«Մի՞թե դարեր շարունակ հայի պայքարը հենց դրա դեմ չէր, որ հայկական հողում թուրքական մուղամ երբեք չհնչի». «Հանուն Արցախի» համազգային շարժման կանանց խորհուրդ
Advertisement 1000 x 90

«Մի՞թե դարեր շարունակ հայի պայքարը հենց դրա դեմ չէր, որ հայկական հողում թուրքական մուղամ երբեք չհնչի». «Հանուն Արցախի» համազգային շարժման կանանց խորհուրդ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, այսօր ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Մեհրիբան Ալիևայի` «Տելեգրամ»-ի էջում կատարած գրառմանը, նշել է, թե «աշխարհի տարբեր ժողովուրդներ կարողացել են հաղթահարել ավելի երկար տարիներ տևած պատերազմներ, կարողացել են հաղթահարել թշնամանքը, և այսօր չունեն սահմաններ, միևնույն տնտեսական միության մեջ են ապրում, ամենալավ բարեկամներն են. եթե դա հաջողվել է այլ եվրոպական ժողովուրդների, ինչո՞ւ չպետք է մեզ չհաջողվի»:

Տիկին Աննա, իսկ կարող եք նշել, թե այդ ո՞ր երկու սահմանակից պատերազմող երկրների օրինակն է ձեզ այդպես ոգեշնչել. միմյանց հետ պատերազմական իրավիճակում գտնվող այդ ո՞ր երկրների ղեկավարների կանայք են միմյանց հետ նստած ջերմորեն զրուցելով թեյ ըմպել և երաժշտություն լսել, երբ օրական սահմանում հրադադարի խախտման արդյունքում զինվորներ են զոհվել… Տիկին, երևի տեղյակ եք, որ երեկ ևս սահմանում զոհ ենք ունեցել:

Որքա՜ն հանճարեղ են Նժդեհի այն խոսքերը, թե մայրերի ափի մեջ պիտի փնտրել ազգի ճակատագիրը: Քանզի մայրերի սրտերի միջով են անցնում այս մեծ աշխարհի բոլոր փոթորիկներն ու խորշակները, որոտներն ու կայծակները:

Իսկ գիտե՞ք, տիկին, որ շատ մայրեր համարում են, որ մենք մեղավոր ենք, քանի որ բավականաչափ վճռական չենք՝ մեկի փոխարեն տասը հատուցելու համար, մեր հերոսներին վարկաբեկողներին ու ստորացնողներին՝ հանդուրժելու համար, ներսից մեզ պառակտողներին ու թուլացնողներին՝ մեկուսացնելու համար, մեր արժեքները քանդողներին ու պղծողներին՝ անկախ նրանց ով լինելու հանգամանքից, համարժեք գնահատական տալու համար, պատերազմող Արցախում ժողովրդի թալանողներին ու արտագաղթի պատճառ հանդիսացողներին՝ հանդուրժելու և խիստ պատասխանատվության չենթարկելու համար…

Եվ արդյոք դուք կարո՞ղ եք զոհված զինվորների մայրերին բացատրել, որ Ալիևայի հետ թեյ խմելն է այսօրվա հրամայականը, պատերազմի դադարեցման ու հաղթանակի ամրագրման նախապայմանը…

Արցախի հողը սրբազան է և դեռ շատ տաք՝ ոռոգված մեր հերոսների արյամբ: Եվ պատրա՞ստ է այդ հողն այսօր հանդուրժել մեր կյանքի իրավունքը պաշտպանած բազում հայորդիների արյունը թափած այդ թշնամու առաջին տիկնոջ ներկայությունն ու նրան ականջահաճո մուղամը: Դուք այս մասին Արցախի մայրերին հարցրե՞լ եք…

Իսկ եթե հանկարծ Ալիևան ընդունի առաջարկը և գա Արցախ, ինչպե՞ս եք պատկերացնում արցախցիների, առավել ևս որդեկորույս մայրերի հոգեվիճակը: Ի՞նչ կզգան բոլոր նրանք, ովքեր հարազատներ են կորցրել պատերազմում: Չկա մի հայ, ով իր վրա զգացած չլինի պատերազմի արհավիրքները: Եւ երբ 90-ականների վերքերը դեռ չէին հասցրել սպիանալ, ապրիլյան պատերազմը, որն աչքի ընկավ թշնամու անմարդկային վայրագությամբ( գլխատում, անդամահատում), նոր վերքեր բացեց հայ ժողովրդի սրտում: Որքանո՞վ է ճիշտ, որ հայրենասիրական երգերով մխիթարվող զոհվածների մայրերն ու զավակներն իրենց հարազատների արյամբ ազատագրված հողում տեսնեն թուրքական մուղամ վայելող Մեհրիբան Ալիևային: Եւ մի՞թե դարեր շարունակ հայի պայքարը հենց դրա դեմ չէր, որ հայկական հողում թուրքական մուղամ երբեք չհնչի:

«Հանուն Արցախի» համազգային շարժման կանանց խորհուրդ



Նման նյութեր