Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հերթական խայծը կուլ տվեցինք: Մի կին Ռուսաստանի Դումայից արտահայտեց իր կայսերական երազանքը՝ բոլոր հետխորհրդային երկրներում ռուսերենը դարձնել պետական լեզու: Եվ այդ զառանցանքը մենք ջանասիրաբար տարածեցինք, դարձրեցինք օրակարգային հարց, ինքներս մեզ գլխացավանք սարքեցինք, բան ու գործ թողած սկսեցինք արհեստածին պրոբլեմի դեմ պայքարել (ոչ վրացիները, ոչ լատիշները, ոչ մոլդովացիք բանի տեղ չդրեցին, բայց մենք միանգամից խառնվեցինք):
Վաղն էլ այնտեղից մի հիմար կասի, որ հայկական ազգանուններս պիտի ՈՎ-ով վերջանան, կամ բոլորս ռուս ուղափառ եկեղեցու հետեւորդներ պիտի դառնանք: Ու պիտի զայրույթից գլուխներս պատով տա՞նք: Հո՞ ցեղախումբ չենք, բարեկամներ:
Ասածս է՝ մի՞գուցե փորձենք անտեսել նման սադրանքները, տեսական ախմախությունը իրական վտանգ չդարձնենք: Մարդիկ տրանսպորտում, տներում արդեն քննարկման թեմա են դարձրել, թե բա շուտով ռուսերենը պետական լեզու են դարձնում: Մեզ դրսից մանիպուլյացիայի զոհ դարձրեցին հերթական անգամ: Զգոն մի քիչ լինենք…»: