Դասագրքերը լռում են. ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ԿՈՂՈՊՈՒՏԸ
1804 թ․ հունվարին գեներալ Ցիցիանովի գլխավորած ռուսական զորախումբը գրավեց Գանձակը, իսկ ամռանն ուղղություն վերցրեց Արարատյան դաշտ՝ նպատակ ունենալով գրավել Երեւանի բերդը։ Սա ցարական բանակի Երեւանյան առաջին արշավանքն էր։
Հավատալով հայոց պետականության վերականգնման շռայլ խոստումներին՝ հայությունը մեծապես օգնեց Ցիցիանովին։ Էջմիածնի միաբանությունը սննդամթերքի հսկայական պաշարներ տրամադրեց պարենի կարիք ունեցող թիկունքից կտրված ռուսական բանակին։ Ստեղծվեցին կամավորական հեծյալ խմբեր, որոնք ակտիվորեն ներգրավվեցին պատերազմական գործողությունների մեջ՝ կռվելով Ցիցիանովի զորաբանակի առաջին շարքերում։
1804-ի հունիսի 30-ին ռուսներն Էջմիածնի մատույցներում ջարդեցին Ֆաթալի շահի որդու՝ գահաժառանգ Աբաս Միրզայի գլխավորած պարսից զորքերին եւ մոտեցան Երեւանին։ Բերդի պաշարումը տեւեց երկու ամիս (հուլիսի 2-ից մինչեւ սեպտեմբերի 2)։ Պարսիկների դիմադրությունը կոտրել չհաջողվեց եւ Ցիցիանովը նահանջեց Թիֆլիս։
Նահանջի ճանապարհին ռուսները կողոպտեցին Սբ․ Էջմիածինը։ Ամենայն Հայոց կաթողիկոս Դանիել Ա Սուրմառեցին (1801-1808) գրում է․ «Եւ այն ինչ մտաք աստ այնպես տապալեալ եւ քայքայեալ, որ տեսողաց ամենից զսոսկումն եւ զդառնադառն կսկիծ եւ մորմոք առ բերեր ի սիրտս»։ Եկեղեցու դռները կոտրված էին, գանձեր գտնելու նպատակով պատ ու հատակ քանդված, շատ բան անարգված ու ջարդուփշուր արված, սուրբ մասունքներն աղբի հետ խառնված։
Ռուսական բանակն ինչ գտել՝ թալանել էր. տարել էին ոչ միայն թանկարժեք իրերը, ոսկեղենն ու արծաթեղենը, այլեւ միաբանների ուտելիքը, հագուստեղենը, նույնիսկ նրանց համեստ կահ-կարասին։ Ինչպես կաթողիկոսն է գրում՝ «ոչ ուտելոյ բան էին թողեալ մեզ, ոչ նստելոյ եւ ոչ ագանելոյ»։
Այս կողոպուտից մի քանի օր անց Էջմիածին է այցելում Ֆաթալի շահը, որը երեք օր մնալով այստեղ՝ ոչ միայն եկեղեցին է կարգի բերում, այլեւ տեսնելով ռուսների հասցրած վնասի չափը՝ հրամայում է, որ կաթողիկոսարանն ու Վաղարշապատն առժամանակ ազատվեն հարկերից։ Եւ սա այն դեպքում, երբ հայության մի ստվար հատված կուրորեն լծվել էր ռուսական շովինիզմի սայլին։
1805 թ․ մարտին, Շիրակը (Շորագյալի սուլթանություն) գրավելուց հետո, ռուսական զորքերը շարժվում են հարավ եւ մտնում Էջմիածին։ Գեներալ Նեսվետաեւը հանգրվանում է Էջմիածնի վանքում։ Մինաս Լազարյանին երկու հայ հոգեւորականների գրած նամակից տեղեկանում ենք, որ գեներալը փնտրել-գտել է վանքի թաքստոցները․ «բացեալ զամենայն զդրունս ծածուկ սենեկաց սրբոյ Աթոռոյն, ժողովեն զամենայն զօր ինչ գտանի, ուղղ ու ծուծն թալանեն»։
Ռուսները տանում են ամբողջ զարդեղենը, գոհարեղենը, հոգեւոր արարողությունների սպասքն ու հոգեւորականների թանկարժեք ոսկեկար հագուստները։ Նման կողոպուտների վանքը վաղուց չէր ենթարկվել։
Արշալույս Զուրաբյան