Ուզում էի նկարիչ դառնալ, բայց լավ է, որ փոշմանեցի:
9 տարի գիշերօթիկում եմ ապրել: Ծնողներիս քիչ եմ հանդիպել: Արդյունքում, սովորել եմ ինքնուրույն որոշումներ կայացնել, պաշտպանվել:
Պատանեկան հասակում, երբ փող չունեի, կուտակում էի, իսկ հետո մեծ հաճույքով մսխում:
Սիրելիներս, ես սովորական երաժշտական պոռնիկ եմ:
Մարդիկ անդադար սիրում և հեռանում են, իսկ ես անդադար այդ մասին երգեր եմ գրում:
Երգը, ասես նոր շապիկ լինի: Օգտագործում ես, հետո դեն նետում:
Ռոդ Սթյուարթը, Էլթոն Ջոնը և ես ուզում էինք խումբ ստեղծել՝ «Մազեր, քիթ և ատամներ»՝ մեր պատվին: Բան չստացվեց, քանի որ չկարողացանք լեզու գտնել այդ բառերի առաջին տառերի հերթականության հարցում: Ես իհարկե կարծում եմ, որ ատամները պետք է սզբում լինեն:
Եթե վիճակված է վաղը մեռնել, չեմ ափսոսում: Իսկապես, արել եմ այն, ինչ կարողացել եմ:
Վաղվա համար եմ ապրում, թքած այսօրվա վրա:
Սիրում եմ խռպոտ ձայնս, ծխելու արդյունք է: Դրա համար էլ ծխում եմ:
Ինձ համար ամենաբարդը նոր կոստյումի ընտրությունն է: Նոր համերգ՝ նոր կոստյում:
Բեմում էքստրավերտ եմ, իսկ կյանքում… դա լրիվ այլ պատմություն է:
Չեմ սիրում ատամներս. ցցված են: Ուզում եմ ուղղել, բայց ժամանակ չունեմ: Մնացյալում, ես կատարյալ եմ:
Ես համերգներ չեմ ունենում, դա մոդայի ցուցադրություն է:
Ինչքան շատ խնդիրներ եմ ունենում, այնքան լավ են ստացվում երգերս:
Իմ սերը վտանգավոր է: Բայց ո՞վ է ուզում անվնաս սեր: Եթե ես երգ գրեի՝ անվնաս սիրո մասին, դուք կլսեի՞ք…
Շուտ եմ սիրահարվում, դրանից էլ հետո տանջվում եմ:
Կարող ես ամեն ինչ ունենալ, բայց էլի մենակ մնալ: Դա միայնակության տխուր դրսևորումներից մեկն է:
Հռչակն ինձ ամեն բան տվեց, բայց զրկեց հարատև հարաբերություններից:
Ես չեմ կարող ամեն բան թողնել և զբաղվել ջերմ հարաբերություններով, դրա համար էլ ինձ հետ հնարավոր չէ երկար ապրել:
Սերը ռուսական պտտախաղ է: Ոչ մեկը չի սիրում ինձ, սիրում են իմ փառքը:
Ես տղամարդուն չեմ կարող սիրել այնպես, ինչպես կնոջը:
Ես չունեմ իրական ընկերներ: Ինձ թվում է, երբ մոտ եմ թողնում մարդկանց, նրանք քայքայում են ինձ:
Այնքան փող ունեմ, որ կարող եմ հանգիստ աջս քաշել և ապրել, բայց չեմ կարող, մի բան պետք է անել: Էներգիան շատ է և ելքեր է փնտրում:
Երբ գագաթին ես, մի ճամփա կա՝ ներքև, իսկ դա ամենաբարդն է:
Ինձ 3-4 ժամ քունը հերիք է, լիցքավորվում եմ, և էլի՝ առա՛ջ:
Երջանկությունը չես գնի, բայց փողը կարող է օգնել:
Կուզենայի վիկտորիական ժամանակներում ապրել և շրջապատված լինել ընտիր քաոսով:
Երբ ֆիլմում ճոխ տուն էի տեսնում, ուզում էի ունենալ: Հիմա ունեմ: Բայց չեմ ուզում ապրել նման տան մեջ: Ինձ համար կարևորը նպատակն է, որին հասնելուց հետո, այն դառնում է անհետաքրքիր:
Իմ կտակում ես իհարկե, ընդգրկել եմ իմ ծնողներին, շներին, բայց մեծ մասը կտակել եմ Մերի Օսթինին:
Ժամանակակից արվեստը կնոջ նման է, եթե փորձեք այն հասկանալ, ոչ մի հաճույք չեք ստանա:
Ես չեմ ուզում աշխարհը փոխել: Կարևորը՝ երջանկությունն է: Ուզում եմ վայելել և սիրել կյանքը մինչև վերջին օրը:
Ինչ եմ անելու 20 տարի անց: Մեռած եմ լինելու:
Որքան մեծ, այնքան լավ: Եվ այդպես բոլոր հարցերում:
Մայքլ Ջեքսոնի հետ լավ ընկերներ էինք: «Թրիլլեր»-ից հետո մեկուսացավ, գնաց իր ամրոցը և այլևս չի երևում ասպարեզում, տխուր է:
Գրեթե գիրք չեմ կարդում, ժամանակի անտեղի կորուստ է, գիտեմ, շատերը կուզեն սպանել ինձ դրա համար:
Լրագրողներին թվում է ես վայրենի եմ, իսկ մյուս քուինները խելոք, հանդարտ: Այդպես չէ: Ես այնպիսի բաներ կարող եմ Բրայան Մեյից պատմել…
Համերգից հետո մեզ 4 լիմուզին է սպասում: Նստում ենք մեր մեքենաները և չքվում, ամենքն իր ճանապարհով:
Մամուլն ինձ ատում է, և դա փոխադարձ է:
Երբեք չեմ ուզել, որ թերթերն իմ մասին գրեն. «Օ, գիտեք, թե նա որքան լավն է»: Իմ հոգին երկու կողմ ունի. լուսավոր և մութ:
Ամեն օր փոխվում եմ, ասես քամելեոն լինեմ: Չեմ սիրում կրկնվել:
Պատահում է, որ ինքս ինձ համար թեյ եմ եփում՝ դաժան, ծանր աշխատանք է:
Չեմ ուզում դրախտում հայտնվել: Գերադասում եմ դժոխքը: Գիտեք, թե ինչքան շատ են այնտեղ հետաքրքիր մարդիկ:
Ինձ չի հուզում, արդյոք երկար կհիշեն ինձ մեռնելուցս հետո: Իմ գործը չէ: Մեկ է չեմ լինելու:
Ամենևին չեմ ուզում ապրել մինչև 70 տարեկանը: Ձանձրալի է:
Մեզ այդպես էլ չթողեցին Ռուսաստան: Կարծում էին, որ այնտեղի երիտասարդներին կայլասերենք:
esquire.ru
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը