Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ժամանակ հրապարակվեց Սևանա լճում արդյունագործական ձկնորսության արգելքի հետ կապված միջոցառումների խստացման համատեղ ծրագիրը՝ ձվադրության շրջանում սիգ ձկնատեսակի բնական վերարտադրություն ապահովելու նպատակով:
«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ հանդիպմանը մասնակցում էին ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Աղասի Կիրակոսյանը, ՀՀ բնապահպանական տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը, «Սևան» զգային պարկ¦-ի տնօրեն Վարդան Վարդանյանը, ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչը, համայնքների ղեկավարներ, ձկնորսներ:
Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը ներկայացրեց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ ոստիկանության, ՀՀ բնապահպանական տեսչական մարմնի, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Գեղարքունիքի մարզպետարանի կողմից վավերացված համատեղ միջոցառումների ծրագիրը ՝ կապված Սևանա լճում ձկնորսության արգելքի միջոցառումների խստացման հետ: «Այս արգելքի խստացումը սահմանվել է, որպեսզի չվտանգվի սիգ ձկնատեսակի ձվադրության շրջանը, և ձկնորսներդ առաջիկա տարիների համար ևս որսի պաշարներ ունենաք: Վաղվանից Սևանա լճից դուրս են բերվում բոլոր որսացանցերը և լողամիջոցները, հսկողություն է սահմանվում լիճ տանող ճանապարհներին, շուկաներում, մայրուղիներում, բնակավայրերում: Մինչև 2020 թվականի հունվարի 20-ը ոչ միայն սիգի որսն է արգելվում, այլ նաև՝ վաճառքը: Այս տարի առաջին անգամ որսարգելքի միջոցառումներում ընդգրկված են ՊԵԿ-ը և բնապահպանական տեսչական մարմինը: Կարծում եմ, մենք կաշխատենք փոխըմբռնման և փոխհամագործակցության պայմաններում, որպեսզի ոչ մի կերպ Սևանա լճում չվտանգվի սիգի ձվադրության շրջանը: Օրինախախտման ամեն դեպք ունենալու է իր հետևանքները, ուստի կոչ ենք անում՝ զերծ մնալ ապօրինի քայլերից և հարգել միջոցառումների խստացման բոլոր պահանջները»,-խնդիրը ներկայացրեց Վարդան Մելիքյանը:
Միջոցառումների խստացման և ոլորտի կարգավորման հետագա քայլերի մասին խոսեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Մեր միջոցառումերի շրջանակն ընդգրկում է երկու հիմնական ուղղություն: Առաջին ուղղությունը վերաբերում է սիգի ձվադրության շրջանում ձկնորսության արգելքի հետ կապված միջոցառումների խստացմանը, երկրորդ ուղղությունը՝ Սևանա լճում արդյունագործական ձկնորսության կանոնակարգման և ապօրինի ձկնորսությամբ զբաղվողներին օրենքի դաշտ բերելու հետագա քայլերին: Հուսամ, որ բոլորդ ըմբռնմամբ կմոտենաք խնդրին և խստորեն կպահպանեք օրենքի պահանջը: Ինչ վերաբերում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության կանոնակարգմանը, ապա պետք է ասեմ, որ տևական քննարկումներից հետո այդ կարգն ընդունվել է կառավարության կողմից: Պետությունը երկու հիմնական պահանջ է դնում արդյունագործական ձկնորսությամբ զբաղվել ցանկացողների առջև . առաջին՝ ձկնորսություն իրականացնել միայն օրենքով սահմանված չափի որսացանցերով և ձվադրության շրջանում բացառել որևէ կարգի ձկնորսություն: Միաժամանակ հորդորում եմ համայնքների ղեկավարներին՝ բացատրական աշխատանք տանել ձկնորսությամբ զբաղվողների հետ և անել հնարավորը, որպեսզի միջոցառումների խստացման ծրագիրն անթերի կատարվի»,-շեշտեց Գնել Սանոսյանը: Հանդիպմանը մասնակից ձկնորսները խոստացան սահմանված ժամկետներում ապօրինի ձկնորսություն չիրականացնել և ամեն կերպ աջակցել խստացման ռեժիմի պահպանմանը:
Խոսրով Խլղաթյան