ՀՀ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագծերի փաթեթին, որը կարգավորում է Հայաստանում տիեզերական գործունեությունը, այն ներառում լիցենզավորման ենթակա գործունեությունների շարքում, տրամադրում հարկային արտոնություններ:
«Տիեզերական գործունեության մասին» օրենքի նախագիծը և կից ներկայացված օրենքներում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը նիստում ներկայացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։
«Տիեզերական գործունեության մասին» օրենքի նախագծով կարգավորվում են ՀՀ-ում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են տիեզերական գործունեության, տեխնիկայի, օբյեկտների, ենթակառուցվածքների և տարածության հասկացությունները, սկզբունքները, ինչպես նաև սահմանվում են կառավարության և լիազոր մարմնի լիազորությունները: Նախատեսվում է տիեզերական գործունեությունը ներառել լիցենզավորման համար ենթակա գործունեությունների շարքում»,-ասաց Արշակյանը:
Կից ներկայացված օրենքների նախագծերով կարգավորվում են նաև մի շարք այլ հարցեր: Մասնավորապես, առաջարկվում է տիեզերական գործունեությունն իրականացնողներին տրամադրել հարկային արտոնություն, որպեսզի այդ ոլորտում գործող ընկերությունները տնտեսական գործունեություն ծավալեն ՀՀ-ում՝ ավելի մեղմ կարգավորումներով երկրներ փնտրելու փոխարեն: Առաջարկվող փաթեթի համաձայն՝ տիեզերական օբյեկտները եւ տեխնիկան ենթակա են պարտադիր գրանցման եւ պետք է պարունակեն Հայաստանի Հանրապետությանը վերջիններիս պատկանելիությունը հաստատող նշումը: Նախատեսվում է նաև տիեզերագնացների, տիեզերական ենթակառուցվածքների օբյեկտների աշխատակիցների կյանքի, առողջությանը կամ այլ անձանց կյանքին, առողջությանն ու գույքին պատճառած վնասի ռիսկի ապահովագրություն։
Արշակյանը տեղեկացրեց՝ ներկայում Հայաստանում տիեզերական գործունեությունը կանոնակարգված է միայն միջազգային իրավունքի նորմերով: Տիեզերական հետազոտությունների և արդյունաբերության համար անհրաժեշտ համարեց կարգավորել տիեզերական գործունեությունը և զարգացնել տնտեսապես շահավետ օգտագործման մակարդակով: