Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը մանրամասներ է ներկայացրել Թալիշի դպրոցի և մանկապարտեզի վերանորոգման աշխատանքների աջակցության հիմնադրամի աշխատանքներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, պատգամավորը նշել է, որ հիմնական աշխատանքները տեղում կատարվելու են, իսկ բոլոր նրանք, ովքեր ցանկանում են, կարող են իրենց մասնակցությունն ունենալ այդ կարևոր գործում:
«Մենք աջակցելու ենք մեր կողմից: Ովքեր ցանկանում են, մասնակցում են: Մասնակիցների մեջ կան թոշակառուներ, ուսուցիչներ, ուսանողներ, Սփյուռքի ներկայացուցիչներ, տարբեր կազմակերպություններ, որոնք ցանկանում են կատարել մեծածավալ ներդրումներ և իրենց միջոցներն ուղղել այդ ֆոնդին: 1000 դրամից մինչև 500.000 դրամ անձնական ներդրումներ են կատարվել: Օրինակ Էդուարդ Շարմազանովը, Վահրամ Բաղդասրյանը, Գագիկ Մինասյանը, Խաչատուր Քոքոբելյանը, ես և էլի շատերը 500.000-ական դրամ ներդրում ենք կատարել, շատերը 20000-ական դրամ: Կարճ ասած՝ ցանկացածն ըստ իր հայեցողութ յան, կամավորության սկզբունքվ կատարել է ներդրում››,- մանրամասնեց Գագիկ Մելիքյանը՝ հավելելով, որ կան մարդիկ, ովքեր վերցրել են հաշվեհամարը և հայտարարություն են արել, որ մինչև 10.000.000 դրամի չափով ներդրում անպայման կանեն:
Գագիկ Մելիքյանը շնորհակալություն է հայտնում ողջ բնակչությանը, ժողովրդին, ովքեր ցանկանում են օգտակար լինել ու աջակցել Թալիշի դպրոցի և մանկապարտեզի վերականգնման աշխատանքներին: Պատգամավորը դժվարանում է հստակ ներկայացնել, թե հիմնադրամում որքան գումար է հավաքվել, քանի որ գումարի քանակն ամեն օր փոխվում է: Նա խոստանում է նախնական արդյունքները հրապարակելիս՝ գումարի չափի հետ հրապարակել նաև մասնակիցների ցուցակը: