Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2019–ին պարզել է՝ Հայաստանում ամենատարածվածը անբարեխիղճ մրցակցությունն է՝ ուրիշի բրենդի կիրառում, սպառողի մոլորեցում։
Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ամփոփել է ընթացիկ տարին։ Հայտնել է, որ հանձնաժողովի կողմից իրականացված վարույթները 2019 թվականին ավելի շատ են եղել, քան 2018-ին: Հանձնաժողովն այս տարի պետական մարմինների նկատմամբ է պատասխանատվության միջոցներ կիրառել։
Գևորգյանը նշել է, որ կաթնամթերքի շուկայում խորը ուսումնասիրություններ են սկսում։ Կարագի ապրանքային խմբում անբարեխիղճ մրցակցության դրսևորում՝ բուսական յուղի տեսքով չի եղել, թթվասերի շուկայում պատկերը մտահոգիչ է։ Ինչպես այս, այնպես էլ մյուս ապրանքային շուկաների հիմնական խնդիրը սուպերմարկետներն են։
Կարագ, շաքար, կոնյակ, բենզին, գազ․ ապրանքային այս շուկաներում տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություններն ավարտել է։ Սա՝ ոլորտի մասին ամբողջական պատկերացում ունենալու համար է։ Կարագի ոլորտում անբարեխիղճ մրցակցության դրսևորում բուսական յուղի տեսքով հանձնաժողովը չի արձանագրել։ Ներմուծման կառուցվածքում առաջատարը «Ալեքս Հոլդինգ» ընկերությունն է։ Այս ընկերության մասնաբաժինը նվազել է 1 տոկոսով, այն գերիշխող դիրք ունի շուկայում։ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան ․
«Հայաստանում արտադրվող կարագի կառուցվածքում նույնպես փոփոխություն է տեղի ունեցել։ «Դուստր Մարիաննա»- ի մասնաբաժինն է նվազել, պատճառն ընդհանուր արտադրման ծավալի ավելացումն է` հայկական ընկերություններն այս տարի ավելի շատ են կարագ արտադրել, ընդհանուր արտադրողների քանակն է շատացել, ուստի նրանց մասնաբաժիններն են փոքրացել։ Սա դրական դինամիկա է։ Նաև արտահանում ենք, սակայն քիչ քանակով, և սա շուկայի վրա լուրջ ազդեցություն չի թողնում»։
Սպառողների համար կարագի շուկայում լավ նորություններ կան․ ՏՄՊՊՀ–ոմ կարգի գնի նվազում են արձանագրել
«Վերցրել ենք նորզելանդական կարագը և արձանագրել, որ 2018 թվականի հոկտեմբերից մինչև 2019 թվականի հոկտեմբեր գինը նվազել է 200- 250 դրամով։ Այս կարագը ներմուծվում է գերիշխող դիրք ունեցողի կողմից»։
Շաքարի շուկայում խնդիրներն ավելի շատ են։ Գեղամ Գևորգյանը վստահեցնում է՝ Հայաստանում նույնպես շաքար արտադրվում է։ Ավելին` տեղական շաքարի ինքնարժեքը ներկրվածից բարձր է։ Պարզաբանում է՝ ՌԴ- ից մեծ քանակությամբ նույն որակի ցածր գնով շաքար է ներկրվել Հայաստան։
« 4 սուպերմարկետում ուսումնասիրել ենք ու արձանագրել, որ 2017թվականի 391դրամից իջել է 223 դրամ, հիմա 209 դրամով էլ ենք տեսնում։ Սա այնքան էլ ուրախացնող չէ, քանի որ միջին կշռված ինքնարժեքը Հայաստանում բարձր է։ Կարծում ենք, որ հունվարին շաքարը կթանկանա, քանի որ իջեցումը բնական չէ»։
Առաջիկայում ԵԱՏՄ կարգավորումներով մաքսատուրք է կիրառվելու երրորդ երկրներից ներմուծվող շաքարի ու շաքարեղեգի հումքի վրա։ Եթե համապատասխան միջոցներ չձեռնարկվեն, ապա, Գևորգյանի խոսքով, Հայաստանում շաքար արտադրելը ձեռնտու չի լինելու։
Կոնյակի շուկայում նույնպես ուսումնասիրություններ են կատարել՝ բաժանել են շուկան երեք մասի՝ 3–5 տարեկան, 5–10 և 10 տարեկանից բարձր։ Հիմնական խնդիրները 3–5 տարեկան արտադրության կոնյակի շուկայում են
«Արտահանման ծավալի մեծացում ունենք, այստեղ մենք հորդորել էինք տնտեսվարողներին, որ անբարեխիղճ մրցակցություն չլինի։ Որպեսզի հայկական բրենդի վարկաբեկում չլինի, հաջորդ տարի ստուգումներ ենք իրականացնելու։ Մենք արդեն ունենք փաստական հանգամանքներ։ Այն ընկերությունները, որոնք մեզ թվերի առումով ոչ հավաստի տվյալներ կտրամադրեն, ապա միանշանակ պատասխանատվության կենթարկվեն»։
18 ընկերություն Հայաստան դիզելային վառելիք է ներմուծում։ Ծավալային առումով, սակայն, լուրջ փոփոխություններ չկան։ Ամենաշատը վառելիք ներկրվել է ՌԴ–ից։ Մինչդեռ բենզինի շուկայում կենտրոնացվածությունը մեծ է՝ ըստ ՏՄՊՊՀ նախագահի:
ԱԳԼՃԿ–ներում պարզել են՝ խորանարդ մետրից կիլոգրամի անցնելուց հետո տնտեսվարողները վնասներ չեն կրել, հիմնական խնդիրն այստեղ պահանջներին չհամապատասխանեցնելն է․
«Երբ որ մենք ասում ենք 200 մթնոլորտային ճնշման գազ, ուսումնասիրության ընթացքում ունեցանք դեպքեր, որ պահանջները չէին կատարում»։
Հանձնաժողովն այս տարի պետական մարմինների նկատմամբ պատասխանատվության միջոցներ է կիրառել: Մասնավորապես՝ դատական դեպարտամենտի, առողջապահության նախարարության, ոստիկանության նկատմամբ: Գեղամ Գեւորգյանը տեղեկացրեց, որ խախտումները, ըստ էության, մեծ չեն եղել, սակայն հանձնաժողովը ցույց է տալիս, որ տնտեսավարող սուբյեկտները կարող են նաև պետական մարմինների դեպքում համապատասխան միջոցների դիմել: Ներկայում հանձնաժողովը պետական գնումների ոլորտում մեծածավալ աշխատանք է իրականացնում:
armradio.am