Դանակով զինված տղամարդը «Մոսկվա Սիթի» համալիրի աշտարակներից մեկի 13-րդ հարկում պատանդ է վերցրել մի կնոջ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ՆԳՆ մամուլի ծառայությանը։
Միջադեպը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը 13:00–ի սահմաններում։ Պատանդ կինը ֆինանսական կենտրոնի աշխատակից է։ Տղամարդը պահանջներ չի դրել։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներ, որոնք վնասազերծել ու ձերբակալել են տղամարդուն։ Նրան տեղափոխել են ոստիկանության բաժին, որտեղ նաև բժիշկներ կժամանեն։ Քրեական գործ է հարուցվել խուլիգանության հոդվածով։
Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։
Life Shot Telegram ալիքը հայտնում է, որ ձերբակալվածը Բելառուսի 36–ամյա քաղաքացի է, որը մեծ գումար է տանուլ տվել բորսայում և եկել էր վերադարձնելու գումարը։ Հանցագործության դրդապատճառները պարզվում են։