«Հայ արձակագիր, հրապարակախոս Հրանտ Մաթևոսյանի հիշատակի օրը ` դեկտեմբերի 18-ին, նրա հարազատները, գործընկերները, մաթևոսյանական գրականության սիրահարները այցելեցին Երևանի Կոմիտասի անվան զբոսայգու հայոց մեծերի պանթեոն` ծաղիկներ խոնարհելու մտավորականի շիրիմին:
Գրողի որդու` «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնի տնօրեն Դավիթ Մաթևոսյանի բնորոշմամբ` արձակի որակն է գաղտնիքը մաթևոսյանական ստեղծագործությունների, հասարակ մարդու ինտելեկտի, թողած ժառանգության: Նրա մեկնաբանմամբ` այսօր Հայաստանն ունի մշակութային հեղափոխության հրամայական, որի անկյունաքարերից մեկը Մաթևոսյանի թողած ժառանգություն է. «Եթե սիրում ես ընթերցել, գրագետ ես` ի բնե, թե կրթությամբ, Մաթևոսյանի թողած ժառանգության մեջ այսօրվա և ապագայի խոսք կտեսնես: Դա հարատևող խոսք է: Մի խոսք, որը այսօր էլ է արդիական, և մի հիսուն տարի հետո էլ է արդիական լինելու: Գուցե, Մաթևոսյանի թողած հրապարակախոսության ժամանակահատվածը, այն համակարգը, այն աշխարհը, որում նա ապրել և ստեղծագործել է` մոռացվի գնա, գուցե կենցաղի շատ ու շատ բաներ, բարբառային բառեր, շատ փոխհարաբերություններ, մարդկային ինչ-որ առնչություններ այլ կերպ լինեն, բայց իր խոսքը կմնա հարատևող: Մաթևոսյանական այն հսկայական ժառանգությանը պետք է տեր կանգնենք»:
Դավիթ Մաթևոսյանը նկատում է ` շատ վատ գիտեն Հրանտ Մաթևոսյանին: Ստեղծագործությունը առժևորում են, սիրում են, բայց նրան չգիտեն. «Դա չընթերցված խոսք է: Առհասարակ, մեր ամբողջ գրականությունը իրականում ընթերցված չէ: Թումանյանի դառը խոսքը հիշում ենք` մենք ունենք լեզու, որով չենք խոսում…Այս խոսքերը առօրեական են այսօր, առօրեական են լինելու նաև վաղը: Մշակութային հեղափոությունը սա է: Մենք մեկ անգամ «փրկվեցինք» այբուբենի գյուտով: Այսօր, ինտեգրացիայի, այս գլոբալիզացիայի դարում իսկապես մեր առջև մշակույթային հեղափոխության մարտահրավեր է լինելու, որը արագ, հետևողական լուծման կարիք է ունենալու»»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: