Լույս դեկտեմբերի 9-ի գիշերը 4,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել իտալական Տոսկանայում՝ Ֆլորենցիայից ոչ հեռու: Այդ մասին հայտնել է Գեոֆիզիկայի և հրաբխաբանության ազգային ինստիտուտը:
Ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 04:37-ին (Երևանի ժամանակով 07:37-ին): Դրա էպիկենտրոնը գտնվում էր Ֆլորենցիայից 25 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում՝ Սկարպերիա-Է-Սան Պիեռո և Բարբերինո-դի-Մուջելո կոմունաների միջև, օջախը 9 կիլոմետր խորության վրա էր: ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 4,8:
Ստորգետնյա ցնցումները խուճապ են առաջացրել, բազմաթիվ բնակիչներ լքել են իրենց տներն ու փողոց դուրս եկել:
Tgcom24 հեռուստաալիքի տվյալներով՝ ցնցումների հետևանքով վնասվել է մի քանի շենք: Բորգո-Սան Լորենցո, Բարբերինո-դի-Մուջելո և Վիկիո կոմունաներում որոշում է ընդունվել դեկտեմբերի 9-ին փակել դպրոցները:
Ինչպես գրում է Repubblica թերթը, տարածաշրջանում դադարեցված է երկաթուղային երթևեկությունը, այդ թվում՝ չեն երթևեկում ճեպընթացները Ֆլորենցիայի և Բոլոնիայի միջև: