Ձմռանը գլխուղեղի և սրտի կաթվածի հավանականությունն ավելի մեծ է, քան տարվա մյուս եղանակներին. արյունատար անոթները նեղանում են, ինչը ռիսկի խմբի մեջ մտած մարդկանց մոտ կարող է մի ամբողջ շարք խնդիրներ առաջացնել: Կարծիք կա, որ ավելի քան 10 աստիճանով ջերմաստիճանի նվազումը կաթվածի հավանականությունը 12-18 տոկոսով մեծացնում է:
Ի՞նչ կարելի է անել ձմռանը կաթվածից և այլ խնդիրներից պաշտպանվելու համար:
Ներկայացնում ենք մի քանի խորհուրդներ, որոնց հանձնարարվում է հետևել.
- Աշխատեք առողջ սննդակարգի հետևել. խուսափեք վնասակար մթերքներից, որոնք մեծ քանակությամբ ճարպ և շաքար են պարունակում, վերահսկեք կարմիր մսի և աղի ուտելիքի քանակությունը:
- Աշխատեք օրվա ընթացքում բանջարեղեն և մրգեր շատ ուտել:
- Պահպանեք առողջ քաշ. մարմնի զանգվածի ինդեքսը 25-ից փոքր չպետք է լինի:
- Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը պետք է պարբերական լինի՝ շաբաթական 150 րոպեից ոչ քիչ
- Վերահսկեք արյան մեջ խոլեստերինի մակարդակը:
- Զարկերակային ճնշումը պահպանեք նորմայի սահմաններում՝ ս.ս. 120/80 մմ:
- Վերահսկեք արյան մեջ գլյուկոզայի մակարդակը:
- Եթե ծխող եք, հնարավորինս արագ ծխելուց հրաժարվեք:
Ի՞նչ ախտանշաններ կարող են ցույց տալ կաթվածը:
- Մի կողմի թեքված դեմքը. սա առանձնապես նկատելի է, երբ մարդը փորձում է ժպտալ:
- Թևի թուլացում: Երբ կաթվածով մարդը սովորաբար չի կարողանում երկու թևերը միաժամանակ վեր բարձրացնել:
- Խոսքի դժվարություններ. այն անհոդաբաշխ և անհասկանալի է դառնում:
- Վերջույթների անսպասելի կարկամում կամ զգայունության կորուստ:
- Անսպասելի շփոթվածություն, ապակողմնորոշում կամ անտեղի բառեր և ռեպլիկներ:
- Մեկ կամ երկու կողմից տեսողության անսպասելի կորուստ:
- Անսպասելի գլխապտույտ կամ քայլելիս հավասարակշռության կորուստ:
Կաթվածի կասկածի դեպքում անհրաժեշտ է շտապ օգնություն կանչել և պացիենտին տանել հիվանդանոցներից մեկը, որտեղ զբաղվում են կաթվածի բուժմամբ: Երևանում դա Առաջին համալսարանական հիվանդանոցն է և «Էրեբունի» բժշկական կենտրոնը: