Սկանդալ Մոսկվայի ծննդատանը. ինչի համար են կալանավորել նախկին հայ վարիչին. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Սկանդալ Մոսկվայի ծննդատանը. ինչի համար են կալանավորել նախկին հայ վարիչին. armeniasputnik.am

Սավելովյան դատարանը կալանավորել է №27 ծննդատան Մոսկվայի մասնաճյուղի նախկին վարիչ Մարինա Սարմոսյանին, որը մեղադրվում է անբարեխղճության և անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայություններ մատուցելու համար։ Այս մասին հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը։

Պարբերականի տվյալներով՝ Սարմոսյանի գործում այժմ 4 դրվագ է նշված։ Այսպես՝ ծննդկաններից մեկը, որի անունը Տատյանա է, պատմել է, որ իր ծննդաբերությունն անցկացվել է վարիչի հսկողության տակ, աղջիկը ծնվել է նորմալ և առողջ։ Ծառայությունների դիմաց նա վճարել է 160 հազար ռուբլի։ Սակայն երեխային վարակել են, ինչը սեպսիսի է հանգեցրել։ Մոր խոսքով` երեխային «պարզապես թողել են, որ մահանա»։

Մոսկվայի բնակիչ Միլենայի որդին մահացել է անցած տարվա աշնանը։ Նա խնդրել էր իրեն կեսարյան հատում անել, սակայն բժիշկներն այլ կերպ էին որոշել։ Մեկ այլ տուժած` Մարիան, հայտարարել է, որ իր որդին հաշմանդամ է դարձել, էպիդուրալ անեսթեզիայի ժամանակ դեղորայքի չափից մեծ չափաբաժին կիրառելու պատճառով։

Չորրորդ դրվագը կապված է այս տարվա ապրիլին առաջնեկ տղայի հիվանդության հետ։ Ինչպես պատմում է երեխայի հայրը` Կիրիլը, նորածնին ստրեպտակոկով են վարակել։ Դա մենինգիտի է հանգեցրել, երեխան արդեն կես տարի է անգիտակից վիճակում է։ Ինչպես նշել է Կիրիլը, երեխայի հետ կատարվածից հետո ապրումներից մահացել են երեխայի պապն ու նախատատը։

Քաղաքացիները բողոք են ներկայացրել իրավապահ մարմիններին, քրեական գործ է հարուցվել։

Այդ միջադեպերից հետո հայտնի է դարձել, որ Սարմոսյանին և մյուս բաժինների վարիչներին աշխատանքից ազատել են։ Սարմոսյանը միջնորդել է տնային կալանքը որպես խափանման միջոց իր նկատմամբ կիրառելու համար, սակայն դատարանը որոշել է նրան երկու ամսով կալանավորել, այսինքն՝ մինչև 2020 թվականի փետրվարի 6-ը։

armeniasputnik.am