Ղարաբաղյան հակամարտության պատճառով իրենց տները կորցրած ընտանիքների համար Ամանորը դարձել է իրենց երբեմնի հայրենի տունը հիշելու ամենամյա առիթ:
31 տարի է անցել հակամարտությունից և հազարավոր տեղահանված ընտանիքներ այս ընթացքում փորձել են նորից վերակառուցել իրենց կյանքը: Տարբեր վայրերում և հարյուրավոր կիլոմետրեր իրարից հեռու ապրող երկու ազգությունները միավորվում են մեկ նմանությամբ՝ ամեն ինչը երկրորդ անգամ կորցնելու վախով:
Ադրբեջանական ընտանիքները տեղահանվել են Ղարաբաղից և հարակից 7 շրջաններից, որոնք այլևս Ադրբեջանի Հանրապետության ենթակայության տակ չեն:
Մինչ Ադրբեջանի կառավարությունը վերաբնակեցրել է որոշ ընտանիքների, մնացածը մնացել են օդից կախ՝ բնակվելով ոչ սանիտարահիգիենիկ պայմաններում և անապահով տներում, ինչպիսին է Բաքվում գտնվող Բունյադ Սարադովի մեքենաշինական գործարանը:
Ոչ բնակելի շենքում 17 ընտանիք ապրում է արդեն 18 տարի: Մկները, առնետները,մողեսները դարձել են նրանց ամենօրյա հյուրերը՝ ազատ ել ու մուտ ունենալով բնակարան: Շենքի բնակիչները եկել են Զանգիլան (Կովսական), Քալբաջար (Քարվաճառ), Աղդամ (Ակնա) գյուղերից, որոնք այժմ գտնվում են հայկական զինված ուժերի հսկողության տակ:
Այս քարե շինությունը պարզապես ծածկ է դարձել նրանց գլխավերևում՝ մինչ օրս չփոխարինելով անցյալում թողած տները:
57 ամյա Ալբինա Մամմադովան հիշում է, թե ինչպես էր տարիներ առաջ Նոր տարին դիմավորում Քալբաջարի տանը,որն այժմ իրենից 447կմ հեռավորության վրա է գտնվում: Նախքան ձմեռը նրանք գնում էին բնական եղևնի, տնկում, խնամում և անհամբեր սպասում, թե երբ է այն մեծանալու, որպեսզի զարդարեն:
«Մենք զարդարում էինք այն բամբակով, կարծես թե ձյուն է տեղում, կախում էինք մի քանի ապակե խաղալիք: Ամանորին հարազատները հավաքվում էին սեղանի շուրջ, ուտում -խմում, ուրախանում և բինգո խաղում: Ամեն ինչ այնքան հրաշալի էր, բայց այժմ կարող ե՞նք եղևնի զարդարել այստեղ, երբ չկա տուն, չկա նաև տոն, հիմա կա անտունություն, վիշտ և տառապանք, ոչ մեկն այլևս տոնական տրամադրություն չունի», -ասում է Ալբինան:
Բաքվից գրեթե 500կմ հեռավորության վրա գտնվող Քյուրաթաղ գյուղում 60 ամյա Արինա Առաքելյանը նույնպես ապրում է իր կորցրած տան մասին հուշերով:
Արինան և իր ընտանիքի անդամները Բաքվում բնակություն հաստատած հայերից էին, ովքեր հակամարտության ժամանակ ստիպված հեռացել են:
Արինան ամուսնու հետ Բաքու էր ժամանել հարսանիքի հաջորդ օրը և 13 տարի անց՝ 1989 թ-ի փետրվարին, ամուսնու և 3 երեխաների հետ լքեց քաղաքը: Այնտեղ անցկացրած օրերը չմոռանալու համար Արինան իր հետ վերցրեց մի քանի իրեր, որոնք դարձել են հուշեր՝ բաժակ, գդալ:
Արինան հաճախ է երազում տեսնում Բաքվում թողած իր տունը, իրերը և ամեն օր վերհիշում իր այգին, հարևաններին և հին կյանքը: Մինչ օրս Արինան և նրա ընտանիքի անդամները պատրաստում են ադրբեջանական ուտեստներ, քաղցրավենիքներ, օրինակ շաքարբուրան:
«Նույնիսկ հիմա ես չեմ ուզում հիշել, թե ինչերի միջով ստիպված անցանք, ես պարզապես փակում եմ աչքերս՝ հիշելու միայն մեր ուրախ օրերը Բաքվում: Երբ Ղարաբաղյան շարժումը սկսվեց, մենք չէինք պատկերացնում, որ այն կարող է այսպիսի զարգացումներ ունենալ և շարունակվել մինչ օրս: Ես կորցրեցի ընկերներիս, հարևաներիս, գործընկերներիս ու տունս»,- պատմում է Արինան:
Ղարաբաղ վերադառնալուց հետո Արինայի ամուսինը զոհվեց ռազմական գործողությունների ընթացքում, և ընտանիքի համար դա մարտահրավեր էր՝ նոր կյանքին հարմարվելու համար:
Քյուրաթաղ գյուղում ջրի պակասը, երբեմն, նկատելի է դառնում, ջեռուցման համակարգ չկա, և գյուղացիները մինչ օրս շարունակում են տունը տաքացնել փայտե վառարաններով: Արինայի ընտանիքի եկամտի աղբյուրներից է նաև մեղվապահությունը:
«Ես վախենում եմ իմ երեխաների, թոռների և երիտասարդ սերունդների ապագայի համար: Ես վախենում եմ կորցնել ամեն ինչ երկրորդ անգամ: Այն ինչ ձեռք էինք բերել քրտնաջան աշխատանքի շնորհիվ, մեկ ակնթարթում պատերազմի ժամանակ կորցրեցինք: Այնքան դժվար է կորցնել հարազատ իրերը և այնուհետև շարունակել ապրել»,- պատմում է Արինան:
Գյուղի մեկ այլ բնակիչ 69 ամյա Էդիկ Գասպարյանը 16 տարեկան էր, երբ տեղափոխվեց Բաքու: 22 տարի հետո՝ 1988 թ-ի նոյեմբերին, էդիկը լքեց Բաքուն:
Պատերազմից հետո Էդիկը նոր կյանք է սկսում կառուցել նորից, ավերված տունն է սարքում,գտնում աշխատանք: Բայց շուտով նա սկսում է զգալ,որ կյանքի նոր փուլում, յուրաքանչյուր նոր քայլ կատարելիս նոր վախի զգացում է առաջանում:
Ամբողջությամբ՝ chai-khana.org