշխատանքի արդյունքում հեռուստադիտողի աչքի առաջ աստղ կդառնան: Նախագծին մասնակցելու հայտերի ընդունումն ավարտվել է հուլիսի 15-ին: «Համազգային աստղ» նախագծի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի խոսքերով, մասնակցության հայտեր են ստացվել Լոս Անջելեսից, Մոսկվայից, Սվերդլովսկից, Պարսկաստանից, Սիրիայից, Թբիլիսիից և այլ վայրերից: Կլինեն մասնակիցներ նաև Հայաստանից: Գ. Նազարյանը, սակայն, մեզ հետ զրույցում նշեց, որ թերևս ավելի շատ մասնակիցներ լինեն Հայաստանի մարզերից, քան Երևանից. «Մենք երկար տարիներ շրջագայել ենք աշխարհով մեկ և համոզվել, որ շատ շնորհալի հայ երիտասարդներ կան, ովքեր ապրում են Հայաստանից դուրս, ու նրանց համար շատ դժվար է երևալը, ասպարեզ դուրս գալը, քանի որ նրանց համար այնտեղի հայկական շուկան բավական փոքր է, իսկ միջազգայինը, բնականաբար, պրակտիկորեն ռեալ չէ: Դրա համար գաղափար ծնվեց, որպեսզի մենք այս մեծ նախագծի շուրջ հավաքենք ամբողջ աշխարհում ապրող տաղանդավոր հայ երիտասարդներին: Այս նախագծի յուրահատկությունը նրանում է, որ ռեալիթի շոու չէ, որպեսզի մասնակիցներն ապրեն իրար հետ, ոտքը ոտքին գցած նստեն և այլն: Նման բան չի լինելու: Յուրաքանչյուրի հետ առանձին աշխատանք է տարվելու, որովհետև շատ լուրջ մարդիկ են ընդգրկված նախագծում, լուրջ թիմ է հավաքվել»:
Նախագծի եզրափակիչ փուլ է անցնելու 12 մասնակից: Հուլիս-օգոստոս ամիսներին «Համազգային աստղը» կմտնի հեռուստատեսային փուլ, շաբաթական երեք հաղորդում կցուցադրվի նախապատրաստական ընթացքի մասին: Իսկ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կլինի եզրափակիչ փուլը, և շաբաթը մեկ համերգ կկազմակերպվի, որը եթեր կհեռարձակվի: Ըստ Գ. Նազարյանի` «Համազգային աստղ» նախագծում հաղթող կամ նախագծից դուրս եկող չի լինելու: Պարզապես հեռուստադիտողների շրջանում յուրաքանչյուր շաբաթ կանցկացվի մասնակիցների ռեյտինգների ամփոփում. «Շատ սխալ է տարբեր ոճերի մեջ երգողներից հաղթող ընտրելը: Ամեն մեկն իր ոճի մեջ պետք է լավը լինի: Իսկ հայտերում ամենատարբեր ոճեր են ներկայացված` մեկը ռեփ է ներկայացնում, մյուսը` ժողովրդական, էստրադային և այլն: Բոլորը շատ տարբեր են լինելու, և հուսով ենք, որ այստեղ շատ կսիրվեն: Մեր առջև խնդիր դրված չէ, որպեսզի մի երեք ամիս եթեր ապահովենք ու վերջ: Բոլորիս համար կարևոր է, թե ի՞նչ է լինելու հետագայում, որովհետև նախագծին կմասնակցեն մարդիկ, ովքեր իրոք ուզում են դառնալ երգիչ ու այդ տվյալներն ունեն: Բոլորն էլ գիտեն` անհնար է, որ մեկնումեկը նախագիծ մուտք գործի ծանոթի միջոցով, քանի որ լուրջ ժյուրի կա, որն իր վերջնական կարծիքն արտահայտելու է: Նախագծի երաժշտական խորհրդի կազմում, բացի մեր խմբից, ընդգրկված են նաև Կոնսերվատորիայի դասախոսներ, վոկալի մասնագետներ և այլն: Ամենակարևորը մեր նախագծի կարգախոսն է, այն է` «Իրար գումարելով ձեր տաղանդը, մեր պրոֆեսիոնալիզմն ու համատեղ աշխատանքը»: Մեր ընտրած մասնակիցները շատ անհասանելի են լինելու բոլորի համար, ոչ ոք չի կարողանալու նրանց տեսնել, դրսում հանդիպել և այլն: Իրենք առավոտյան ժամը 9-ին, որպես դպրոց կամ ինստիտուտ, գալու են պրոֆեսիոնալ աշխատանքի և ամեն ժամի ունենալու են կոնկրետ առաջադրանքներ, անելու են իրենց գործը»:
Գրիգոր Նազարյանն ասում է, որ նախագիծն ավելի շատ կարելի է իբրև պրոդյուսերական աշխատանք որակել: Իրենց համար շատ ավելի կարևոր է, թե ի՞նչ են անելու ընտրված մասնակիցները նախագծից հետո, քան դրա ընթացքում. «Մենք հենց սկզբից ձևական պայմանագրեր չենք անելու: Նման բան չի լինի: Կտարվի լուրջ աշխատանք, ու եզրափակիչ փուլի ավարտից հետո «TATA PRODUCTION»-ն իր ընտրությամբ կորոշի, թե մասնակիցներից ում հետ կշարունակի պայմանագրով աշխատել: Այսինքն, պրոդյուսերական կենտրոնը կներկայացնի այսինչ կատարողին»:
Այսօր հայկական շոու-բիզնեսը, կարելի է ասել, «գերծանրաբեռնված» է աստղերով: Սակայն Գրիգոր Նազարյանը գտնում է, որ նոր մարդիկ պետք է հայտնվեն: Իսկ մեր էստրադայում շատերը կան, որոնցից կարելի է շատ բան վերցնել. «Եթե լավ բան կա, ապա կարելի է վերցնել: Եվ բնական է, որ այդ լավի կողքին նաև ոչ ընդունելի բաներ պետք է լինեն: Այսօր «աստղ» հասկացությունը շատ մարդկանց համար աղավաղվել է. եթե ոտքը ոտքին գցած` հեռուստաեթերից ծուռ ծիծաղում են, ապա աստղ են իրենց համարում: Ես դա սխալ եմ համարում, դրա համար մենք մասնակիցների ոճի, պահելաձևի վրա նույնպես աշխատելու ենք, քանի որ ներկայանալը շատ կարևոր է»:
Այսպիսով, գրեթե ամեն ինչ պատրաստ է նախագիծն իրականացնելու համար: «CS Media City»-ում երկու մեծ տաղավար է պատրաստվել, մասնակիցները կաշխատեն այնպիսի ձայնագրման ստուդիաներում, ինչպիսիք են «CS Records»-ը և «Ասպարեզ» ստուդիան: Արդեն գործում է նաև «Համազգային աստղի» ինտերնետային կայքը` www.armstar.tv, որտեղից հնարավոր է ստանալ նախագծի մասին ամբողջ տեղեկատվությունը: Նախագիծը կավարտվի նոյեմբերի սկզբին: Սակայն, ըստ Գրիգոր Նազարյանի, այն շարունակական է լինելու:
Ձեզ ենք ներկայացնում նաև այն հայտնի և պրոֆեսիոնալ մարդկանցից կազմված թիմը, որն իրականացնելու է «Համազգային աստղ» նախագիծը. Պրոդյուսեր Գրիգոր Նազարյան, երաժշտական պրոդյուսերներ Արա Թորոսյան (Մուրզիկ) և Արթուր Ասրյան (Պրոֆ), երաժշտական խմբագիր Արմեն Թորոյան, ոճաբան Լիլիթ Մարգարյան և, վերջապես, նախագծի գեղարվեստական ղեկավար Թաթա Սիմոնյան:
Նատաշա Հարությունյան
«3 Միլիոն»