Գիտե՞ք, թե ինչու է մեր երկրում հաղթում պոպուլիզմը…
Որովհետև ԴՈՒՔ ԸՆՏՐՈՒՄ ԵՔ ԿԵՂԾԻՔԸ:
Որքանո՞վ ենք մենք պատրաստ լսել ճշմարտությունը: Ըստ իս, հենց այս չափն է որոշում հասարակության հասունությունը: Սա է բանաձևը՝ լավ ապրելու: Դուք լավ չեք ապրում, որովհետև կեղծիքի հիմնական առանձնահատկությունը՝ հենց չիրականանալն է: Երբ դուք ընտրում եք կեղծիքը, դուք ի սկզբանե ընտրում եք անիրականալին: Դուք, ըստ էության, զբաղվում եք ինքնախաբեությամբ:
Եթե դուք իսկապես ուզում եք լավ ապրել, դուք պետք է սովորեք տարբերել անկեղծն ու ճշմարիտը՝ սուտից ու կեղծիքից: Շատերը հարցնում են, ինչպե՞ս: Ախր ո՞նց իմանանք, ով է սուտ ասում, և ով ճիշտը: Նույնիսկ սկսում են պնդել, որ անհնար է տարբերելը:
Ես ունեմ դրա բանաձևը: Այդ բանաձևն ես օգտագործում եմ իմ անձնական կյանքում և կենցաղում, և, հավատացնում եմ ձեզ, այն երբեք ինձ չի հիասթափեցրել…
ԴԱՏԵՔ ԳՈՐԾԵՐՈՎ
ԴԱՏԵՔ ԱՐԱՐՔՆԵՐՈՎ
Կեղծիքը գոյություն ունի բառերի մեջ, խոսքի մեջ: Գործերն ու արարքներն են իրական:
Հիմա մի պահ պատկերացնենք, որ ռինգի կապույտ անկյունում կանգնած է մեկը, ով իր անձնական անցած ճանապարհով հասել է հաջողությունների, ով ունի դժվարությունների հաղթահարման համապատասխան փորձ, և նա ասում է հետևյալը.
«Հարգելի իմ ազգ: Մենք շատ քիչ միջոցներ ենք հատկացնում մեր կրթությանը և գիտությանը: Մի շարք ազգեր կարողացել են ապահովել տնտեսական հրաշքը: Նրանցից յուրաքանչյուրը գնացել է իր ուրույն ճանապարհով, բայց նրանց բոլորին միավորում է մեկ բան՝ ներդրումները կրթության և գիտության մեջ: Դրանք ներդրումներ են ապագայի մեջ: Այսօր պետք է ներդնել, որ ապագայում լավ ապրենք: Առանց դրա ճեղքում ապահովելն անհնար է: Մենք այդ ցուցանիշով այսօր բազմապատիկ անգամ զիջում ենք բոլոր զարգացած պետություններին: Ուստի մենք առաջարկում ենք բարձրացնել հարկերը, և այդ միջոցներն ուղղել կրթության և գիտության զարգացմանը, մեր և ձեր երեխաների ապագայի կերտմանը»:
Ռինգի կարմիր անկյունում էլ կանգնած է մեկը, ով ոչինչ չունի արած իր կյանքում, ով, երբևիցե, բացի իրենից, որևէ մեկի համար պատասխանատվություն չի կրել, ով մեկ քայլից ավելի հեռուն չի տեսնում, և նա հայտարարում է հետևյալը.
«Մենք կեռապատկենք թոշակները, կնվազեցնենք հարկերը, կմարենք պարտքերը…» և այլն:
Ու՞մ կընտրեք դուք: Ըստ ձեզ, այդ երկու կերպարներից ո՞վ է լուծելու մեր ազգի առջև ծառացած դժվարին խնդիրները:
Հիմարության բոլոր սահմանումներից ինձ ամենաշատը դուր է գալիս Էյնշտեյնի սահմանումը. «Ամենամեծ հիմարությունը, անընդհատ նույն բանն անելով, այլ արդյունք ակնկալելն է»: Ես հավատում եմ մեր ազգի հավաքական ինտելեկտին և գիտեմ, որ վաղ, թե ուշ, նա կկատարի այդ ճիշտ ընտրությունը, բայց լավ է վաղ, քան թե ուշ:
Եթե չեք ուզում, որ մեր երկրում հաղթի պոպուլիզմը, ապա առաջին հերթին փոխեք ձեր մոտեցումը և նոր միայն ակնկալեք այլ արդյունքներ:
ԴԱՏԵ՛Ք ԳՈՐԾԵՐՈՎ: ՄԻ՛ ԸՆՏՐԵՔ ԿԵՂԾԻՔԸ:
Նորայր Աղայանի ֆեյսբուքյան էջից