Հայերեն թարգմանությամբ հրաշալի մուլտֆիլմեր կան: Արձակուրդի ընթացքում երեխաները սրտների ուզածի չափ կդիտեն: Բայց այդ մուլտֆիլմերը, ցավոք, անսխալ հայերենով չեն:
Ներկայացնում ենք նկատված լեզվական սխալներից մի քանիսը:
«Դեպի վեր» մուլտֆիլմում լսում ենք. «- Դու երբեք ճամբար չե՞ս գնացել:- Այո, բայց դրսում չեմ գիշերել»: «Չե՞ս գնացել» հարցին բացասական պատասխան չեն տալիս՝ ասելով «այո»: Այս դեպքում ճիշտ կլիներ պատասխանել. «Գնացել եմ, բայց դրսում չեմ գիշերել»:
«Իմ ու Գոմփոյի միջև վերքերը շատ խորն են»,- լսում ենք «Կոշկավոր կատուն» մուլտֆիլմում: Բայց վերքերը Կոշկավորի ու Գոմփոյի միջև չեն: Վերքերն առհասարակ միջև չեն լինում: Ճիշտ է՝ «Իմ ու Գոմփոյի սրտում վերքերը շատ խորն են», «Իմ ու Գոմփոյի մեջ վիրավորանքը շատ խորն է» և այլն:
Երեխաների սիրելի «Մադագասկար» մուլտֆիլմում, երբ առյուծը բնազդաբար կծում է զեբրին, նա հուզված հարցնում է. «Հետույքս որպես աղա՞նդ»: Աղանդը եկեղեցու ընդունված դավանանքից շեղվող կրոնական ուսմունքն է: Պարզ է, որ մուլտֆիլմում խոսքը աղանդերի՝ ճաշից հետո մատուցվող թեթև ուտելիքի մասին է:
Իսկ ահա հմայիչ կանաչ հսկայի՝ Շրեկի մասին համանուն մուլտֆիլմում լսում ենք. «Կափսոսա այն օրվա մասին, երբ խլեց իմ թագավորությունը»: Նախ՝ ափսոսում են ոչ թե մասին, այլ համար: Բացի այդ՝ ափսո՞ս էր արդյոք թագավորությունը խլելու օրը: Պարզապես պետք էր թարգմանել՝ «Կզղջա, որ խլեց իմ թագավորությունը»: